ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 12 июля 2011 г.

ԴՈՒՄԱՆ ԱՂԱԲԵԿ /մաս 2/

սկիզբը թիվ 16-ում
***
 Դուման Աղաբեկի կատարած սխրագործություններից մեկը առավել մեծ հնչեղություն է ունեցել:
 Այս անգամ պատմության սկիզբը Աղաբեկի ընկերոջ՝ Դադիկ Բադոյանի գերեւարությունն էր քուրդ թալանչիների կողմից.
 Բռնելով Դադիկին՝ թշնամին տանում է նրան Խոսրովի անտառին մերձակա գյուղերից մեկը, թալանում, հանում հագի շորերը եւ հանձնարարում մի քրդի, որ տանի ու սպանի: Վերջինս ստանձնելով այդ հրեշավոր գործը՝ տանում է Դադիկին մի ժայռի բաձունք եւ սպանելուց առաջ որոշում հանել տալ նաեւ կիսամերկ գերու հագի վերջին շապիկը:
 Երբ հագուստը հանելու նպատակով արդեն արձակվում են Դադիկի ձեռքերը, նա հասկանում է, որ այլեւս կորցնելու բան չունի, նետվելով թշնամու վրա,  նրա հետ միասին գլորվում է քարքարոտ ձորը: Ուժեղ հարվածից քարերի վրա ջախջախվում է քուրդ մարդասպանը, իսկ գերին, որ նրա վրա է ընկնում,՝ փրկվում է:

 Դադիկը անտառով փախչում է հարազատ Ձորագյուղ ու պատմում եղելությունը: Դուման Աղաբեկը, լսելով մահվան ճիրաններից մի կերպ փրկված ընկերոջ պատմածը, որոշում է վրեժխնդիր լինել: Նա ու Դադիկը, իրենց հետ վերցնելով Խաչատուր Տոնոյանին, բռնում են թշնամու որջ տանող ճանապարհը: Հասնելով տեղ, հայ քաջերը նրանց քթի տակից գողանում են վերջիններիս պատկանող ոչխարի հոտը՝ շուրջ 300 հատ, ու Դարալագյազի սարերով քշում Բասարգեչար եւ վաճառում:
 Քրդերն օրեր շարունակ սարեր-ձորեր ընկած փնտրում են հոտը, իսկ ավելի ուշ հասկանում կատարողների ով լինելը: Աղաբեկի հետեւից գալու եւ վրեժխնդիր լիելու համար արդեն եղանակները նպաստավոր չէին՝ ուշ աշուն էր եւ այն էլ՝ ձնառատ, բայց գարնան բացվելու հետ որոշում են անպայման արշավել Ձորագյուղ:
 1919 թվականի մարտի 1-ին շուրջ 25 հեծյալ օրը ցերեկով հարձակվում են գյուղի ու մասնավորապես Աղաբեկենց տան վրա: Դուման Աղաբեկը հասցնում է ժամանակին հեռանալ  եւ դիրք գրավել գյուղից 600-700 մետր հեռավորության վրա գտնվող ՙԿուզ պալի՚ բարձունքում, որտեղից հեշտ էր հետեւել քրդերին եւ հսկել իրավիճակը:
 Թալանչիները ջարդում  են Աղաբեկենց գոմի դուռն ու դուրս բերում անասուններին: Եվ երբ փորձում են հեռանալ, Աղաբեկն անվրեպ կրակոցով սպանում է հրոսակախմբի հրամանատարին: Քրդերը խուճապի են մատնվում ու սկսում են անկանոն կրակել այս ու այն կողմ: Սակայն թշնամիների միջից տարիքով մի մարդ, ով լավ գիտեր Աղաբեկի մասին, խորհուրդ է տալիս յուրայիններին հեռանալ՝ իրենց հետ տանելով միայն դիակը, ուրիշ ոչինչ:
 Այս պատմության վկայությունը հետագայում դիակի շուրջ հարուցված քրեական գործն է, որը պահպանվում է արխիվում: Իսկ 1997 թվականի մարտ ամսին այդ քրգործի մասին տեղեկատվությունը տպագրվել է ՙ02՚ շաբաթաթերթում:
Սամվել Հակոբյան
Համլետ Հակոբյան
  /շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More