ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 10 августа 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ (սկիզբը՝ նախորդ համարներում) մաս 9

Ֆիդայական կյանքի մեկ այլ հոգեցունց պատկեր է Տատրագոմի հարսի պատմությունը: Այս պատմությամբ բացահայտվում է ֆիդայական կյանքի հերոսական ու ողբերգական ծալքերի շղթան: Պարզվում է, որ ազգի փրկությանը զինվորագրված մարդկանց դիմաց կանգնած է ոչ միայն օսմանյան զինված զորքը, վաղուց պատուհաս դարձած քրդությունը, այլ նաեւ անձնական խաթարված կյանքը կամ կյանքի հետագա ճանապարհի խոտորումը, որը, թերեւս ամենաթաքնված ու զորեղ թշնամին է: Մեր ժողովուրդը միշտ եւ ավելի շուտ ֆիդայիներին պատկերացնում է հսկա մարմնով եւ ուժեղ հոգեկերտվածքով, քաջ ու առնական կերպարանքի մեջ: Նրանք չունեն այլ խնդիր ու նպատակ, ապրում ու ձգտում, քան թշնամու դեմ կռիվներ մղելն ու Հայաստանը բռնակալի շնչից ազատելն է: Նրանց կերպարներում հիմնականում արտացոլվում է Հերոսը, իսկ Մարդը թաքնվում կամ աներեւութանում է մեծ նպատակների եւ գաղափարների լաբիրինթոսում, ժամանակի թանձր, անթափանց մշուշների մեջ: Անժխտելի է, որ ամեն մի ֆիդայի նախեւառաջ Մարդ էր՝ իր հոգեկերտվածքով, բացառիկ ներաշխարհով, ապրած գիտակցական կյանքով, սիրով ու հավատով, իր առջեւ դրած որոշակի նպատակներով, նաեւ՝ թիկունքում թողած անցյալով ու հարազատներով, ներանձնական ապրումներով: Անժխտելի է, որ ֆիդայությունը ցանկացած մարդու համար անասելի եւ դաժան փորձություն էր, որի առջեւ տոկալը շատ ավելի ծանր էր, քան՝ բանտը, տառապանքը, թշնամու գնդակը կարող էին պատճառել: Անվեհեր այս մարդիկ, չերկնչելով իրենց կյանքի համար, չերկնչելով ամեն մի փորձությունից ու թշնամուց, երբեմն ի զորու չեն եղել կռիվ մղել անձնական ցավի եւ ապրումների դեմ, զսպել ոգու պոռթկումները, ոգու, որ իշխում է ոչ միայն մարմնի, այլ Մարդ արարածի կյանքի ու գիտակցության դաշտի վրա: 
 Մեր գրականության մեջ կերպավորված ֆիդայիները մինչեւ 1920-ական թվականները հիմնականում ներկայացվել են հերոսի լուսապսակով, սրբերի չափ պաշտվող անուններով: Քաղաքական այս ռոմանտիզմը ծառայել է ազգային-ազատագրական պայքարի բորբոքմանը, ազգի համախմբմանն ու միավորմանը, հայրենասիրության ծավալմանը, սակայն սաստկացրել է ազգի նվիրյալների անձնական ծանր ու ողբերգական ապրումների շեշտադրումները: Հայ շատ մտավորականների է հաջողվել պատկերել ֆիդայիներին կռիվների ու քաջագործությունների, հայրենասիրության դրվագների մեջ, բայց շատ քչերին է հաջողվել խորությամբ եւ բարձրորեն հնչեցնել նրանց հոգու ձայնը, որը պոռթկացել է մռնչյունից էլ ավելի զորեղ: Այդ առաջին հաջողակներից մեկը եղավ մեծանուն Չարենցը` ՙԽմբապետ Շավարշը՚ պոեմում Շավարշի ապրումների ու խոհերի անզուգական պատկերով վեր հանելով ֆիդայիների անցած դժոխային կյանքն ու ճանապարհը: Եվ ի՛նչ փշերի ու ապառաժների, ի՛նչ մութ դրվագների, ի՛նչ մահացու, դժնատեսիլ իրականության հետ են բախվել ֆիդայիների վեհ ու լուսավոր երազները: ՙԽմբապետ Շավարշի՚ մասին հայ գրականության մեջ հնչել են բազմաթիվ հեղինակավոր ու համոզիչ, նաեւ` ծայրահեղության հասնող, սոցռեալիզմի մեջ կաղապարված կարծիքներ: Այս մասին դեռ մանրամասն կներկայացնենք մեր հաջորդ էջերում կամ գլուխներում: 
