ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 8 июня 2011 г.

ՈՒՂԵԿՈՐՈՒՅՍ ԵԿԵՂԵՑԻՆ


 Հայի համար մեծ սքանչելիք է եղել Մայր եկեղեցի մտնելը: Դրանով ուղեկորույս մարդը փրկության ճամփա է ելնում, որ չսայթաքի ու կորստյան չմատնվի: Բայց մեր օրերում հայը դարձել է անհոգի, իր հայրերի ստեղծած արժեքները չպահպանող, անտարբեր:
  Օրինա՞կ եք ուզում, խնդրեմ, մտեք Գավառ քաղաքի Սուրբ Հովհաննես բազիլիկ եկեղեցի, որը գտնվում է Գավառագետի ստորին հոսանքի ձախ ափին ու տեսեք, թե ինչպիսի վիճակում է այն հիմա: Նրա մասին հիշատակվում է դեռեւս 1848 թվականին: Ինքնատիպ ու գեղեցիկ կոթողներից մեկը հանդիսացող եկեղեցին եւ զանգակատունը իր միջոցներով կառուցել է տվել մեծահռչակ իշխան Բարսեղ Արծրունին: Այս եկեղեցին մնացել է որպես նրա թողած  փառավոր գործերից մեկը: Այն սովորաբար քառասյուն աշտարակ է՝ վեղարածածկ գմբեթով:







 Այս շրջանում շինություններն ունեին նուրբ մանրամասներով նախշազարդ պատշգամբներ՝ սրբատաշ քարերով: Սրբատաշ եկեղեցին քարակոփ, թեք տանիքով է եղել: 1991 թվականի մայիսին այստեղ վերակառուցման աշխատանքներ կատարվեցին միջշրջանային հուշարձանների վերանորոգման տեղամասի կողմից /պետ՝ Բ. Հ. Բագոյան, վերականգնման շնորհալի վարպետներ՝ Ժորա Սարգսյան, Մանվել /Հացառատ/, Պետիկ Պետրոսյան, Զարմիկ Միրզոյան /Երեւան/:
Նրանց ձեռքերով մարմին ու հոգի առավ Ս. Հովհաննես եկեղեցին: Հուշարձանների պահպանության կոմիտեի կողմից գումար տրամադրվեց՝ վերականգնումը ավարտելու համար: Մայր Աթոռ Ս. Էջմիածնի գլխավոր ճարտարապետ Գալիկյանը նախատեսել էր դռները եւ լուսամուտները պատրաստել կաղնու փայտից, հատակը գրանիտապատել, կառույցը ամրացնել ցեմենտաշաղախով, ձեւավորել բեմը, խորանը, մկրտության ավազանը եւ մեր հոգեւոր տունը դարերի համար վերականգնել:
 Բայց գրեթե ավարտին մոտեցող շինարարական աշխատանքները բարձիթողի արվեցին ԽՍՀՄ փլուզման պատճառով: Անհատ մարդիկ գողացան, քանդեցին հատակի քարերը, եւ հիմա եկեղեցում մնացել է կեսից կոտրված մի խաչքար: Եթե Խորհրդային տարիներին կոլխոզի սերմնազտման հրապարակ էր Ս. Հովհաննեսի տարածքը, եւ շենքը ծառայում էր որպես հացահատիկի պահեստ, ապա դրանից հետո բակ են ներխուժել տարածքի բնակիչները: Մեկը իր բակն է մեծացրել հերիք չէ, տանիքի ջրերն էլ ուղղել է դեպի եկեղեցու պատի հիմքերը:
 Եկեղեցու պատերը նստվածք են տվել թե՜ ճակատային մասից եւ թե՜ կողքերից: Առաջացել են ներսից ու դրսից պատերի ճաքեր, որոնք մինչեւ վերջերս չկային: Ճակատային դռան մի ամբողջական վերնաքարը դռան վերեւից կոտրվել է ու կարող է վերի պատի ամրությունը չպահել: 
 Եկեղեցին դպրոցից դարձավ կոլխոզի պահեստ, հրապարակ: Ոչնչացվեցին մեր պապերի գերեզմանաքարերը: Եկեղեցուն պատկանող հողատարածքը նվաճվեց ոչ թե օտարների, այլ՝ յուրայինների կողմից:  
 Սրբավայրը այսօր դարձել է Անիի ավերակների պես մի բան...
 Ս© Հովհաննես եկեղեցու գմբեթը, չգիտես, ե՞րբ է անհետացել, ո՞վ է գողացել այն՝ մեծահռչակ իշխան Բարսեղի հիշատակը ջնջելու համար: Վաղնջական ժամանակներից հայը հավատքով մտել է եկեղեցու Աստվածային կամարների տակ՝ հուսալու եւ ապրելու ակնկալիքով, իսկ եկեղեցական թիկնոցով  զգեստավորված քահանան՝ իր աղոթքների, հոգեւոր երգերի քարոզասացության համար:
 Քրիստոսի զորություն եմ ցանկանում բոլորիդ, սիրելի հայորդիք, որ  մի պահ, գեթ մի ակնթարթ ձեր խիղճն ու հայացքները թեքեք դեպի Սուրբ Հովհաննեսի ավերակներ եւ հասկանաք, որ նա ուզում է կենդանություն առնել մեր ներկայությամբ, մեր շնչով ու աղոթքով, մեր բարեկամությամբ:
 Հայրենասեր ու սրտացավ մարդկանց ձեռքերով տասնամյակներ առաջ Գավառի կենտրոնական հրապարակում կանգնեցրին մի հուշարձան՝ երեք լեզուներով գրված, եւ կողքին տեղադրեցին Ռուսա թագավորի սեպագիր արձանագրության քարի կրկնօրինակը: Բայց արի ու տես, թե ինչ է մնացել հին ու փառահեղ անցյալը խորհրդանշող այդ հուշաձանից:
 Հիմա բոլորիս աչքի առաջ քարերը քայքայվում ու թափվում են, իսկ մարդկային չար ձեռքերը պոկել ու տարել են մետաղակուռ տառերի մեծ մասը՝ ջնջելով ու ոչնչացնելով մեր քաղաքի եւ Գեղարքունյաց աշխարհի մարզկենտրոնի տարիքն ու փառքը հավաստող եռալեզու  տեքստերը: Ե՞րբ ենք հրաժեշտ տալու ավերող թաթերի եւ քար անտարբերության դարաշրջանին: 
 Խաչիկ Ենգիբարյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More