ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ՍՊԱՆՎԱԾ ՍԵՐԸ



Ռուբեն Սեւակի հիշատակին
Գյուղից արեւմուտք, ուր եղբորս հետ որսի ենք գնում, այս տարվա փետրվարի վերջերին երկու արոր տեսանք. իջնում էին գետի ափի ավազներին, ճահճուտների վրա կամ արեւից չորացած կավե թմբերին: Լուռ, գաղտագողի մոտենում էինք. մի օր տեսնում` թռչում էին, մի օր պատվար չկար մոտենալու, մի օր էլ այնքան մոտեցանք, որ երկու փամփուշտ արձակեցինք, սակայն արորներն անվնաս հեռացան:
Մեր կողմերում թռչնի որսի ամենահարմար վայրը նախկին Գիլլի լճի այսօր արդեն չորացած ավազանն է: Այնտեղ կարող ես տարբեր տեսակի, նույնիսկ կարմիր գրքում գրանցված թռչունների հանդիպել: Փոքր ջրավազանների ու առուների վրա հաճախ իջնում է մոխրագույն սագը, նետապոչ բադը, իսկ մեծ ձկնկուլը քեզ հեռվից առաջինը կտեսնի, դանդաղ կբացի լայն թեւերը, կթռչի, բայց մնացած թռչունները, միամտաբար, ուշք չեն դարձնի նրա փախուստին: Ավազանի բնորոշ թռչունը սակայն կարմիր բադն է, որսորդների լեզվով ասած` արորը: ՙՈրսորդը արոր չի կրակում՚,- տարիներ առաջ ասաց մի հին որսորդ ու լռեց…
- Շրջանցենք գետը, դուրս գանք բլրի ետեւ, այնտեղից մոտ է կրակելու համար,- ասաց մեծ եղբայրս: Երբ մոտեցանք բլրին, որի ետեւում նստած էին արորները, ծածուկ, որ փականի ձայնը չլսվի, փոխեցինք կոտորակով փամփուշտները կարտեչով, քանզի, ինչպես եղբայրս էր ասում ՙարորին գելի պատրոնով պտի կրակես, դրանք շատ պինդ են՚: Որոտացին զենքերը, նորից ու նորից, բայց զույգ արորն էլ կռնչալով խույս տվին: ՙԱխար որսորդը արոր չի կրակում՚, - հիշեցի ես ու մի տեսակ գոհ` առաջարկեցի գնալ Գիլլի: Արորների հսկա երամը մեզ էր սպասում: Մի քանի վայրկյանում հսկա երամը հայտնվեց օդում, պտույտներ գործեց, մի քանի արոր առանձնացան, միացան, մի քանիսը հեռվում նորից վայրէջք կատարեցին:
-Պառկի՜ր, - ասած եղբայրս: Երեք արոր այնքան մոտեցան, որ աչքերն անգամ երեւում էին: Մենք նշան բռնեցինք, կրակեցինք: Արորներից մեկը գլխիվայր ընկավ: Թեւից էր վիրավորվել: Եղբայրս բռնեց, հանեց որսորդական դանակը, որ մորթի, ես շուռ եկա, սակայն լսեցի ձյան վրա թավալգլոր մարմնի տանջանքի ձայնը…
Անցան օրեր: Երբ ելնում էինք որսի, գյուղից արեւմուտք, տեսնում էինք նույն երկու արորին, նորից իջած կամ գետի ափի ավազներին կամ ճահճուտների վրա կամ արեւից չորացած կավե թմբերին: ՙԶուգավորման շրջանն է, դրա համար են առանձնացել երամից, բայց սրանց զույգերը շատ են կապված իրար՚,- ասում էր եղբայրս:
Ու մի օր էլ մենակ էի: Մեքենայով գնացի, նորից տեսա զույգ արորին գյուղից վերեւ, մի փոքր լճի մոտ: Իջա մեքենայից եւ նեղ փոսով ինչքան հնարավոր էր մոտեցա զույգին: Երբ գլուխս բարձրացրի, տեսա որ ավելի բարձրադիր նստած արուն /նա մարմնի մեծությամբ է միայն որոշվում/ արդեն իսկ ինձ նկատել է, բայց էգը` ոչ: Եվ մինչ նա խուլ կռինչով ահազանգում էր զուգընկերոջը վերահաս աղետի մասին` ես կրակեցի: Արորները թռան: Երկփողանու երկրորդ փամփուշտը արձակեցի: Արու արորը վայր ընկավ: Մինչեւ ես նորից լիցքավորում էի հրացանը, վիրավոր արորը կռնչալով իրեն նետեց լիճը: Նա աղեկտուր կռնչում էր: Վերից զգացի թեւերի մոտ թափահարում: Էգն էր: Նրա կռնչոցը սարսափելի էր: Ես արդեն չգիտեի` որ կռնչոցը կտրեմ. ներքեւ կրակեմ, թե` վերեւ: Կրակեցի լճի եղեգների արանքում պտտվող վիրավորին: Նորից կրակեցի: Նրա սպիտակ վիզը կոտրվեց. լռեց: Աղավաղված մարմինն արդեն մսագունդ էր, անճկուն փետուրներ, ողորմելի ու ողբերգական շրջապտույտ:
Էգը նորից պտույտ գործեց, եկավ: Իմ հուսահատությունը էլ տեղ չուներ: Ես նշան բռնեցի, բայց ձեռքերիս դողդոջյունով արդեն ակնհայտ էր: Էգ արորը պտտվում էր իմ գլխի վրա, կռնչում, կանչում… Նրա ձայնը սղոցում էր մարմինս, ես խելագարվում էի: Չէի զգում արդեն, որ գանգս հիմա-հիմա կփշրվի ցավից:
Մի քիչ հեռվում ի վերջո իջավ: Ես, մեղմ ալիքների վրա օրորվող արորին թողնելով լճի վրա, արագ քայլերով շտապեցի մեքենան: Արորը թռչեց, պտտվեց մեքենայի վրա, եւ գնաց դեպի լիճը: Վերջին արագությամբ ես հեռանում էի դժբախտ այդ վայրից, որ ես էի արյունոտել, որ ուղեղս արդեն էլ չէր գիտակցում ինչ անել: Հիշեցի Նիցշեի ՙԱստված մեռել է՚ գույժը, հիշեցի` տարիներ առաջ ինչու հին որսորդն ասաց, թե որսորդը արոր չի կրակում եւ թե ինչու հետո լռեց…

* * *
Գնում եմ խելակորույս, չեմ կարողանում ոչինչ խորհել, բայց մտածում եմ, որ Լիբիայում ամեն օր մարդ է սպանվում: Եվ Աստված, որ Կայենին էր դիմում, թե այդ ի՞նչ արեցիր, քո եղբոր արյունն է ինձ կանչում երկրից, հիմա ինչու չի ասում լիբիացիներին:
Գնում եմ արագ, մեքենան ջարդում դարուփոսի մեջ, գազանանում եմ, ուզում եմ Կայեն լինել, ուզում եմ Աստծուն սպանել, ուզում եմ ու կանգնեցնում եմ մեքենան, իջնում, գոռում եմ.
-Միթե մի կենդանի չկա այս բնության մեջ, որ սատկեցնեմ, որ կռնչա...
Իմ խզված ձայնից մի ձկնկուլ է թռչում, ես կրակում եմ նրան: Ընկավ բարակ ճյուղերի մեջ: Ոչ ձայն, ոչ կռինչ:
-Ինչո՞ւ չես կռնչում, ինչո՞ւ չես կռնչո՛ւմ,- գոռում եւ ոտքով հարվածում եմ արդեն անշնչացած ձկնկուլի թեւերին...
* * *
Մեջքի վրա պառկում եմ գետի ափի տաք խոտերին, ուզում եմ որ արեւը, գարնան հողի տաքությունը ջերմացնի ու հանգստացնի ինձ: Ագահությամբ ծխում եմ, ծխում եմ... Անհամար երկինքներին եմ նայում: ՙԲնությունը մի սոսկալի շրջագունդ է, որի կենտրոնը ամեն տեղ է, իսկ շրջագիծը` ոչ մի տեղ՚,- կարդացի այն օրը մի գրքում եւ հիշեցի էլի նույն օրը ու նույն գիրքը, որ ի՛նչ զզվելի ճշմարտություն էր ապացուցում, թե Հուդան մատնեց Հիսուսին, որպեսզի պարտադրի նրան բացահայտել իր աստվածային լինելը: Կամ այն ցնորված բանաստեղծը, որ ձիու կտավը դաշունահարելով` կարծում է, թե ձիու ստվերը արդեն իրեն էլ չի հետապնդի...
Ագահությամբ ծխում եմ, ծխում եմ... Անհամար երկինքներին եմ նայում… Արորների սահմռկեցուցիչ ձայնն արդեն չկա, բայց ճմլվում են մատներս, խիղճս, տիեզերքս, որ հիմա, հեռվում, մի փոքր լճի վրա մեռնում է մեծ սերը...
Ատոմ Հակոբյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More