Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը մարտի 22-ին ընդունեց «Հուսո այգի» երիտասարդ կանանց բարեգործական հիմնադրամի ներկայացուցիչներին: Հիմնադրամի ղեկավար Հասմիկ Աբովյանը Գեղարքունիքի մարզպետին տեղեկացրեց, որ ծրագրի շրջանակներում մարզերից ընտրված 17-22 տարեկան միջնակարգ կրթություն ստացած միակողմանի կամ երկկողմանի ծնողազուրկ, կարիքավոր ընտանիքներից ընտրված 20 աղջիների համար կազմակերպությունը ապահովելու է նրանց նախասիրությամբ միջնակարգ մասնագիտական կրթություն ստանալու հնարավորությունը` համապատասխան ուսումնական հաստատությունում` ապահովելով օթեւանով:
Կարիքավոր ընտանիքների աղջիկները կարող են ստանալ մանկաբարձ- գինեկոլոգի, տուրիզմի գործակալի, հաշվապահի, ֆինանսիստի, դերձակի, գործավարի, վարսավիրի, դիմահարդարի, ուսուցչի, թարգմանիչի եւ այլ մասնագիտություններ: Միաժամանակ ծրագիրը կօգնի նրանց դառնալ ավելի ինքնավար եւ անկախ քաղաքացիներ: Ըստ ներկայացված ծրագրի` մարզերից ընտրված 1 կամ 2 երիտասարդ աղջիկները հիմնադրամի խնամքի տակ պետք է մնան 2-3 տարի: Իսկ համապատասխան կրթություն ստանալուց հետո մարզի ղեկավարությունը պետք է հոգա նրանց աշխատանքի տեղավորման խնդիրը:
Նվեր Պողոսյանը կարեւորեց երիտասարդ աղջիկներին նմանատիպ աջակցություն ցուցաբերելու գործընթացը` ոչ այնքան դյուրին համարելով աշխատանքի տեղավորման հարցը: Ըստ մարզի ղեկավարի` աշխատանքի տեղավորման հիմնական նախապայմանը մրցույթներին մասնակցելն է, իսկ մեր օրերում միջնակարգ մասնագիտական կրթությամբ անձինք հիմնականում զիջում են բարձրագույն կրթություն ունեցողներին: Մարզպետի առաջարկով` հիմնադրամի ներկայացուցիչները համաձայնության եկան Գեղարքունիքի մարզից ընդգրկել գոնե 5 այնպիսի կարիքավորի, ում ընտրած մասնագիտության պահանջարկը իր բնակավայրում կա:
«Հուսո Այգի» հիմնադրամի ներկայացուցիչները Գեղարքունիքի մարզպետարանում կհամագործակցեն մարզպետարանի կրթության վարչության եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի հետ: Աղջիկների ընտրությունը կկատարվի մինչեւ մայիս ամսվա վերջը, իսկ ուսումնառության մեկնարկը կտրվի նոր ուսումնական տարվանից:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий