ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

среда, 10 августа 2011 г.

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԴԱՍ. ՖԻԴԱՅԻ ՍԱՔՈՆ /սկիզբը նախորդ համարներում/

 Սարգիս Լալայանի հուշերի միջով կարմիր թելի պես ձգվում-երկարում են այն մղձավանջային օրինակները, երբ ադրբեջանական ջարդարար ոհմակներին միացել էին ԽՍՀՄ ներքին զորքերն ու բանակային ստորաբաժանումները, եւ այդ դեպքում արդեն հայ ինքնապաշտպաններին մնում էր մտնել ավելի արյունահեղ, գրեթե անելանելի թվացող կռվի մեջ, քանի որ հակառակորդը ոչ միայն միայնակ չէր, այլ ավելի մահաբեր զենքերի էր ձեռք գցել...
 ՙՄարդասպանությունը, մարդաորսությունը, անասնագողությունը անկառավարելի չափերի էին հասել: Բայց միշտ առաջինը նրանք էին անում, մենք պատասխան էինք տալիս:
 Մանաշիդից անմիջապես հետո հարձակում եղավ Կարաչինարի վրա: Եվ քանի որ շրջանում այդ մի ավտոմատն էր, անմիջապես Վանիկին տեղափոխեցին Կարաչինար: Այնտեղ կաթի կոմբինատ կար, որի կտուրում պիտի դիրքավորվեր Վանիկը: 
 Հետո լուր ստացանք, որ թուրքերը ուզում են մտնել Բուզլուխի ուղղությամբ: Վանիկին նորից տեղափոխեցինք Բուզլուխ, հետո լուր եկավ, որ Թալիշի ուղղությամբ են հարձակվում: Այսպես շարունակ զենքի պատճառով Վանիկն անընդհատ տեղափոխվում էր մի տեղից մյուսը: Վանիկը ՙՎիլիս՚ ուներ, չէր սպասում էլ, որ գան, իրեն կանչեն, հենց զանգում էին, գնում էր մենակ, ընկերներով, ոնց պատահեր: 
 Եկավ չարաբաստիկ 1991 թվականի հուլիսի 6-ը: Ապա՝ ավելի չարաբաստիկ 1991 թվականի հուլիսի 15-ը: Հուլիսի 6-ին սկզբից թուրք օմոնականները հզոր բանակով, տանկերով, բենպեներով, բետերներով, մի քանի մեքենաներով, ուղղաթիռներով օդանավերով ու հարձակվեցին հենց Էրքեջի ուղղությամբ: Դա մի պահ էր, որ ոչ-ոքի մտքով չէր անցնում, որ կարող է նման հարձակում լինել: Քանի որ հերթապահները, որ հսկում էին գյուղի տարածքը, ոչ մի բան չէին նկատել: Պատահաբար մի տաս-տասերկու տարեկան երեխա` անունը Մասիս, ով այժմ ապրում է Քարվաճառում, գնում է, որ չոբաններին խաբար անի, որ կովերին նայեն, մեկ էլ տեսնում է, որ մեծաքանակ  տեխնիկա է գալիս, հարայ է գցում, վազում դեպի գյուղ: Արդեն գնդացիր, մի քանի ավտոմատ, կարաբին հրացան ունեինք: 
 Վանիկը մի քանի տղերքի հետ նստում, հասնում է գյուղից դուրս եկող  թմբի, որի կողքով անցնում է ճանապարհը: Տղերքը թմբի տակ դիրքավորվում են: Թմբից անմիջապես ավտոմատով Վանիկը, իսկ գնդացրով մեր մարտական ընկեր Շուրիկը փորձում են պաշտպանել ճանապարհը: Բայց ցավոք, գնդացիրը հենց այդ պահին չի աշխատում, ու կրկին մնում են մի ավտոմատի հույսին: Հետո պարզվեց, որ գնդացիրը մաքրված չի եղել այդ պահին: Մի կերպ մի հատ կարաբին են տղերքից վերցնում: Այդ օրը 43 հոգի թուրք են սպանվում, 96 հոգի վիրավորվում, իսկ մերոնցից ոչ մեկի մազն էլ չէր ծռվել: Թուրքական մի տանկ պատահաբար շրջադարձի պահին անջատվում է ու ճանապարհը փակում, որից իրենք խուճապի են