ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՀՈՂԸ ԵՎ ՄԱՐԴԸ


/հիշում եւ մտորում է տարեց գյուղացին/

 Հողագործների մի սերունդ կար, վերջին սերունդը նրանցից, ովքեր մայրական հողի ուժով ու հմայքով հոգում դեռ պահում էին հին սերը` առ արտն ու ակոսը, չարքաշ ու հոգնաբեկ իրենց առօրյան լցնում հոգեբուխ երգերով, զվարճախոսություններով, պայծառամիտ էին ու կորովի: Նրանք բարեպաշտորեն եկեղեցի էին գնում, կար հոգու ճանաչողություն եւ հոգին սուրբ ու մաքուր պահելու քրիստոնեական պատվիրան: Եվ, վերջապես, աշխատանքի իմաստի նրանց ըմբռնման յուրահատկությամբ աշխատանքը սոսկ կատարումն չէր անելիքի, այլեւ արարողական խորհուրդ ու խնդություններ էր բովանդակում:

 Հոդաների, կրոնական ու աշխարհիկ բազում տոնախմբությունների, պարզ կենցաղի, միամիտ ու անմեղ մարդկանց այդ հասարակությանը ճակատագիրը, սակայն, չարաղետ մի անակնկալ էր նախատեսել. արշավող մոնղոլների անզգա համառությամբ նրանց քշեցին կոլխոզ… Հողագործի ձեռքից վերցրեցին հողը, խլեցին եզն ու գութանը, տարան վերջին հատիկ սերմացուն, ու նաեւ, ներկա օրերում ինչքան էլ դա անհավատալի թվա, ՙԿուլակ՚ հորջորջվածների գրեթե բոլոր գոյամիջոցները: Գյուղը կոլեկտիվացվեց, իսկ դա նշանակում էր ավերումն ընտանիքների, մարդկանց՝ դարերով գոյատեւած կենսակերպի, ավերումը հավատի, սիրո, կորուստը վաղվա օրվա հույսի, առաքինությունների, ուրախությունների… Եվ դա բոլորը չէ: Արտադրության միջոցների հանրայնացման քաղաքական ինժեներության արդյունքում այն էր, որ գյուղացին իր հանապազօրյա հացը պիտի ստանար ուրիշի ձեռքից, նրա սեփականությունները հարաբերական բնույթ ստացան, եւ փաստացի քմահաճ սեփականատեր դարձավ կուսակցական վարչական բյուրոկրատիան: Գյուղացին ընկավ հարկադրումների ծանր բեռի տակ, եւ դրա անմարդկային ու անգութ մեխանիզմը գործեց մի քանի տասնամյակ շարունակ: Այսպիսով, կոլտնտեսությունը փրկության այն ելքը չէր, ինչը այնքան եռանդագին ու այնքան համառորեն ներկայացնում էր բոլշեւիկյան պրոպագանդան:
 Իրականում տնտեսական կառույցի նման ձեւը բովանդակում եւ իրացման հնարավորություն էր տալիս համապարփակ ու անծայրածիր մի բռնության: ՙԳյուղատնտեսական արտել՚ կոչված երկաթակուռ վանդակ քշված մարդիկ ավելին չէին, քան հռոմեական հնադարյան ստրուկները: Նրանք լիովին զրկած էին նախաձեռնելու հնարավորությունից, քաղաքական եւ նույնիսկ մարդկային իրավունքներից:
 Եվ այդ ամենը արվում էր գոռում-գոչյունների, առերես ստի, անողորմ զրպարտությունների ծանր ալեբախության ներքո, կարմիր դրոշի ծածանումով ու խնդության թմբուկներով: Իրականության իշխող տարրը դարձան բռունցքի եւ մտրակի կուլտը, գնդակահարվելու կամ սիբիրներ քշվելու մշտական սպառնալիքը:
 Այն ժամանակներում ապրող մարդկանց այնպես էր թվում, որ այդ բոլորը վաղանցիկ են լինում, ինչպես վաղանցիկ են լինում  կարկուտի երակը կամ հյուսիսի պարզկա քամին: Բայց այդպես չեղավ: Բռնության եւ իրավազրկման, մարդկային ամբարտավանության հաղթանակը տեւեց տասնամյակներ ու տասնամյակներ շարունակ:
 Ազատ ապրելու տենչը սրտում, կորսված արտ ու ափի չմարող կարոտով կյանքից հեռացան երբեմնի կոլխոզ քշվածները, նոր սերունդներ աշխարհ եկան, նոր իրականության պայմաններում ապրեցին, բազմակի իշխողականության, մեծ ու փոքր հրամայողների ու կարգադիրների իրականության պայմաններում: Այդ ընթացքում ինչպիսի՞ զարգացումներ եղան գյուղի մարդկանց հոգեբանության ու վարքի, նրանց նյութական ու բարոյական կեցության ոլորտներում, դյուրին ասելու բան չէ: Հարկ է նշել միայն, որ կոմունիստական դաստիարակության բովով անցած մարդիկ, այնուամենայնիվ, չդարձան մարդկային բոլոր արժանիքները կրող, մտածողության, վարքի, ընդունակությունների, հոգու եւ հասկացողությունների միակտուր անհատականություններ: Ավելին, բռնության չոր քարքարուտներում գերաճեց աղաների, անաշխատ սպառողների, կաշառակերների եւ նման բազում արատներ կրող մարդկանց լայնածավալ մի ջունգլի: Իսկ բանվոր դասակարգը, սեւագործ աշխատավորը, որը այնպես փառաբանվում է մարքսիստական տեսության մեջ, թե նյութական, թե իրավական ու բարոյական առումներով վերածվեց աննշմար գոյության: Ավելացնենք եւ այն, որ ամենավերջում, ճահճացման եւ ամենաթողության թանձրամած մշուշների մեջ, կուսակցական վարչական ապարատի պաշտոնակիր ասպետները կարողանում էին աչքերը փակ հաչա զարկել բյուրոկրատիայի էլաստիկ պարանին, իսկ սայթաքելիս ընկնում էին փափուկ մահիճների վրա…

***
 Հասարակության բնական զարգացման անլույծ տրամաբանությամբ վերստին դարձ կատարվեց դեպի մասնավոր սեփականությունը: Թվում է՝ գյուղացին ցնծությամբ պիտի ընդուներ այն, բայց դրա նշույլն անգամ չկար… Պատճառները բազմակի են` սոցիալական, պատմական, հոգեբանական եւ այլն: Սակայն դրանց մասին չխոսենք: Ասենք միայն, որ հողի սեփականաշնորհումը կատարվեց օրինականության եւ հսկողության ցավալի հապաղման պայմաններում, եւ մեր համոզմամբ` սխալ ելակետով` ըստ ծխաբաժինների: Դա իր հերթին: Հողի նկատմամբ սեփականության իրավունքը համադրվում է այլ կարգի սեփականատիրական իրավունքների հետ, որը, մեր կարծիքով, դարձյալ սխալ է: Հողային սեփականությունը ներառում է այնպիսի առանձնահատկություններ, որոնց սոցիալական իմաստը, եթե չասենք բախտորոշ, ապա կենսականորեն կարեւոր է հասարակության բոլոր շերտերի համար: Վերջին խոսքով՝ հողը բոլորի բարեկեցության ակունքն է, ուստի՝ անենթակա շուկայական տրամաբանության եւ աճուրդային գործարքների, նման այլ իրողությունների: Մարդու եւ հողի առնչությունը հոգեկան ողջացման, սոցիալական հավասարակշիռ եւ արդար իրադրության ստեղծման միջոց է: Եթե չէ, ուրեմն անհրաժեշտ է դարձնել այդպիսին:
 Խորեն Կարապետյան
 Մադինա  

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More