ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՄԱՐԱՂԱՅԻ ԵՂԵՌՆԸ /Ապրիլի 10-ին լրացավ Մարաղայի ջարդերի 19-րդ տարին/

  Ցեղասպանությունը միայն գործով կարող է ժխտվել: Մինչդեռ քանի մեր կողքին թուրքն է ապրում, մենք պարտադրված ենք ապրել` միշտ մի ձեռքով սուր, մյուսով գութան ու բահ բռնած: Այն, ինչ տասնինը տարի առաջ եղավ Մարաղայում, առանց բացառության կրկնությունը կամ գրված սցենարն էր Հայոց Մեծ եղեռնի, որ թուրքերը 1915-23 թվականներին գործադրեցին Արեւմտյան Հայաստանով եւ Թուրքիայի հայաշատ բնակավայրերով մեկ: Մարաղայի ողբերգությունը եւս մեկ անգամ ապացուցում է այն, որ դարերը հեռանում կամ փոխվում են, բայց թուրքը մնում է նույն մարդակեր գազանը, որն ՙԷսպես դեռ երկար կմնա՚...
 Մարաղա գյուղը  գտնվում է Լեռնային Ղարաբաղի հյուսիսում` Միրբաշիրի  շրջանի հարեւանությամբ: Այս գյուղը, գտնվելով Գանձակ – Ստեփանակերտ ավտոմայրուղու վրա, համարվում էր Լեռնային Ղարաբաղի դարպասը: Ըստ 1989 թվականի մարդահամարի` գյուղում ապրում էր 4660 մարդ՝ հիմնականում հայ:

 Գյուղը երկու անգամ` 1918 եւ 1921 թվականներին ավերել են թուրքերը: Ղարաբաղյան շարժման հենց առաջին օրերից Մարաղան կրկին կանգնեց վտանգին դեմ հանդիման: Թուրքերը գյուղն ավերելու վաղ մի փորձ էին ձեռնարկել` դեռ 1991 թ. մայիսին, բայց հայ ֆիդայիները նրանց արագ ետ էին շպրտել: Սակայն թշնամու ճանապարհը դեպի Արցախ անպայման պետք է անցներ Մարաղայով...
 1992 թվականի ապրիլի 10-ի առավոտյան ժամը 5-ին սկսվեց գյուղի հրետակոծությունը: Կեսօրին մոտ ադրբեջանական ՙԳուրթուլուշ՚ զորախումբը, որն ուներ 1000 զինվոր, 20 զրահամեքենայի ուղեկցությամբ մտավ գյուղ: Գյուղի պաշտպանական ուժերը` թվով 60 հոգի, տեսնելով, որ չեն կարող դիմադրել անհավասար ուժին, նահանջեցին` զգուշացնելով գյուղի բնակիչներին: Հիմնական բնակչությունը լքեց գյուղը: Ծերունիները եւ հաշմանդամները պատսպարվեցին նկուղներում: Հաջորդ օրը հայերը գյուղը ետ գրավեցին եւ գտան խաղաղ բնակիչների դիակներ՝ մի քանիսը գլխատված էին, մյուսները` այրված կամ խոշտանգված:
 Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի նախկին փոխխոսնակ, բարոնուհի Քոքսը այսպես է նկարագրում իր տեսածը Մարաղայում. ՙԱյն, ինչ որ մենք տեսանք, նկարագրության ենթակա չէ: Գյուղը ամբողջովին ավերված էր: Մարդիկ թաղում էին զոհվածներին, ավելի ճիշտ այն, ինչ հնարավոր էր թաղել՝ տանջամահ արված, կենդանի այրված, կտրտված կամ սղոցված դիակների մասեր: Մի մասին թաղել էին նախորդ օրը: Նկարահանելու համար նրանց հանեցինք, թեեւ հասկանում էինք, թե ինչքան ծանր է հայերի համար: Այդ օրերին Մարաղայում նկարահանվածը փաստում է այդտեղ իրագործված սոսկալի կոտորածի մասին՝ գլխատված եւ կտրտված դիակներ, երեխաների դիակներ, արյունոտ հող եւ մարմնի մասեր, որտեղ սղոցել էին նրանց: Մենք տեսանք արյունոտված մանգաղներ, որոնցով կատարել էին այդ եղերագործությունը: Հավանաբար դրանք պետք էր վերցնել մեզ հետ՝ որպես վկայություն, բայց ես դա չկարողացա: Բնակիչներին սպանելուց հետո ադրբեջանցիները թալանել եւ այրել էին գյուղը: Զինվորներից հետո հայտնվել էին քաղաքացիներ եւ շարունակել թալանը: Մենք տեսանք մի քանի լիքը լցված պայուսակներ, որ դիակապտիչները չէին հասցրել տանել՚:
 Նույն աղբյուրի համաձայն` սպանվել է ոչ պակաս 45  բնակիչ: Ըստ հայերի կողմից ներկայացված անվանական ցանկի` զոհվել է 57 եւ գերի  տարվել 45 խաղաղ բնակիչ: Գերիների թվում 9 երեխա կար, 18 կին, 3 տարեց եւ մեկ կույր: Մեկ շաբաթ անց նոր հարձակում է կազմակերպվել, որի արդյունքում բնակչությունը լքել է գյուղը, իսկ 13 հոգի գերեվարվել են: Ընդհանուր առմամբ գյուղում զոհվել է 90, տարբեր աստիճանի վերքեր են ստացել 37 մարդ, նրանց թվում` 21 կին եւ 6 երեխա:
 Մարաղան մինչեւ այսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո, իսկ ադրբեջանական քարոզչամեքենան շարունակ օգտագործում է կեղծ նյութեր` գերադասելով լռել Մարաղայի եղեռնագործության  մասին:
 Իսկ հայերիս մնում է այս մասին միշտ հիշել ու ոգեկոչել անմեղ նահատակներին՝ բոլոր ժամանակների բոլոր վայրերում մարդկային ստոր բնազդներին զոհ գնացած անմեղ մարդկանց եւ ուժով ու ատամներով պահպանել մեր հողն ու թանկ  խաղաղությունը:
 Հասմիկ Գրիգորյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More