ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՀԵՐՈՍԱԿԱՆ ԱՆՈՒՆ` ՊՈՂՈՍԻ ՍԱՀԱԿ


 1918 թվականի մայիս ամիսը բախտորոշ է եղել նաեւ Սեւանի ավազանի հայության համար: Առհասարակ մեր պատմաբանները վերարտադրել են 3 գլխավոր ուղղություններում` Սարդարապատում, Բաշ-Ապարանում եւ Ղարաքիլիսայում մղված հերոսամարտերի դրվագները, որոնց շնորհիվ կասեցվել է թուրքական կանոնավոր բանակների մուտքը դեպի Երեւան եւ Սեւանի ավազան: Սակայն  նրանց ուշադրությունից  դուրս են մնացել Վարդենիսի կամ նախկին Բասարգեչարի ճակատում մղված հերոսամարտերի մանրամասները: Շատ դեպքեր ու դրվագներ  պահպանվել են ժողովրդի հուշերում, իսկ շատ իրադարձություններ էլ պարզպես մոռացվել են: Սակայն չի մոռացվել ամենագլխավորը, այն որ թուրքական բանակի առաջխաղացման հետ մեկտեղ 1918 թվականի ապրիլ-մայիս ամիսներին սանձարձակ են դարձել Բասարգեչարի տարածքի համայնքներում բնակվող թուրքերը` իրենց թիկունքում ունենալով Քելբաջարի թուրքերի աջակցությունը:
Նրանց նպատակը մեկն էր` արյան մեջ խեղդել Սեւանի ավազանի հայությանը եւ ճանապարհ հարթել թուրքական բանակի համար՝ դեպի Բաքու եւ Կասպից ծով: Սեւանի ավազանի հայկական բնակավայրերի վրա էլ կախվում է հերթական եղեռնազարկի վտանգը: Թուրքական արյունարբու ոհմակների դեմ ոտքի են ելնում Բասարգեչարի եւ շրջակա հայկական գյուղերի բնակիչները` զինվելով ով ինչով կարող է: Նրանք օգնություն են խնդրում շրջակա հայկական գյուղերից եւ Նոր Բայազետ քաղաքից: Բանավոր եւ գրավոր փաստերը հավաստում են, որ Բասարգեչարի ինքնապաշտպանությունը ղեկավարել է տեղի մեծահարուստ վաճառական Հովհաննես Արզոյանը: Այդ օրերին Վարդենիսը եւ շրջակա գյուղերը դառնում են մարտական գործողությունների ծավալման թատերաբեմ: Բազմաթիվ հայորդիների մեջ իր քաջությամբ ու աննկուն կամքով աչքի է ընկնում Սահակ Պողոսյանը: Փոքրամարմին այս գյուղացու մասին տեղացիները բերնեբերան եւ սերնդեսերունդ առասպելներ են պատմում: Նա եղել է հայկական ինքնապաշտպանական ուժերի գլխավոր սուրհանդակը եւ զենք ու զինամթերք փոխադրող-մատակարարը: Սահակ Պողոսյանը եւ համագյուղացի Բաղիշ Պետրոսյանը 1918 թվականի հունիսին, ճեղքելով թուրքական գյուղերի շղթան, ձեւանալով որպես թուրքեր, կարողանում են հասնել Նոր Բայազետ եւ օգնություն խնդրել նորբայազետցիներից ու Անդրանիկ Օզանյանից, ով այդ օրերին գտնվում էր Նոր Բայազետում: Ականատեսները պատմում են, որ Զորավար Անդրանիկը, լսելով Սահակի հաղորդած լուրը, անմիջապես հարցնում է Տալղարի Աղաբեկի խմբի մասին: Երբ Զորավարն իմանում է, որ Աղաբեկը իր ջոկատով գտնվում է Զանգեզուրում, խորհուրդ է տալիս վարդենիսցի բանբերներին. ՙՉուջուխ, անտուն ու անտեր, մերկ ու անոթի այսքան գաղթականություն ես որուն ձգեմ. գնա, ինձմեն ողջույն տար Հովհաննես եւ Ղարիբ պատվելի այրերուն ու ըսե, թե ցանկանան, անոնց ամեն մեկը մի Անդրանիկ է, հայրենիքի սուրբ հողն ու ջուրն անոնց զորավիգ՚:
 Վտանգելով իրենց կյանքը՝ Սահակ Պողոսյանը եւ Բաղիշ Պետրոսյանը վերադառնում են Բասարգեչար` իրենց հետ տանելով զենք ու զինամթերք եւ մեծ զորավարի պատգամը: Բանբերների առաքելության շնորհիվ Բասարգեչարի ինքնապաշտպաններին հասնում են օգնական նոր ուժեր: Սահակ Պողոսյանի երկրորդ սխրանքը կապված է հայկական բանակի սպա, փոխգնդապետ Հալաբովի հանձնարարականի հետ: Ծնունդով գանձակցի փոխգնդապետը Սահակին խնդրում է հետախուզության գնալ Գանձակ եւ իրեն լուր բերել իր ծնողների, կնոջ ու երեխաների մասին: Սահակին հաջողվում է թուրքի անվան տակ ծպտված հասնել Գանձակ, հարցուփորձով ճշտել փոխգնդապետի տան տեղը եւ իմանալ նրա ընտանիքին հասած անասելի ողբերգության մասին. թուրքերը հրդեհել են փոխգնդապետի տունը եւ կոտորել ընտանիքի բոլոր անդամներին: Սահակին մնում է փոխգնդապետին հասցնել միայն ահավոր բոթը:  Հերթական մարտական հանձնարարությունը Սահակը կատարել է 1919 թվականի գարնանը: Նա Բասարգեչարից նամակ է տարել Արցախ: Նամակում հայկական բանակի հրամանատարության կողմից Արցախի զինվորական մարմիններին առաջարկվել է համատեղ ուժերով թուրքական միջանցքի վրա գրոհելու եւ Հայաստանն ու Արցախը վերամիավորելու ծրագրի մասին: Սաhակը դարձյալ թուրք գյուղացու անվան տակ անցել է թուրքաբնակ տարածքներով: Սակայն նրա համար ճակատարգրական է եղել Դամրչիման գյուղի ճանապարհը, որտեղ նրան չի փրկել թուրքերենի իր վարժ իմացությունը, քանի որ նրան կասկածող թուրքերը որոշել են ստուգել Սահակի կրոնական ինքնությունը: Եվ երբ պարզել են, որ նա քրիստոնյա է, արդեն ստուգել են ոտքից գլուխ եւ գլխարկի ծալքի միջից հանել այն նամակը, որը պետք հասցվեր Արցախ: Դրանից հետո թուրքերը Սահակին տարել են Քելբաջարի Յանշակ գյուղ եւ սպանել: Ականատես թուրքերը հետագայում հայերին պատմել են ոճրագործության մանրամասների մասին եւ ցույց տվել այն տեղը, որտեղ թաղել են Պողոսի Սահակի մարմնի մասերը, քանի որ թուրքերը նրան կտոր-կտոր են արել: Այդպես էլ անհայտ գերեզման դարձած Պողոսի Սահակի թոռնուհի Քրիստինեեն այսօր պրպտում է արխիվները, գրի է առնում տարեց մարդկանց հուշերն ու զրույցները եւ փորձում վեր հանել իր պապի հերոսական գործն ու անունը: Նա ճշտել է նաեւ այն տեղը, ուր ամփոփված են Սահակի մասունքները:
  Թերեւս, գազանաբար սպանված հերոսը չէր կարող երազել անգամ, որ կգա մի օր, երբ հայ մարտիկները պատմական Հայաստանի Քարվաճառի տարածքից մեկընդմիշտ կհալածեն թշնամու մահաբեր շունչը, եւ անհայտության մեջ գտնվող իր շիրիմն արդեն ակամա կհայտնվի հայկական տարածքում, որը, համոզված ենք, մի օր հայտնի կդառնա իր թոռներին, ծոռներին ու երկրպագողներին: Վարդենիս քաղաքի փողոցներից մեկն այսօր կրում է Սահակ Պողոսյանի անունը:
  ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More