ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՀԱՅՐԵՆԻՔԸ ՈԳՈՎ ՈՒ ԱՐԱՐՈՂ ՁԵՌՔԵՐՈՎ Է ԿԵՐՏՎՈՒՄ




Սամվել Մադոյանը մեր հող ու ջրի արժանավոր ու նվիրյալ զավակներից մեկն է՝ հարուստ հոգեկերտվածքով, հայրենասիրությամբ, աշխատանքային կենսագրությամբ ու վաստակով: Ծնունդով վարդենիսցի, մասնագիտությամբ կապի ինժեներ Սամվելն իր նորարարական ձեռնարկները սկսել է դեռեւս ԽՍՀՄ ժամանակներում՝ անցած դարի 60-ական թվականներին, Մոսկվայում, Կազանում եւ Հայաստանի տարբեր քաղաքներում: Կապի համակարգում ներդրած նորարարությունների համար 1984 թվականին նրան շնորհվել է ԽՍՀՄ վաստակավոր կապավորի եւ գյուտարարի կոչում: 1980-91 թվականներին նա եղել է Անդրկովկասյան հատուկ կապի վարչության պետը: Նա իր ներդրումն է ունեցել նաեւ Արցախյան ազատամարտում՝ ստեղծելով եւ ապահովելով կապի անխափան համակարգն այն ուղղություններում, ուր պաշտպանական կամ հարձակողական մարտեր է մղել Հայոց բանակը: Մինչեւ 2000 թվականը նա եղել է ՀՀ ԶՈՒ բանակային երկրորդ կորպուսի կապի ծառայության պետը: ՀՀ զինված ուժերից զորացրվելուց հետո որոշել է իր միտքը, փորձն ու գիտելիքները ծառայեցնել հայրենի երկրի վերաշինմանը: Նա իր ուժերն այս անգամ փորձարկել է ձեռներեցության ոլորտում՝ անցնելով բավական բարդ, դժվարություններով ու պրպտումներով լի մի ճանապարհ, ուր տարիների ընթացքում արդեն ներդրել է մի քանի տասնյակ միլիոն դրամ: Մոտ տաս տարվա համառ ջանքերից հետո նա հասցրել է ստեղծել չիչխանի հումքի վրա աշխատող սեփական ձեռնարկություն, ուր արտադրվում է չիչխանի յուղ, հյութ, թանձրուկ, անուշահամ գինի եւ օղի: Հյութը թանձրուկը եւ գինին շաքարի փոխարեն միախառնված են բնական մեղրով: Սրանով, փաստորեն, Վարդենիսի տարածքում լուծվում է նաեւ մեղրի իրացման խնդիրը: Բացառիկ տեխնոլոգիաներով արտադրվող այս արտադրատեսակները հաստատված եւ սերտիֆիկացված են ՀՀ Ստանդարտների ազգային ինստիտուտի կողմից՝ Սամվել մադոյանի հեղինակությամբ: Այժմ Սամվել Մադոյանը միջոցներ է որոնում՝ արտադրությունն ընդարձակելու եւ զարգացնելու համար: Նա բազմաթիվ գերատեսչություններ ու բանկերի դռներ է բախել՝ վարկ ստանալու համար: Ու չնայած մինչ այժմ արդյունքի չի հասել այդ ուղղությամբ, այդուհանդերձ, համոզմունք է հայտնում, որ իր ստեղծած արտադրությունը հեռանկար ունի, որ այն ոչ միայն ներքին, այլ արտաքին շուկաները կարող է գրավել, քանի որ այն ամբողջովին նորություն է ինչպես սննդի արդյունաբերության, այնպես էլ հայրենի գինեգործության պատմության մեջ: Հետաքրքիր է նաեւ այն, որ արտադրական բոլոր պրոցեսներն այստեղ, պտղի հավաքումից մինչեւ շշալցում ու փակում ընթանում են ձեռքով: Վարդենիս քաղաքում գրանցված ՙՍԱՄԷԼՈՆ՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը չիչխանի հումքի վրա արտադրության կազմակերպումը սկսել է դեռ 2008 թվականից: Սկզբնական շրջանում ընկերությունը տվել է փորձնական արտադրանք, զբաղվել փաստաթղթերի կազմմամբ եւ լիցենզիայի ձեռք բերմամբ: Իսկ մասսայական արտադրություն ընկերությունը տվել է 2009 թվականին` թողարկելով ութ հազար շիշ չիչխանի գինի: Թողարկված արտադրանքը լրիվ սպառված է մարզի եւ մայրաքաղաքի խանութներում, ինչը եւ նախադրյալներ է ստեղծել` արտադրությունը զարգացնելու համար: Երկու կիլոգրամ չիչխանի պտղից ստացվում է մեկ լիտր գինի: Պլանավորված է տարեկան հավաքել ու արտադրության համար պահեստավորել մինչեւ 120 տոննա հումք, որի վրա էլ կազմակերպվում է չիչխանի թանձրուկի, հյութի, յուղի, գինու եւ օղու արտադրություն: Նախորդ տարվանից պահեստավորված քանակությունից այսօր դեռ մնում է մոտ 15 տոննա հումք, ինչով եւ այժմ ընկերությունը շարունակում է արտադրել վերոնշյալ լիցենզավորված արտադրատեսակները: Փորձնական փուլում է գտնվում չիչխանի լիկյորի արտադրությունը: Տարեկան 120 տոննա չիչխանի հումքի վերամշակման դեպքում գործարանը կունենա 30 մշտական աշխատատեղ` 120-200 հազար դրամ միջին աշխատավարձով: Իսկ բերքահավաքի ժամանակ այստեղ կբացվի մինչեւ 300 ժամանակավոր աշխատատեղ: Ընկերության տնօրենը վստահ է, որ այս տարի իրենք կարտադրեն մոտ 50 հազար շիշ չիչխանի գինի: 0.750 լիտրանոց մեկ շիշ գինու գործարանային արժեքը կկազմի 2000 դրամ: Օղու մեկ շիշը կարժենա 3000, հյութի մեկ շիշը՝ 600, յուղի մեկ գրամը՝ 120, թանձրուկի մեկ կիլոգրամը՝ 2000 դրամ:
-Հայրենի հողը ոչ միայն պաշտպանող զինվոր է ուզում, այլ նաեւ աշխատող, ստեղծող ու քրտնաջան մշակ,- նշում է Սամվելը: Ես կարող եմ այս արտադրանքը հիմնել Հայաստանից դուրս, շատերի պես մեկնել իմ հայրենիքից եւ բախտ փնտրել դրսերում, մանավանդ որ այնտեղ կենսագրություն ունեմ, անցած ճանապարհ ու ընկերներ: Բայց եթե ամեն մեկս հավաքենք մեր ճամպրուկները, կամայացնենք եւ մեր զինվորների թիկունքը, եւ մեր բազմաչարչար հայրենիքը: Այստեղ մնալն ու պայքարելն հիմա, որքան էլ դժվար, ավելի քան պատվի ու հայրենասիրության գործ է: Ուստի հայրենի կառավարությունը պետք է մեզ հնարավորինս աջակից ու զորավիգ լինի: Ինչու չենք մտածում մեքենայացված արտադրության մասին: Հենց նրա համար, որ մեր արտադրությունում հնարավորինս շատ աշխատատեղեր լինեն, որ մարդիկ իրենց հող ու ջրի վրա ապրել ու ստեղծել կարողանան:
Խոսրով Խլղաթյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More