Այսօր նոր ուսումնական տարին կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյաի ուղեկցությամբ դիմավորեցին Սեւանի տարածքի Ծաղկունքի Հովհաննես Թումանյանի անվան հանրակրթական դպրոցում:
Դպրոցն ունի 129 աշակերտ, նրանցից 11-ը առաջին դասարանցիներ են: Այս ուսումնական տարում Ծաղկունքի դպրոցում ներդրվելու է <<Բաց դպրոց>> ծրագիրը: Նախաձեռնությունը պատկանում է <<Դար>> հիմնադրամին, որը ստեղծվել ու ֆինանսավորվում է ծաղկունքցի բարերարներ Աղաջանյան եղբայրների ջանքերով: Աղաջանյանների ֆինանսական աջակցությամբ դպրոցը այսուհետ կծառայի նաեւ համայնքի բնակչությանը: Ծրագրի հիմնական նպատակն է դպրոցում ստեղծվող տարբեր համալիր ծառայությունների շնորհիվ ամուր կապ ստեղծել համայնքի եւ համայնքի երիտասարդության միջեւ: Գիտելիքի օրվա կապակցությամբ իր շնորհավորական խոսքում Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը նշեց. <<Ողջունելի ու օրինակելի է կրթօջախում նման ծառայություններ մատուցելը, եթե համայնքում այս ծրագիրը արդարացնի մեր նպատակները, ապա նույնը կարելի է անել նաեւ մարզի մնացած դպրոցներում>>:
Ծաղկունքի դպրոցում կազմակերպված տոնական միջոցառման ընթացքում Արմեն Աշոտյանին պատիվ շնորհվեց վկայականներ հանձնել 2010-2011 ուսումնական տարվա ընթացքում գերազանց առաջադիմություն ունեցած 12 աշակերտի:
Արմեն Աշոտյանի ու Նվեր Պողոսյանի հաջորդ կանգառը եղավ Ձորագյուղի հիմական դպրոցը: Ձորագյուղի հիմնական դպրոցում սովորում են 487 աշակերտ: Արմեն Աշոտյանը այցելեց առաջին դասարանցիներին, շնորհավորեց նրանց` ուսումնառության առաջին օրվա կապակցությամբ: Ապա հանդիպում ունեցավ մանկավարժական կոլեկտիվի հետ: Ձորագյուղի հիմնական դպրոցի մանկավարժների հետ քննարկվեցին կրթական ծրագրերը, համակարգում եղած խնդիրներ:
Ձորագյուղի ավագ դպրոցում կրթության նախարարը անմիջական զրույց ունեցավ դպրոցի 12-րդ դասարանների երեք հոսքերի աշակերտների հետ: Անմիջական շփման ընթացքում ԿԳ նախարարը փորձեց պարզել, թե ավագ դպրոցի սաները մասնագիտության ընտրության հարցում ինչպիսի կողմնորոշվածություն ունեն: Հանդիպումների ընթացքում Արմեն Աշոտյանը եւս մեկ անգամ կարեւորեց գյուղում որակյալ կրթություն ապահովելու հանգամանքը, որը հզոր պետություն ունենալու ամենամեծ գրավականն է: <<Որքան ուժեղ, բարեկեցիկ եւ գիտակ է յուրաքանչյուր քաղաքացի, այդքան ուժեղ է եւ հզոր յուրաքանչյուր պետություն: Գյուղում կարելի է ստանալ որակյալ կրթություն>>,-եզրափակեց իր խոսքը Արմեն Աշոտյանը:
0 comments:
Отправить комментарий