ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ (սկիզբը՝ նախորդ համարներում)


ՖԻԴԱՅԻՆԵՐԸ ՌՈՒԲԵՆ ՏԵՐ-ՄԻՆԱՍՅԱՆԻ
 ՙՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆԻ ՄԸ ՅԻՇԱՏԱԿՆԵՐԸ՚ ԳՐՔՈՒՄ
Տարոն աշխարհի ֆիդայությունը կանգնած է ծանր երկընտրանքի առաջ: Շարժման ներսում գոյություն ունեցող երկու՝ ժողովրդահեղափոխական եւ զինվորական-ֆիդայական ուղղությունների ներկայացուցիչները, մանավանդ Սասունի 1904 թվականի ապստամբության պարտությունից հետո, ավելի էին խորացրել անհամաձայության անդունդը: Հրայր Դժոխքի կողմը հարող ժողովրդական հեղափոխականության ներկայացուցիչները գտնում էին, որ ֆիդայական մանր-մունր կռիվները պատուհաս ու աղետ են դարձել ժողովրդի գլխին, որից եւ պետք է շուտափույթ հրաժարվել՝ գնալով ողջ ժողովրդին զինելու եւ ոտքի հանելու ճանապարհով: 
 Ֆիդայական-զինվորական ուղղության ներկայացուցիչները գտնում ու պնդում էին, որ դավաճանություն է ճակատագրական նման պահին հայ ժողովրդին լքելը, նրան թուրք ու քուրդ գազանների ձեռքերում անպաշտպան թողնելը, զենքը ցած դնելն ու երկրից հեռանալը: Ռուբենը վկայում է, որ ժողովրդական հեղափոխության ներկայացուցիչների ազդեցության տակ որոշ ֆիդայիներ սկսել են ցուցադրաբար չենթարկվել Գեւորգ Չաուշին ու նրա հրամաններին, անիշխանության ու երկպառակտության սերմեր ցանել ժողովրդի մեջ:
Առվարինջի աղետալի կռվից եւ Եղսոյի հետ գաղտնի ամուսնանալուց հետո Գեւորգ Չաուշի հեղինակությունն ընկնում է ֆիդայիների շրջանում: Սպաղանաց Մակարն է դառնում Գեւորգի դեմ ընբոստացածների գլխավորը: Իսկ երկպառակտության հետագա խորացումը կարող էր քայքայել հայ հեղափոխական եւ զինվորական կազմակերպությունները եւ իսպառ ոչնչացնել այն, ինչ ձեռք էր բերվել տասնամյակների ծանր պայքարի, հազարավոր հայ մարդկանց կյանքի ու արյան գնով: Իսկ դեպի Կետան-Կեալմազ գնացող Ռուբենը ոչ միայն պիտի հաղթահարեր թուրքերի ու քրդերի կողմից գերվելու, մատնչության արգելքները, այլ նաեւ ֆիդայիների հանդեպ ունեցած ակնածանքն ու պատկառանքը: Նա պիտի դատեր նրանց, ենթարկեցներ իր վճռին ու կամքին: Իսկ դա դժվար, նույնիսկ անհնարին գործ էր, քանի որ ֆիդայիները ահի ու երկյուղի անդունդը ցատկով անցած մարդիկ էին՝ ահարկու եւ սարսափազդու բոլորի համար: Բայց Ռուբենը գնում է մինչեւ վերջ: Ղըզըլաղաճի անտառներում ապաստանած ֆիդայիներն ու նրանց գլխավորը դիմավորում են իրենց մոտ որպես դատավոր եկած նորեկ օտարականին: ՙԱրա՜մ, էդ դու՞ն ես, մինա՞կ ես, թե զույգ: Այդ Գեւորգն էր, որ պողպատի ձայնով հարց կուտար Արամին: Արամը արագ յառաջացաւ ձայնին կողմը եւ զեկուցում տվաւ: Գեւորգն անմիջապես տեղեն վեր թռաւ եւ քանի մը կանգնած ֆետայիներուն մեջեն անցնելով, ձեռքով գլուխս վար քաշելով՝ համբուրեց զիս... Այսպես, առանց ձեւականութեան, ծանոթացանք իրարու Գեւորգ Չաւուշն ու ես: Մթութեան մեջ տակաւին իրարու երես չտեսած հարազատ հին բարեկամներու պես իրարու փաթթվեցանք: Գեւորգ պարզ էր եւ վերաբերությամբ հարազատ. կարծես կը հանդիպեր իր ընտանիքի մեկ անդամին: Այնքան մտերիմ ու պարզ էին անոր ձեւերը, որ կը մոռանայի, թե առաջին անգամն էր, որ կը հանդիպեի այս անծանոթ մարդուն...՚:
 Ազդեցիկ են ֆիդայիների սպառազինությունը, տարազն ու կերպարանքը: Նրանք նման չեն ոչ մի բանակի շարքերում ծառայող զինվորների: Հայրենի լեռների այդ ըմբոստ ու խենթ զավակները մի կողմից սարսափ, մի կողմից ակնածանք են տարածում շրջապատի վրա: Զինվորական-ֆիդայական ներքին կարգ ու կանոնի, ֆիդայիների վարած կյանքի, ընկերական փոխհարաբերությունների մասին պատմող դրվագները եւս աչքի են ընկնում հուզականությամբ ու պատկերավորությամբ. ՙՖետայիներու դիրքը շատ գրավիչ է եւ ազդու, բոլորն ալ հասակով մարդիկ եւ 25 տարեկանեն վեր. անոնց մեջ ոմանք ալեհեր են, բայց, ընդհանրապես անոնց տարիքը կիյնա 25-ի եւ 40-ի միջեւ: Բացառութիւններ են Սպաղանաց Մակարը, Գեալշօ Մանուկը, Կրպոն Իշխնձորի. ասոնց տարիքը 50-ին մոտ է...՚: 
 Մեր ժողովրդի պատկերացումներում ֆիդայիները միշտ թվացել են եթե ոչ սիրուն  ու առնական տղամարդիկ, ապա գոնե սրբացած հերոսներ, որոնց դեմք-դիմագծերը կերպավորվել են սրբերի տեսքով... Ֆիդայական կյանքի շատ դրվագներ ժողովրդի հիշողություններում տպավորվել են երգերի կամ ասքերի միջոցով, սակայն այդ կենդանի դեմքերն ու դրվագները արտացոլված են Ռուբենի հուշերում. ՙՎաղ արշալույսին գեղեցիկ են այդ խումբերը ֆետայիներու. անոնք հագած են երփներանգ շորեր, բոլորին գլուխը՝ կարմիր արախչին, սասունցնակ կամ մշեցնակ հյուսված ու բանուած փուշիները անոր բոլորտիքը՝ քամիին հետ կը փողփղա, եւ անոնց դեմքին ավելի դաժանութիւն եւ անվեհերութիւն կու տա: Հագած են նաեւ գույնզգույն արխալուղ եւ լայն փեշերով շալվարներ՝ ասեղնագործված կարմիր ու դեղին նախշերով: Ոչխարներուն փունջերը անանց կողքերեն կախուած են, իսկ ոտքերնին՝ տրեխներ հագած: Մեջքներնին կապած են Հալապի, Լահորի կամ Տիարպեքիրի գոտին, որուն վրա չորս կապ կաշիե պատրոնակալ՝ 240 փամփուշտ մոսինի: Կողքերնուն տասնոց մաուզերը, դարձյալ մեջքերնուն՝ 140 փամփուշտները, տասնհարուածեանին: Իսկ այդ բոլորին վրա ամուր կը քաշե գոտին, խենչալի գոտին,  որուն կապված է կեռ խենչալը Մսըրի կամ Դամասկոսի... Ֆետայիներուն մեջ, իրոք, մարդ ինքզինքը կը զգա ասլաններուն մեջ, թե՜ վտանգավոր, եւ թե՜ սիրելի ու գեղեցիկ...
 Մշո ֆետային ճեմելով կը քալե, երբ կը նայի՝ կարծես վիշապի նման ձեր վրա պիտի ցատկե: Արագաշարժ ու ճարպիկ է իր շարժումներուն մեջ: Անոր կնճռոտ երեսը ո՜չ կարմիր ունի եւ ո՜չ ալ սպիտակ, տաքով ու պաղով թրծուած պղնձի գոյնով է ներկուած: Ոմանք փալապեխ են, մորուսները՝ ածիլուած: Դեմքերնին լուրջ են եւ խոհուն, ո՜չ լացի եւ ո՜չ հրճվանքի հետք կը նշմարեք անոնց վրա: Շատերը կարծես պողպատե շինուած արձաններ են, քիչ մը զայրույթ եւ քիչ մըն ալ դաժանաթիւն՝ գծագրուած ծնոտներուն վրա եւ աչքերուն մեջ՝ ծիծաղելու կամ ուրախանալու ժամանակ այդ գիծերն անշեջ կը պահե եւ սառն ազդեցութիւն կը թողու ձեր վրա...՚:
 Ղըզըլաղաճի անտառներում հավաքված թվով 75 ֆիդայիների հաշտեցման կամ միավորման դատը, այսքան ահարկու ու վեհանձն ֆիդայիների դատը, պիտի կտրեր Ռուբենը՝ հազար ու մի փորձանքներով Կետան-Կեալմազ հասած դաշնակցական գործիչը: Վայրկյանն անգամ վճռական է, փոքրիկ վրիպումը՝ կործանանար: Չնայած Գեւորգ Չաուշի այն հայտարարությանը, թե նորեկ հեղափոխականի վճիռը պիտի պարտադիր լինի բոլորի, նաեւ իր համար, Ռուբենն ակամա կանգնում է ծանր կացության առջեւ. ՙԱռջեւս կանգնած են մարդիկ, որոնք իրենց անցեալով կարող էին զիս իրենց գրպանը դնել եւ իրենց քաջությամբ ու ազդեցությամբ մղոններով բարձր էին ինձմե՚, -խոստովանում է հեղինակը: Սակայն կես քայլ իսկ հապաղելը նույնպես վտանգավոր էր: Ուստի եւ նորաթուխ դատավորը կայացնում է վճիռը միանգամից: Գիտակցելով, որ Գեւորգի դեմ ըմբոստացած ֆիդայիների գլխավորը Սպաղանաց Մակարն է, Ռուբենը նրան չլսված-չտեսնված հրաման է արձակում՝ զինաթափում: Նման վճիռը ֆիդայու համար սոսկ նախատինք կամ անպատվություն չէ, այլ մահապատժից էլ սոսկալի մի բան: Եվ նման վճիռ Ղըզըլաղաճի անտառում հավաքված հռչակավոր ֆիդայիներից եւ ոչ մեկը չէր կարող սպասել: Մակարը, սակայն, ենթարկվում է այդ անողոք հրամանին, քանի որ դա ոչ թե համարում էր մի անծանոթ նորեկի, այլ Դաշնակցության հրամանը: Բայց ի՛նչ հուզիչ, պատկերավոր են վայրկյաններն ու դեպքերը. ՙՍպաղանաց Մակար ոտքի է կանգնած. անոր հոյակապ հասակը ու կեցվածքը պատկեր մըն է շքեղ՝ անտառի լռութեան մեջ: Ան թիկնեղ է հաստաբուն չինարի նման, գլուխը խոշոր է եւ սպիտակով պատուած. անոր աչքերը մեծ-մեծ ու արիւնով լեցուծ. վիշտ ու կատաղութիւն մրցման են ելած, շրթունքները դեղնած կը դողան՚:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More