մատնվում: Նրանց բախտը բերեց, որ ինքնաթիռներն ու ուղղաթիռները օգնում էին, այլապես կարող էին ավելի շատ կորուստներ ունենալ: Ջիվան Աբրահամյանը իր ջոկատով մեր գյուղում էր, բայց այնպիսի իրավիճակ էր, որ մեր կողմից էլ ավելին անել հնարավոր չէր: Ուղղաթիռներից հայտարարեցին, որ հանձնվենք: Մենք, իհարկե, կարող էինք շարունակել մարտը, ուղղաթիռ խփել, բայց ինքնաթիռներն արդեն խփել չէինք կարող, իսկ գյուղը լրիվ անպաշտպան էր, երեխաները, հավաքված դպրոցի բակում, խաղում էին, ու մեր մի ավելորդ շարժումից թշնամիները կարող էին ռումբ նետել ու ամբողջ գյուղը կործանել: Գեներալ Մամեդովը նույնպես մասնակցում էր գործողությանը, թեեւ վախեցել էր, երբ ճանապարհը փակվել էր: Շրջկենտրոնից մարդիկ եկան: Այդ ժամանակ Շահումյանում ռուսական զորքեր կային, որ իբրեւ թե եկել էին շահումյանցիներին պաշտպանելու, բայց չպաշտպանեցին: Զորքերը մի քանի օր շարունակ բարձրախոսներով պահանջում էին, որ զենքերը հանձնենք, հետո ուղղաթիռներով էլ վախեցնում էին, հայտարարում, որ անձնագրային ռեժիմ են մտցնելու: Ստիպված գյուղից մի քանի հատ փչացած, փողերը ծռված հրացան հավաքեցինք, Վանիկի մեքենայով մի քանի հոգով տարան դրանք հանձնելու: Վանիկին այդ ժամանակ թուրքերը արդեն լավ էին ճանաչում, գիտեին, որ մեր հրամանատարն է, գլուխը բավականին մեծ գումարով գնահատել էին, դրա համար էլ վախեցանք Վանիկին ուղարկել: Տղաների հետ գնաց մեր մյուս եղբայրը՝ Սողոմոնը: Գեներալ Մամեդովը ու ընդհանրապես թուրքերը չէին հավատացել, որ փչացած էդ զենքերով ենք մենք կռվել ու ստիպել էին հանձնել իսկական զենքերը, որոնք որ այդ օրն աշխատել են: Դե տղաներն էլ իրավիճակը չսրելու համար ասել էին, որ տեղյակ չեն, թե ինչ զենք կա գյուղում, ու խոստանում են վերադառնալ, հավաքել, բերել ու հանձնել: Գալիս են, ու էլ ինչ վերադարձ: Սակայն լարվածությունը շարունակվեց մինչեւ հուլիսի 12-ը: Հուլիսի 12-ին սկսվեցին իրար դեմ ուղղված կրակոցներ, սկզբից նրանց կողմից, ապա՝ մեր: Հուլիսի 13-ին Մանաշիդ ու Բուզլուխ գյուղերը դուրս եկան առանց դիմադրության: Մեզ էլ ի՞նչ էր մնում անել: Թուրքերը ազատ կարող էին մտնել Մանաշիդ, Բուզլուխ: Մենք ունեինք ընդամենը 26 կռվող տղա, 6 ավտոմատ, մնացածին՝ որսորդական հրացան: Ես կռիվների օրերին կապավոր էի: Հուլիսի 6-ին էլ, մնացած օրերին էլ ձիով լուր էի տանում, բերում, փամփուշտ  բաժանում:  Որոշեցինք երեխաներին գյուղից հանել եւ ամեն գնով գյուղը պահել: Հուլիսի 13-ին երեխաներն ու կանայք գյուղից լրիվ դուրս եկան, 14-ին էլի մարտիկներ միացան մեզ:
 Ջիվան Աբրահամյանն իր տղերքով, ՙՏիգրան Մեծ՚-ի տղերքից էլ եկան ու միացան մեզ: Էրքեջը 3 կողմից շրջապատված էր: Որ կողմը նայում էիր՝ տանկ էր, բետեր, բենպե: Ուղղաթիռներն ու ինքնաթիռներն օդից էին հիշեցնում իրենց ներկայությունը Էրքեջում ու չդադարող կրակահերթով վախեցնում մեզ:
գրառեց՝ Ա. Ավետիսյանը
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More