ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 29 декабря 2011 г.

ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅԱՄԲ ԱՊՐԱԾ ՏԱՐԻՆԵՐ


Գարնանացող հավատի
Լույս օրոր է երգը մոր,
Խորախորհուրդ բարության
Օվկիանոս է սիրտը խոր...
Ադելաիդա Հովեյան
Տողերը նվիրված են ակնարկիս հերոսուհուն` Թամարա Ղայֆաչյանին, որի հեղինակը Թամարայի դուստրն է, ով ապրում եւ ստեղծագործում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Թամարան օրեր առաջ է  բոլորել իր կյանքի 90 տարին, 90 տարի` հագեցած սիրով, ջերմությամբ եւ իմաստնացած ապրումներով:
 Թամար տատիկը իր կյանքի 60 տարին նվիրել է մանկավարժությանը` անդուլ աշխատանքով ու բարոյական կերպարով ծառայելով մատաղ սերնդին: Կամոյի մանկավարժական տեխնիկումում մանկավարժի կրթություն ստանալուց հետո Թամարային գործուղում են Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում աշխատելու, որտեղ էլ ծանոթանում է իր ապագա ամուսնուն` Հրաչ Հովեյանին, ով եղել է դպրոցի տնօրենը:  Դպրոցում աշխատել է ջոկատարավար, ապա մանկավարժ: Երկար ու ձիգ տարիներ աշխատել է դատարանում` որպես քարտուղար: Կարմիրգյուղի միջնակարգ դպրոցում աշխատելուց հետո շարունակել է մանկավարժի գործունեությունը Լճափի դպրոցում, ուր աշխատել է 4 տարի: <<Եղել են օրեր, որ ավտոբուս չի եղել եւ ձյանն ու անձրեւին ոտքով եմ գնացել Լճափ>>,- հիշում է Թամար տատիկը:
Այնուհետեւ աշխատանքի է նշանակվել Գավառի համար 17 գիշերօթիկ դպրոցում` աշխատելով որպես դաստիարակ: Այստեղ աշխատել է մինչեւ 80 տարեկան դառնալը: 
Թ. Ղայֆաչյանը նաեւ աշխատանքի վետերանն է, իսկ պատերազմի տարիներին իր աջակցությունն է բերել մարտի դաշտ մեկնածներին` շղագործելով եւ նվիրելով բրդե չորաբներ եւ հագուստ: 
 Թամար տատիկը իր նուրբ ուսերի վրա է կրել ընտանիքի հոգսը, չորս զավակների եւ ամուսնու ծնողների խնամքը երկար տարիներ, մինչեւ ամուսինը վերադարձել է հայրենական պատերազմից: 
 Իր վաստակաշատ աշխատանքի համար ակնարկի հերոսուհին արժանացել է բազմաթիվ պարգեւների, ստացել մանկավարժի կոչում, խրախուսական պատվոգրեր:
 Նա 4 զավակների մայր է, 12 թոռների ու 19 ծոռների տատ: 
 Թամար տատիկն իր դստրերին, թոռներին կնության տալիս մայրական օրհնանքի հետ նվիրել է իր մոմ ու լույս դարձած մատերով ասեղնագործած սփռոցները, անձեռոցիկներն ու ոսկեկար բարձի երեսները: Հիմա էլ վաստակաշատ տատիկը անգործ չի մնում, ասեղնագործում է, կտրում, կարում: Գործում է խոհանոցային բռնիչներ եւ օծելով օրհնանքով ու ջերմությամբ` նվիրում իր հազարատներին ու մտերիմներին: Կարդում է գրքեր ու շարունակում իր բարի հոգին լցնել գիտության լույսով: Նրա ամեն մի առավոտը բացվում է <<Հայր մերով>>, ամփոփվում աղոթքով ու գոհունակությամբ: Նա գոհ է իր օրվանից` շրջապատված իր  հարազատներով, իր որդու եւ հարսի հոգատարությամբ: Սակայն հոգու խորքում կրում է իր թոռան կորստի անդառնալի վիշտը: Իսկ հեռուն թափառող հայացքի մեջ գրկում է իր պանդուխտ դստերն ու թոռներին: 
 Քաղցրախոս է նա ու խրատատու` օրհանքով ու խորհուրդներով լուսավորելով իր բարեկամների ճամփան: 
Տեսնելով կյանքի դառն ու քաղցրը, ապրելով ձեռքբերում եւ կորուստ` հին գինու պես քաղցրանում է նա` աշնան արեւի պես շռայլելով իր հոգու շողերն ու սրտի բարությունը:
 Ամանորի մոտալուտին նրա հոգում փոթորկի պես հառնում ու միմյանց են խառնվում հուշերի կոհակները. նա ամփոփում է իր կյանքի եւս մեկ տարեմուտ:
-Մեր ժամանակ նոր տարին այսպես մեծ շուքով չէին նշում, փող էլ չկար, այդքան շատ մթերք էր չկար շուկայում, որ մարդիկ տուն տանեին: Չնայած ես ապրել եմ ապահովված ընտանիքում, եղբայրներիս փոքր քույրն եմ եղել, բայց նոր տարվան այսպես չէինք պատրաստվում: Մայրս լավ ձեռք ուներ, համեղ գաթա էր թխում, կաթնահունց, կլոջ: Հիշում եմ, որ թոնրի մեջ դույլ էր շուռ տալիս, սինու մեջ դնում թխվածքն ու թխում թոնրում: Մեր մանկության տարիներին սուրճ չկար, չէին խմում: Մենք <<սամովար>> ունեինք, մայրս նոր տարվա սեղանին սամովար էր դնում ու հարեւանները գալիս, միասին թեյ էին խմում` շնորհավորելով միմյանց: Եթե ձմռանը եղանակը տաք էր լինում, բակում մեծ տախտակ էինք դնում որպես սեղան եւ հարեւաններով միասին նշում էինք նոր տարին: Ով ինչ ուներ  տանը, բերում էր: Ընդունված էր պասուց տոլմա եւ բրնձով փլավ եփելը: Սեղանին միշտ լինում էր չիր ու չամիչը, խնձորն ու տանձը: 
Անի Պողոսյան

1 comments:

Անի ջան շնոհավորում եմ քո գալիք նոր տարին բարեմաղթում ստեղծագործական նորանոր հաջողություններ, թող իրականանան քո բոլոր ցանկությունները:Շատ ապրես որ մեծարել ես տատիկիս ըստ արժանվույն:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More