ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿԸ ՈՒՐԱԽՈՒԹՅԱՆ, ՈՉ ԹԵ ՏՐՏՄՈՒԹՅԱՆ ՈՒ ԹԱԽԻԾԻ ՏՈՆ Է


 Մեռելոց հիշատակին նվիրված օրը հաջորդում է հայկական եկեղեցու հինգ գլխավոր տոներից յուրաքանչյուրին՝ Սուրբ Ծնունդ եւ Աստվածահայտնություն, Սբ. Հարություն, Քրիստոսի Պայծառակերպության (Վարդավառ), Վերափոխումն Սբ. Աստվածածնի, Խաչվերաց։
 Ապրիլի 24-ին հայ ժողովուրդը տոնեց Հրաշափառ Հարության կամ Լուսավոր Զատիկի տոնը: Այն խորհրդանշում է Հիսուս Քրիստոսի հարությունը մեռելներից: Այն Քրիստոսի Հարության տոնն է: Հայ եկեղեցու Հարության շարականների` հոգեւոր երգերի նկարագրությամբ` ՙբացեց երկնքի դռները եւ անուշահոտություն բուրեց աշխարհում` ցույց տալով ճանապարհը նորոգման, եւ կենդանություն պարգեւեց մարդկային ցեղին՚: Պողոս Առաքյալը կորնթացիներին ուղղված իր առաջին թղթում գրում է. ՙԵւ եթէ Քրիստոս յարութիւն չի առել, ի զուր է մեր քարոզութիւնը, ի զուր է եւ ձեր հաւատը: Եւ Աստծու սուտ վկաները եղած կը լինենք՚ (Կորնթ. 15: 14-15): Ամբողջ քրիստոնեական հավատքը խարսխված է Քրիստոսի հարության հավատքի վրա: Հարությունը Քրիստոսի փրկագործական առաքելության պսակումն է, որով վերջնականապես մարդուն տրվում է աստվածապարգեւ շնորհ՝ մեղքի կապանքներից ազատում: Եւ պատահական չէ, որ Տիրոջ Հարության տոնը մեր հայրերի կողմից կոչվել է տոն տոնից` տոների տոն:



 Այն ուրախության տոն է, որովհետեւ այդ օրը Քրիստոս հաղթեց մարդկությանը անհաղթահարելի թվացող ամենամեծ իրողությանը` մահին՝ նույնը մարդկությանը խոստանալով: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին: Լուսավոր Զատիկի օրը քրիստոնյաները շնորհավորում են միմյանց ՙՔրիստոս հարյավ ի մեռելոց, օրհնյալ է հարությունը Քրիստոսի՚ խոսքերով: Քրիստոսի հարությունը Եկեղեցին տոնախմբում է շուրջ 40 օր: Հայոց եկեղեցիներում մատուցվում է զատկական ճրագալույցի պատարագ, որը տեղի է ունենում շաբաթ երեկոյան եւ հաջորդ օրվա կիրակի առավոտյան: Պատարագի գալուց առաջ հավատացյալները ծոմ են պահում եւ պատարագից առաջ պետք է խոստովանեն իրենց մեղքերը: Վերջիններս հետեւելով արարողությանը` հաղորդություն են ստանում:
 Սուրբ Զատկի տոնին բոլոր նրանք, ովքեր ունեն ննջեցյալներ, առավել պետք է գոտեպնդվեն Զատկի տոնից: Կան ժողովրդական տարբեր սովորույթներ, սակայն Հարության տոնը բոլորը պետք է նշեն միեւնույն ուրախությամբ, անկախ այն հանգամանքից, ննջեցյալ ունեն, թե՝ ոչ:
Սուրբ Զատկին հաջորդող մեռելոց հիշատակության օրը պատարագ է մատուցվում ննջեցյալների համար: Բոլոր եկեղեցիներում պատարագի վերջում կատարվում է հատուկ հոգեհանգստյան արարողություն ննջեցյալների համար:
 Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի հավաստմամբ` Մեռելոցների իսկական խորհուրդը այն է, որ փրկության առանցքային տրամադրությունների մեջ հիշենք նաեւ հանգուցյալներին եւ խնդրենք նրանց հոգու խաղաղություն եւ հանգստություն: Իսկ այդ մենք կարող ենք կատարել՝ նախապես նշելով զատկական արարողությունը, անցնելով ամբողջական տոնի կատարման բովի միջով: Տոնն ապրելով՝ կհասկանանք նաեւ մեռելոցի իմաստն ու նպատակը: Կտեսնենք, որ մեռելոցները առանձին սահմանված օրեր ու ծիսակարգեր չեն, այլ հաջորդում են տոնին:
 Սխալ սովորույթներ են տարածվել, երբ մարդիկ այցելում են ննջեցյալներ ունեցողներին` մխիթարելու, կամ էլ ննջեցյալի հարազատներն այցելում են գերեզմանատուն Զատկի օրը կամ Սուրբ Խաչի տոնին: Ճիշտն այն է, որ այցերն արվեն երկուշաբթի օրը` Մեռելոցին:
 Այս կարգը խախտվեց, երբ Խորհրդային Միության տարիներին չէին հարգվում եկեղեցական տոները: Երկուշաբթին աշխատանքային օր է, եւ ժողովուրդն ի վիճակի չէր ըստ կարգի ու օրենքի հարգելու իր ննջեցյալներին: Այդ իսկ պատճառով ժողովուրդը սկսել էր կիրակի օրը կամ Սուրբ Զատկին մեռելոց նշել: Սակայն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի առաջարկությամբ 2008թ.-ի հունիսի 16-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց՝ մեռելոցը Հայաստանում առաջին անգամ ոչ աշխատանքային հայտարարել։ Եվ այսօր հայ ժողովուրդը լիովին հնարավորություն ունի` այցելելու եկեղեցիներ, հոգեհանգիստ մատուցել մեր ննջեցյալների համար եւ ապա այցելել գերեզմաններ` խունկ ծխելու ննջեցյալների շիրիմներին:
 -Գեղարքունիքի մարզպետարանը եւ տեղական ինքնակառավարման մարմինները փորձում են օժանդակել ժողովրդին եւ հոգեւոր իշխանությանը, որպեսզի համատեղ ուժերով հնարավոր լինի վերականգնել տոների եւ հիշատակության օրերի կատարման ճիշտ ձեւերը, -ասում է թեմի առաջնորդը: Այս համատեղ աշխատանքի արդյունքում անցկացվել են համայնքային ընդհանուր ժողովներ, անհատների հետ հանդիպումներ, եւ մարզի մի շարք համայնքներում արդեն արձանագրվել են որոշակի դրական տեղաշարժեր:
Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More