ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՑԵՂԱՅԻՆ ՈԳՈՒ ՎԵՐԱԴԱՐՁԸ

  Ապրիլի 15-ին Գավառի քաղաքային գրադարանում կազմակերպվել էր Հովհաննես Միրիբյան գրող, ռազմիկ, հայրենասեր եւ օրինակելի քաղաքացու ՙՃակատագրի դարբինը՚ գրքի շնորհանդես-քննարկումը: 
 Միջոցառումը յուրօրինակ էր իր բնույթով ու մատուցմամբ, որին մասնակցում էին Հովհաննես Միրիբյանի գրչակից, գաղափարակից եւ զինակից ընկերները: Զինակիցների թվում էին Գավառի տարածաշրջանի ազատամարտիկները, գաղափարակից ու գրչակից ընկերները՝ գրող, գեղանկարիչ Արեւշատ Ավագյանը, աստղագետ Գրիգոր Բրուտյանը, ՙՀանուն հայրենիքի՚ ՀԿ նախագահ Ներսես Ներսիսյանը, արեւելեագետ, հնէաբան եւ պատմաբան, հայկական ժայռապատկերների ուսումնասիրությամբ զբաղվող Զոհրապ Մուղդուսյանը, գնդապետ, Արցախյան ազատամարտի մասնակից, ՙՎերադարձ՚ երգուպարի համույթի ղեկավար Մայիս Դավթյանը՝ Գեւորգ Չաուշի եղբորորդին, երգիչ, կոմպոզիտոր, բանաստեղծ, ՙԱրատտա՚  համույթի ղեկավար Արսեն Համբարյանը: Միջոցառման սկզբում ներկայացվեց Հովհաննես Միրիբյանի քաղաքացիական ու մարտական կենսագրությունը: Այնուհետեւ գրադարանի ակտիվ ընթերցողների ու Գավառի պետական համալսարանի ուսանողների ընթերցումներով հնչեցին Հովհաննես Միրիբյանի հեղինակած ստեղծագործությունները:
 2002-2006 թվականների ընթացքում Գավառի քաղաքային գրադարանում գործունեություն ծավալած ստեղծագործողական ակումբում իր մեծ ներդրումի ու նվիրումի համար Հ. Միրիբյանին իրենց երախտիքն հայտնեցին ակումբի անդամները:
 Հանդիսատեսին հայտնի դարձավ նաեւ, որ նժդեհյան գաղափարներով տոգորված, հայրենիքի հոգսով ու ցավով  տառապող, իր երկրի ամեն մի շյուղով ու նվաճումով ապրող Հովհաննես Միրիբյանը իր ՙՃակատագրի դարբինը՚ գրքում արտահայտել է կյանքի ու աշխարհի, մարդու ու հայրենիքի, սիրո ու հուզական ներաշխարհի նուրբ ու խորին դիտարկումներն ու մտորումները:  Համադրելով իր ապրած ժամանակն ու հարուստ ներաշխարհը` Միրիբյանը ստեղծել է սերունդների համար ուսանելի գիրք՝ ներծծված ծով հայրենասիրությամբ եւ մարդասիրական ազնիվ գաղափարներով:  ՙՃակատագրի դարբինը՚ լույս է տեսել 2009 թվականին՝ հաջորդելով 2007 թվականին լույս ընծայված ՙՈվ Հայոց աշխարհ՚ գրքին:  Գրական ընթերցումներին հաջորդեց բուռն քննարկումը: Հովհաննես Միրիբյանի մարտական ընկերները պատմեցին իրենց պատերազմական օրերի մասին, այն  օրերի, երբ իրենք եղբայրակիցներ էին` բաց երկնի տակ` հոգու խորքում մեկ փափագ որդեգրած: Այդ կարճ ժամանակահատվածում գրադարանի պատերի ներքո վեր հառնեց անցած մարտական օրերի աննկուն հոգին` հաղթանակի ու հպարտության զգացումով պարուրելով բոլորին:
 Հայրենիքին հավատարիմ որդու մարտական ոգին էլ ավելի վսեմացավ, երբ Հովհաննես Միրիբյանի գաղափարակից ընկերները սկսեցին մեկը մյուսի հետեւից հնչեցնել Կոմիտասի հոգեւոր շարականները եւ ազգագրական-հայրենասիրական երգերը: Ռազմի երգերը, բերնեբերան անցնելով ու դառնալով խմբերգ՝ հավաքվածների հոգին լցրեցին միաբանության, հայասիրության, ազգապահպանության, մարդասիրության ջերմ զգացումներով: 
 Յուրօրինակ այս հավաքույթը ոգեղեն սնունդ էր բոլոր մասնակիցների համար, իսկ ռազմիկներն իրենց հուշերի հետքերով տեղափոխվեցին մարտի դաշտ ու անցյալի հերոսացած օրեր: 
 Հանդիպումը տեւեց երկար: Հավաքվածների համար հանդիպելու, շփվելու  ու իրենց կարոտներն առնելու համար եզակի հնարավորություն էր ստեղծվել: Միջոցառման մասնակիցները հեռացան գոհ ու բավարարված, հեռացան կարոտներն առած, բայց  նորից հանդիպելու ակնկալիքով:
 Օր կա, որ մի աշխարհի ու դարի արժեք ունի: Եվ այդ օրվա այդ ժամերին երջանիկ դիպվածով հավաքվել էին բյուրեղյա հոգու եւ մտքի տեր մարդիկ՝ ջնջելու ոգու քաղցը եւ տարածելու մեր մեծերի ստեղծած անուրանալի, վիթխարի արժեքները՝ Կոմիտասյան երգի, Վարուժանի բանաստեղծութան, Նժդեհյան փոթորկաշունչ խոսքի, ֆիդայական ռազմաշունչ երգերի տեսքով: Եվ ակամայից գրքի քննարկումը վերածվեց հայրենանվիրության անվերջանալի դասի, ցեղային ոգու վերադարձի դասի:
Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More