Ավարտվել է Գեղարքունիքի մարզային ենթակայության հանրակրթական դպրոցներում ՙՇախմատ՚ առարկան դասավանդելու համար նախընտրական փուլը, որին մասնակցելու համար մարզի հանրակրթական դպրոցներն առաջադրել են շուրջ 125 թեկնածու: Եվս 35 շախմատի մասնագետներ առաջադրել են համայնքները:
170 դիմողից նախընտրական առաջին փուլում անցել են 61 ուսուցիչ: Ինչպես տեղեկացանք Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի ԿՄՍ վարչության մշակույթի եւ սպորտի բաժնի վարիչ Գեղամ Չարվադարյանից` ընտրական առաջին փուլն անցկացվել է ՀՀ շախմատի ակադեմիայի փոխնախագահ Սմբատ Լպուտյանի մասնակցությամբ:
Ընտրական փուլում Գավառի տարածաշրջանի 24 դպրոցի ներկայացուցիչներից ընտրվել է 8 ուսուցիչ, Սեւանի տարածաշրջանի 18 դպրոցից` 1 ներկայացուցիչ, Մարտունու տարածաշրջանի 28 դպրոցից` 22 ներկայացուցիչ, Վարդենիսի տարածաշրջանի 35 դպրոցից` 21 եւ Ճամբարակի 17 դպրոցից` 9 ուսուցիչ: Ընտրված ուսուցիչներն այս պահին ՀՀ շախմատի ակադեմիայում մասնակցում են վերապատրաստման դասընթացներին, որից հետո կստանան շախմատ դասավանդելու վկայական:
Նույն աղբյուրից տեղեկացանք նաեւ, որ այս պահին հաշվառվում են մարզի հանրակրթական բոլոր դպրոցների երկրորդ դասարանցիները, քանի որ այս տարվա ուսումնական պլանի համաձայն` նախատեսված է շախմատ դասավանդել միայն հանրակրթական դպրոցների երկրորդ դասարաններում:Դպրոցներում ուսուցիչների թափուր տեղերի համար կկազմակերպվի լրացուցիչ ընտրություն:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий