ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ԳԵՂՀՈՎԻՏԸ ԲՌՆԵԼ Է ՇԵՆԱՑՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ


Գեղհովիտ գյուղում այս տարվա հունվարից սկսվել եւ ընթանում են մանկապարտեզի շենքի հիմնանորոգման աշխատանքները: Համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի տեղեկացմամբ՝ մանկապարտեզը հիմնանորոգվում է ՙՀայաստանի սոցներդրումների հիմնադրամի՚ ֆինանսական միջոցների հաշվին: Հիմնանորոգման նախահաշվային արժեքը կազմում է յոթանասունութ միլիոն դրամ, որի հինգ տոկոսը կազմում է Գեղհովիտի գյուղապետարանի ներդրումը: Շինարարական աշխատանքները կավարտվեն մեկ ամսից, եւ բարեկարգ ու նորոգ, ժամանակակից բոլոր պայմաններով հագեցած մանկապարտեզը կգործի շուրջտարյա: Սա անգնահատելի նվեր կլինի ոչ միայն մանկապարտեզի մանկավարժ-դաստիարակների ու  150 սաների, այլ նաեւ գյուղի ողջ բնակչության համար:
Գեղհովիտի համար կենսական կարեւոր նշանակության մեկ այլ խնդիր է լուծվում այս օրերին. Արդեն երեք ամիս է, ինչ  ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի ֆինանսական օժանդակությամբ կառուցվում է 4 կիլոմետր 4 հարյուր մետր երկարության երրորդ կարգի ոռոգման ջրանցք, ինչի արդյունքում Գեղհովիտում ջրարբիացված հողատեսքերը կավելանան չորս հարյուր հեկտարով: Ջրանցքի կառուցման նախահաշվային արժեքը կազմել է 120 միլիոն դրամ, որի 25 տոկոսը ներդրել է Գեղհովիտի գյուղապետարանը: Գեղարքունիքի մարզի գյուղական խոշոր համայնքներից մեկը, որի բնակչությունն արդեն մոտենում է յոթ հազարի սահմաններին, մոտակա օրերի ընթացքում կունենա նաեւ գյուղի մուտքը խորհրդանշող քարակերտ հուշասյուն-ցուցանակ: Այն կառուցվել է գյուղապետ Վարդան Պողոսյանի անձնական միջոցների հաշվին, մոտ երեք միլիոն դրամի ներդրմամբ:
Գյուղապետն այսօր վաստակած մարդու պես թվարկում է իր պաշտոնավարման չորս տարիների ընթացքում տեղական բյուջեի, դոնոր կազմակերպությունների եւ պետբյուջեի միջոցներով Գեղհովիտում իրականացված սոցիալ-տնտեսական եւ կենսական կարեւոր նշանակության ծրագրերը, որոնք շատ կողմերով նպաստել են գյուղի զարգացմանը, բնակչության վիճակի բարելավմանը: Ուշադրությունից դուրս չի մնացել նաեւ Գեղհովիտի վարչական տարածքի մեջ մտնող Լեռնակերտ բնակավայրը: Տեղական բյուջեի միջոցների հաշվին փողոցային լուսավորվածության ցանցեր են կառուցվել Գեղհովիտում եւ Լեռնակերտում, գազաֆիկացվել են ՙՔռա՚, ՙՂանդլի բադներ՚ եւ ՙՀամալիր՚ թաղամասերը, սոցիալապես անապահով հինգ ընտանիքների բնակարանները գազաֆիկացվել են համայնքապետարանի օժանդակությամբ: Գեղհովիտով հոսող Մարտունի գետի հեղեղավտանգ հատվածներում կատարվել է գաբիոնապատում, կառուցվել է երկու նոր կամուրջ, վերանորոգվել է ՙՉայիրներ՚ թաղամասի կամուրջը, ցանկապատվել եւ բարեկարգվել են  երեք գերեզմանատները, նորոգվել եւ վերականգնվել են ոռոգման առուները, խմելու ջրի նոր ջրատարներ են կառուցվել ՙՄիջին չայիրներ՚, ՙՎերին չայիրներ՚ թաղամասերում եւ ՙԴեմեր՚ գերեզմանատանը: ՙՅանըղ՚ բնակավայրից սնվող խմելու ջրատարի վրա տեղադրված կարգավորող սարքերի միջոցով գյուղի համար ապահովվել է շուրջօրյա ջրամատակարարում: Էլեկտրական հոսանք է անցկացվել ՙՅանըղ ՚ եւ ՙՔարվանսարա՚ յայլաղատեղերում, ձմռան ամիսներին մշտապես բաց են պահվել գյուղամիջյան ճանապարհները եւ Գեղհովիտ-Լեռնակերտ ճանապարհը: Նորոգվել է  գյուղապետարանի շենքը, կատարվել ներքին հարդարում եւ կահավորում: Ձեռք է բերվել  ՈՒԱԶ մակնիշի երկու ավտոմեքենա՝ գյուղապետարանի կարիքներին ծառայելու եւ համայնքի թաղումները սպասարկելու համար: Բարեկարգվել եւ խնամվել է Մեծ Հայրենականում զոհված գեղհովիտցիների փառքի հուշարձանի տարածքը, վերակառուցվել Լեռնակերտի աղբյուր-հուշարձանը: Գազաֆիկացվել է գյուղի մշակույթի տան շենքը, խաղասենյակներում տեղադրվել են վառարաններ, ձեռք է բերվել անհրաժեշտ գույք: Մշակույթի տան դահլիճում պարբերաբար կազմակերպվել են համերգներ եւ մշակութային տարաբնույթ միջոցառումներ: Աջակցություն է ցուցաբերվել Գեղհովիտի ՙԲագրեւանդ՚ ֆուտբոլային թիմին եւ բռնցքամարտի խմբակին: Թիվ մեկ միջնակարգ դպրոցում  բացվել է համակարգչային սենյակ, որն ապահովվել է անհրաժեշտ քանակի եւ ժամանակակից  համակարգիչներով, նորոգվել եւ կահավորվել է նույն դպրոցի ուսուցչանոցը:  Համայնքի ղեկավար Վարդան Պողոսյանի նախընտրական ծրագրում, ինչը կարելի է համարել Գեղհովիտի զարգացման քառամյա ծրագիր, նախատեսվում է` համայնքի թիվ 2 միջնակարգ դպրոցի շենքի հիմնանորոգում, գյուղամիջյան թիվ 1 փողոցի ասֆալտապատում, մշակույթի տան շենքի հիմնանորոգում, Լեռնակերտի ակումբի շենքի կառուցում, Լեռնակերտում նոր դպրոցի շենքի կառուցում, գետի ափերի հեղեղավտանգ մասերում գաբիոնապատում, գիշերային լուսավորվածության ցանցի վերականգնում, խմելու ջրատարի ներքին ցանցի հիմնանորոգում եւ կառուցում, ոռոգման առուների վերանորգում, համայնքի կոյուղագծի միացում  Մարտունի քաղաքի ընդհանուր ցանցին, նոր էլեկտրաենթակայանի տեղադրում ՙՉայիրներ՚ զարգացող թաղամասի համար, գերեզմանների ցանկապատների կառուցման շարունակում, ՙՄոլանլու՚ յայլաղատեղում էլեկտրական հոսանքի անցկացում, Փոքր Արգիճի գետի գետանցման տեղում կամրջի կառուցում: Թվարկված ծրագրերը այն հիմնական խնդիրներն են, որոնց լուծմամբ Գեղհովիտում էապես կբարելավվի կյանքի որակը եւ բնակչության սոցիալական վիճակը համեմատաբար կթեթեւանա: Նախորդ 4 տարիների ընթացքում կատարված աշխատանքները հավաստում են, որ Գեղհովիտի համայնքապետարանը համայնքի ղեկավար Վարդան Պողսյանի գլխավորությամբ ի վիճակի է լուծում տալու այդ խնդիրներին:
ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More