 Հաջորդ հաջողակը, որն ավելի ընդգրկուն էջերի վրա ավելի մոտիկից ու անմիջականորեն է բացահայտել ու հնչեցրել ֆիդայիների ներաշխարհն ու նրանց հոգու ձայնը, Ռուբեն Տեր-Մինասյանն է: Նա, այն էլ ոչ մեկ դեպքում կամ դրվագում, ընթերցողին համոզում է, որ ֆիդայիները ոչ թե քարից ու երկաթից, այլ միս-արյունից էին շինված, եւ նրանց կրծքի տակ շատ ավելի մարդկային, շատ ավելի հուզական սիրտ էր բաբախում, թեկուզ նրանք շատ էին նայել մահվան աչքերին, շատ էին մահ պատճառել ասկյարներին ու քրդերին` միշտ սառնասիրտ ու վճռական: Այդ դրվագներից մեկը, ներծծված գեղարվեստական բարձր հնչեղությամբ, կատարվել է Մշո աշխարհում, ֆիդայի Հովանի եւ նրա կնոջ հետ: 
 Դաժան ու անըմբռնելի են ֆիդայական կաղապարված օրենքները: Դրանք ֆիդայիների համար են, բայց ոչ երբեք` հասարակ մահկանացուների: Ու դարձյալ մեջտեղ է գալիս կնոջ ու ընտանիքի թեման: Ռուբենն իր գրքի այդ հատվածում չի նշում Հովանի կնոջ անունը: Այդպես գուցե ավելի խորհրդավոր է, քանի որ Հովանի կինը կերպավորում կամ  ընդհանրացնում է բոլոր այն հայ կանանց, ում ամուսինները, տունուտեղ, կին, ծնող ու երեխա թողած, զինվորագրվել էին կամովին ու անխախտ երդումով: Ֆիդայական օրենքներով` ժուժկալության էին դատապարտվում ոչ միայն զենքի հետ պսակված տղամարդիկ, այլ նաեւ` նրանց կանայք: Բոլորին չէ, որ տրված էր Սոսեի կամ Եղսոյի համարձակությունը` իրենց ամուսինների հետ լեռներում թափառել կամ ապրել ամուսնական կյանքով:
 ՙՅովան անունով ֆետայի մը ունեինք, որ տարիներով զենքի տակ էր, բազմաթիվ կռիվներու մասնակցած: Թեեւ երիտասարդ եւ շատ գեղեցիկ կին ուներ, բայց ահա ֆետայական սովորութեան համաձայն տարիներով գիւղ չէր հանդիպած եւ իր ընտանիքին մէջ չէր եղած: Ֆետայիներու կիներն ալ պիտի տանջվին ոչ միայն աղքատութենեն, այլ նաեւ ժուժկալութենեն. անոնք պարտական են կույսի կեանք վարել՚: 
 Հովանի կինը չի դիմանում կույսի կյանք վարելու պարտադրանքին եւ ակամայից ոտնահարում արդեն արմատացած օրենքները: Նա կապ է հաստատում մի քրդի հետ եւ մարդի գնում նրան: ֆիդայիների վրեժից խուսափելու համար նրանք նախընտրում են հեռանալ Տատրագոմից եւ բնակություն հաստատել Մուշ քաղաքում: Սակայն սիրահարները սխալվում են իրենց հաշիվների մեջ, քանի որ ֆիդայիների սուրը շատ ավելի երկար տեղեր կարող էր հասնել, քան իրենք էին կարծում: Դեպքը փոթորկում է ոչ միայն ֆիդայական աշխարհը, այլ նաեւ Տարոնի հայությանը, քանի որ Հովանի կնոջը ոչ թե հայ տղամարդ, այլ ՙքրդի շուն՚ է փախցրել: Դա համարվում էր չլսված անպատվություն: Ֆիդայիների վրիժառու սուրը Մուշ քաղաքի թուրքական թաղամասում գտնում է Հովանի կնոջը փախցրած  քուրդ տղամարդուն ու սպանում: 

Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More