ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ԱՐԾԿԵԻ ՓՐԿՎԱԾ ՀԱՅԻ ԲԵԿՈՐ ԱԼԵՔՍԱՆԸ


/սկիզբը նախորդ համարներում/

ՓԱԽՈՒՍՏ ԴԵՊԻ ՂԼԱԹ  (ԱԽԼԱԹ)

Ախլաթը դա մի գավառական քաղաք է, գտնվում է Վանա ծովի ափին, Բաղեշ ¥Բիթլիս) տանող ճանապարհի վրա: Քաղաքը այգեշատ, ծառաստան քաղաք է: Հայտնի է Ղլաթա տանձը: Այն մոտ է Նեմրութ եւ Քոքուռ սարերին: Մտնում է Վանա նահանգի մեջ, սահմանակից է Ալջավազին եւ Տարոնին: Բնակչությունը՝ հայեր, քրդեր եւ տաճիկներ են: Գավառի կենտրոնն է՝ Ղլաթ: Շինությունները մաքուր, սրբատաշ քարերից են, քանի որ քաղաքն ունի վարդագույն եւ սեւ տուֆ քարի առատ պաշարներ: Մեր փախստական խումբը որոշեց գնալ Ախլաթ, որտեղ կոտորած դեռ չկար: 
Մեր գավառի կոտորածը պատճառաբանվում էր նրանով, որ Բղաթե Չատո կոչվող քրդական մի հայտնի ցեղապետ՝ իր ցեղից հավաքած մոտ 3000 անկանոն զորքով ռուսաց դեմ պատերազմի է գնում եւ իր ճանապարհը դիտավորյալ շեղում մեր գավառի հայկական գյուղերով, որպեսզի վրեժխնդիր լիներ հայերից եւ վայրագ բարբարոսություններ կատարելով՝ առաջ է գնում: 
Բղաթե Չատոյի զորքը առաջինը մտավ մեր գավառի Կոճեր կոչվող գյուղը: Այդ գյուղից՝ բացի ուտելիքից, լկտիաբար պահանջել էին 40 գեղեցիկ հարս ու աղջիկներ: Կոճերցիները դիմել էին աղերսանքով, որ ինչ-որ հարկավոր է զորքի համար՝ տան, միայն թե պատիվ չի բերի Բղաթե Չատոյի նման ՙմի ազնիվ ցեղապետի՚, որ հայտնի է մյուս քրդական ցեղապետերի մեջ, իրեն թույլ տա՝ կանանց անպատվելու: 
Կոճերը ինքը փոքր գյուղ է  Վանա  ծովափին եւ նավահանգիստ: Կոճերցիները գիշերով գաղտնի սուրհանդակ են ուղարկում Առեն գյուղ, որ բաղկացած էր մոտ 300 հայ տնտեսություններից: Առենցիները հայտնում են կոճեցիներին, որ ինչ որ ուզեն՝ ոչխար, անասուն՝ տանք, միայն աշխատենք ամեն միջոց գործադրել, պահպանելու մեր պատիվը, մինչեւ իրենք հասնեն: 
Առեն գյուղը գտնվում էր մի հարթ տարածության վրա, զերծ սարերից եւ բլուրներից: Այնտեղ բնակվող հայերը քաջ եւ կազմակերպված մարդիկ էին: Նրանց գլխավոր կազմակերպիչները հանդիսանում էին Մանուկ աղայի տղաներ Մոսո եւ Փոթո եղբայրները, որոնց մայրը իմ պապ Ղազարի քույրն էր: Առենցիները գյուղի այն մասում, որտեղից որ պիտի գյուղ մտնի Բղաթե Չատոյի զորքը, դիրքեր են փորում եւ խրամատա­վորվում՝ սպասելով Չատոյի զորքի գալուն: Հենց որ Բղաթե Չատոյի զորքը մոտենում է (հրամայված էր թողնել շատ մոտիկ, որ ոչ մի գնդակ ապարդյուն չանցնի)՝ առենցիները կրակ են տեղում Չատոյի զորքի վրա՝ սպանելով հարյուրից ավել չատոներ: Մնացածը փախուստի դիմելով՝ գալիս են Ալջավազ եւ ճանապարհին սպանում հայ ճամփորդների՝ մոտ վեց հոգի: Բղաթե Չատոն հեռագրում է սուլթան Ռաշիդ թագավորին, որ ինքը գնում էր Ռուսաց դեմ պատերազմի, հայերը ճանապարհը կտրելով՝ կոտորեցին իր զորքից 100-ից ավել մարդիկ: Թե Չատոն ի՞նչ հրաման է ստանում թագավորից, մեզ հայտնի չէ: Միայն իր ճանապարհը փոխելով՝ մի ուրիշ ճանապարհով նա պատերազմի դաշտ գնաց: Իսկ առենցիները, որոնք մասնակցել էին այդ դեպքին, գիշերը նավերով փախչում են Վան, քանի որ ոստիկանության կողմից մասսայական խուզարկումներ եւ ձերբակալություններ էր կատարվում: 
Վանում կար հայկական լավ կազմակերպված միություն, որը ղեկավարում էր հայկական գավառների կարեւոր գործերը: Առենի դեպքից հետո Վանի միությունը մի գաղտնի հրահանգ նամակ է ուղարկում Ալջավազի Սքանչելագործ վանքի առաջնորդարանին, որ Ալջավազի կռվող եւ երիտասարդ տղամարդիկ նավերով Վան տեղափոխվեն, քանի որ սպասվում է հայերի ընդհանուր ջարդը: Այդ ժամանակ Ալջավազի առաջնորդարանում նստում էր Մոկաց Եղիշե վարդապետը: Այդ նամակը ընկնում է Վերին Սիփանի ռես Հովեի ձեռքը, որ միաժամանակ մականուն ուներ՝ Շեյթան Հովե, այսինքն՝ սատանա Հովե: Հովեն թրքասեր եւ ստոր դավաճան էր, թուրք կառավարողների ոտքերը լիզող, որ  միշտ իր պաշտոնին մնա: Հովեն, փոխանակ այդ կարեւոր փաստաթուղթը առաջնորդարան հասցնելու, այն հասցնում է թուրք կառավարության ձեռքը: Այսպիսով, թե առաջնորդարանի, թե մյուս ականավոր հայերը տեղյակ չեն լինում այս ստոր դավաճանությանը: Իհարկե, շեյթան Հովեն եւս կենդանի չմնաց իր երազած մշտական ռեսական գահի վրա նստելու, այլ նրա ստոր մարմինն էլ խառնվեց մյուս հազարավոր անմեղ զոհերի դիակների հետ: 
Հովեի աղջիկը՝ Դեղոն, ներկայումս ապրում է Բասարգեչարի շրջանի Մեծ Մազրա գյուղում, ունի երկու տղա՝ Գրիգոր եւ Սեփո անուններով: Սեփոն ապրում է Դիլիջանում, իսկ Գրիգորը՝ Մեծ Մազրայում, որն այժմ խելագարված է:
Վանեցիները, շնորհիվ իրենց միության  եւ կազմակերպվածության, իրենց օգնություն ունենալով  Շատախի, Թիմարի եւ նրա մոտակա գավառական հայերի օգնությունը, մեկ ամիս կռվեցին թուրքական կանոնավոր զորքի եւ զանազան քրդական ցեղերի դեմ:
Հասանք Ախլաթ: Այստեղ թաքնվեցինք մեր ծանոթ քուրդ Ումրոյի մարագում՝ քնելով դարմանների վրա: Մեզ արթնացրին այն ժամանակ, երբ Ումրոն մեզ դարմանի կողովի մեջ հաց ու պանիր եւ ուրիշ ուտելիքներ բերեց: Հացը միշտ կողովով էր բերում, որ հարեւանները կասկած չտանեն, իբր թե դարմանի է գնում մարագ, քանի որ այդ գյուղում քուրդ ապրողներ կային: Այսպես մի քանի օր ապրեցինք մարագում: Մի օր Ումրոն մեզ հայտնեց, թե մի քուրդ հարեւանի կին իր տուն էր եկել ու կնոջն ասել.
- Աղջի Գյուլիզար, խեր լինի, դուք այսքան հաց ինչի՞ եք թխում, հարսանիք չունեք, որ ասեմ հարսանիքի համար է:
- Ախպերներ ջան, ես շատ վախենում եմ, որ իմանան եւ դուք եք կորած, եւ ես: Ավելի լավ կլինի, որ դուք, քանի դեռ գյուղը քնած է, բարձրանաք մեր գյուղի վերեւ երեւացող այն քարի տակը, նստեք, իսկ գիշերը մարագ կգաք: 
Մենք համաձայնեցինք: Ցերեկները բարձրանում էինք, այդ քարի տակ նստում, իսկ գիշերները գալիս Ումրոյի մարագը: Այդ քարի տակից ով մտներ՝ գյուղը երեւում էր: Հենց այդ օրը մենք տեսանք մի տասը ձիավոր թուրք ոստիկանի, որ գյուղ մտան, թե ինչ գործի համար՝ մենք  չիմացանք: Քիչ արեւոտ օր էր, բոլորս շարքով նստած տաքանում էինք եւ ցածր ձայնով խոսում: Անծանոթ վայրեր էին մեզ համար: Դու մի ասի, այդ քարի տակով անցնում է մի կածան, որ երկու գյուղերի միջեւ կարճ ճանապարհ է: Հանկարծ տեսանք, որ այդ կածանով ինը հոգի զինված քուրդ եւ երեք քրդուհի հանկարծակի մեզ վրա եկան: Բոլորը միասին զենքերը իջեցրին եւ կարծելով, որ մենք եւս զինված ենք, զենքերը դեպի մեզ ուղղելով հարցրին. 
- Շուտ պատասխանե՜ք, ո՞վ եք դուք եւ ինչո՞ւ եք այս սարի գագաթին, ի՞նչ եք անում: 
Բոլորը պապանձվեցին, անգամ Սահակը, այդ ժամանակ հայրս՝ Մկրտիչն էր, որ կարողացավ քրդերեն լեզվով ասել.
- Դուք գիտեք, որ Ալջավազի գավառը կոտորում են: Մենք փախստական ենք, մեզ գցել են այս ժայռի տակ՝ ինչպես ճնճղուկը վախից իրեն փշերի մեջ է գցում՝ կյանքը փրկելու համար: Հիմա մնաց ձեր խղճին, երեխաների ու մեր կյանքը ձեր ձեռքին է: Կուզեք՝ սպանեք, մեր գերեզմանները այս ժայռի տակ մնա, կուզեք՝ խնայեցեք մեր երեխաներին: 
Այս սրտառուչ խոսքերի արտասանության ժամանակ քուրդ կանանցից հասակավորը շտապ կարգով իր գլխի լաչակը հետ անելով, գցեց տղամարդկանց ոտքերի վրա: Նույնը արեցին այն երկու երիտասարդ կանայք ու խնդրելով ասացին.
- Կամ մեր լաչակները կոխկռտեք, նոր մեր աչքի առաջ արյուն թափեք:
Կնոջ սիրտը ավելի զգայուն է եւ բարեխիղճ: Այս լսելով՝ քուրդ տղամարդը գետնից բարձրացրեց լաչակները եւ ասաց, որ օրհնենք այդ կանանց, որ մեր կյանքը փրկեցին եւ հրացանները կրկին իրենց ուսը գցելով՝ հրամայեցին բոլորիս, որ մեր հագուստները հանենք: Այդ ստոր պատգամը մենք ուրախությամբ կատարեցինք: Երբ այդ գործողությունը կատարվում էր, հանկարծ մի խիստ գետնասլաց թուխպ ամպ մեր ապաստան քարաժայռին հասավ: Ես վերջի նստածն էի: Քրդերը մեկ-մեկ հագուստներն էին իրար վրա դարսում: Քարի արանքում մի ճեղքվածք կար, այդ ճեղքով բարձրացա ժայռն ի վեր եւ ունեցած բոլոր հագուստներս քրդին բաժին չդարձան: Երբ քրդերը թալանած հագուստները երեք տեղ կապելով հեռացան, ես գլուխս բարձրացրի. հազիվ թանձր մառախուղի մեջ նշմարեցի, որ մերոնք ինչ-որ մի ուղղությամբ գնում են:
Որքան ուժ ունեի՝ վազելով հասա խմբին: Երբ ինձ տեսան, բոլորը զարմացան, մանավանդ որ տեսան իմ ունեցած հագուստները վրաս են: Խեղճ հայրս անգամ մոռացել էր իմ գոյության մասին… Ո՞վ գիտե, այդ ժամանակ նրա մտքերը որտեղ էին, որ նա անգամ մոռացել էր իր զավակի գոյությունը… 
Ես պատմեցի, թե ինչպես փախա ժայռի գլուխ, բարձրացա եւ քրդերը ինձ չտեսան, հագուստներս չթալանեցին: Բոլորը գովեցին իմ քաջությունը, մանավանդ իմ դասատու պարոն Կարապետը:
Ամենքից շատ թալանված էր պարոն Կարապետը, քանի որ նրա հագուստները ավելի քան նոր էին ու մաքուր:

ՄԵՐԿ ՄԱՐԴԸ

Այդ ժամանակ մենք ինչ-որ ինձ անծանոթ մի ուղղությամբ գնում էինք: Մեր բարեկամ Ումրոյին այլեւս չտեսանք, որ ասեինք մեր շնորհակալ խոսքը՝ մոտ տասն օր մեզ կերակրելու եւ պաշտպանելու համար: Մեր խումբը, որ բաղկացած էր 32 մարդուց՝ մեկ դեպի ներքեւ  գնացին՝ դեպի ծով, հետո ընթացքը փոխեցին դեպի արեւելք: Առժամանակ էլ այդ ուղով գնացինք: Հանկարծ տեսանք, որ մի մերկ մարդ դաշտի միջով դեպի Ախլաթ է գնում եւ նրա մի ազդրը ամբողջապես ներկված էր: Այդ նրանից հոսող արյունն էր, որ ներկել էր նրա մերկ ազդրը: Նա որ մեզ տեսավ, մեկ ձեռքը իր առնանդամի վրա դրեց՝ ամոթից փակելով ու փախավ: Ինչքան նրան ձայն տվինք, որ մեզանից չվախենա, մենք էլ կիսամերկ հայեր ենք, բայց նա  մեզ չլսեց, առաջին՝ քանի որ, քամին նրա կողմից էր փչում, երկրորդ՝ անշուշտ, նա մեզ քրդերի տեղ ընդունելով՝ փախավ եւ անհետացավ մոտակա բլուրների հետեւում: Նա մի հայ էր՝ բարձր հասակով ու երեւի պատահել էր մի ճակատագրի, որ մի խումբ հայերի բոլորովին մերկացրել եւ սպանել են,  որպեսզի նրանց հագուստները մաքուր մնան՝ արյունից չկեղտոտվեն… Նա  երեւի մի դիպվածքով կենդանի է մնացել սպանված դիակների տակ եւ դուրս գալով՝ փախչում էր իր կյանքի վերջին նշույլը փրկելու համար: Մերոնք շատ ցավեցին, որ չկարողացան գոնե իրենց կիսամերկ վիճակով եղած հագուստներից մեկը  կամ վարտիք տային նրան՝ իր ամոթը ծածկելու համար: Մենք չկարողացանք նաեւ իմանալ, թե ո՞ր գյուղից էր կամ ու՞ր գնաց: Հայաստանի գարնանային սառը քամին մինչեւ մեր ոսկորներն էր անցնում: Մենք ցրտից սրթսրթում էինք: Ղարիբը խոսեց.
- Է՛, դա սաղ չի մնա, հիմա որ արեւը մտավ, դրա վերքից արյունը առվի պես գնում է, գիշերը կսառի եւ կմեռնի: Հազար ափսոս, ջահել մարդ էր…
Եվ այսպես մենք կորցրինք մերկ մարդուն:


ԴԵՊԻ ՋԱՄԱԼԴԻՆ ՁՈՐԸ

Նորից ճանապարհը թեքեցինք դեպի հյուսիս: Որոշ ժամանակ գնալուց հետո մենք հասանք Ջամալդին ձորը, որի անունով էլ կոչվում էր համանուն Ջամալդին գյուղը: Այդ ձորը իրենից ներկայացնում էր մի հրաշակերտ քանդակագործության պատվար: Ձորի միջով հոսում էր մի գետ, որի երկու ափերը շարված էին իրար վրա դրված երկուսից մինչեւ երեք մետրանոց քարերով: Դրանց երեսները մաքուր հղկված էին, որոնց երեսներին կար շատ նուրբ եւ գեղեցիկ ճաշակով գրված հայկական արձանագրություններ: Չեմ հիշում՝ ինչ էին պատմում այդ արձանագրությունները, ո՞ր իշխանի կամ նախարարի, թագավորի մասին, գուցե եւ մի հերոսի կամ սրբազանի մասին, այդ ես չգիտեմ: Երեւի մի քաղաքի հինավուրց ավերակներ կային այդ շրջապատում, դա նրա ամրության կամ պարիսպների շարունակությունն էր: Ես հնագետ չէի եւ ոչ էլ ուսումնասիրության էի գնացել, այլ այդ հինավուրց, հոյակերտ քանդակներին կից՝ ժայռերի խոռոչներում իմ կյանքը թաքցնելու եւ պաշտպանելու չար թշնամու գնդակից: Եվ այդպես, վեր բարձրացանք եւ գտանք մի քարայր, որն ուներ կլոր թոնրացու, մի դուռ, որից ներս մտնելով՝  ոչ շատ ընդարձակ հատակ ուներ, բայց մարդը լրիվ հասակով մեկ կանգնել չէր կարող կամ պիտի նստած դիրքով մնար կամ պառկեր: 
Մեր ունեցած վերջին հագուստներից մեկական կտոր հանելով՝ մի խուրձ կապեցինք եւ քարայրի դուռը փակեցինք, որպեսզի պաշտպանենք  դրսից խուժող  սառն ու ցուրտ քամուց, եւ որ մեր մարմնի տաքությունը, շունչը ներսում մնա եւ տաքանանք մեր իսկ շնչով: Մեր գրպաններում կար մեկական լավաշ հաց, որ վերցրել էինք Ումրոյի տանից: Այդ գիշեր անցկացրինք քարայրում: Ես խիստ տաքություն ունեի:  Հիվանդացա, քանի որ երբ քրդերը մեզ թալանեցին, եւ պարոն Կարապետի հագուստները խիստ թալանված էին, համարյա կիսամերկ էր, ես իմ ունեցած հագուստների մի մասը տվեցի իմ դասատուիս ու մրսեցի: Պառկած էի քարայրի խորդուբորդ հատակին, սուր-սուր քարերը ծակում էին մեջքս ու կողքերս, վերմակ չկար վրաս, ներքնակ չկար տակիս: Այդ դրությամբ զառանցում էի եւ տաքության մեջ մորս կանչում, զանազան ճաշերի անուններ տալիս ու պահանջում… Ու աչքս բաց անելով՝ վերեւս կախված էին սուր-սուր այրի առաստաղի քարերը: Միայն հայրս էր, որ գլխիս վերը նստած լաց էր լինում: Սա բառերի շարադրում չէ… Փախուստի մեջ սոված ու մերկ, հիվանդանալ քարայրում՝ սարսափելի էր: Կարող է ինձ թողնեին իմ բախտին հանձնված եւ հեռանային: Այդ գիշեր սաստիկ ձյուն եկավ: Իմ բախտից խումբը չկարողացավ ոչ մի տեղ գնալ: Երկու օր մնացինք քարայրում, երրորդ օրը ձյունը հալվեց՝ հեղեղներ առաջացնելով: Ձորի գետը հորդացավ, այնպիսի սրընթաց հոսանքով էր սլանում դեպի ներքեւ, դեպի ծովը, որ իր հոսանքի հետ քշում-տանում էր մեծ-մեծ քարեր: Գոմեշ չէր կարող անցնել հոսանքով: Ես մի քիչ լավացա այդ երեք օրվա ընթացքում: 
Խումբը նստեց խորհրդակցելու՝ ի՞նչ անել եւ ու՞ր գնալ, Ախլաթի գավառում այլեւս պաշտպանվել չէինք կարող: Նորից վերադառնանք Ալջավազ եւ գուցե մի ճար գտնենք՝ եթե սարերը ձյունից ազատ լինեին՝ մենք կարող էինք սարերով գնալ, հասնել ռուսական բանակին, բայց դժբախտաբար ամեն կողմը ձյուն էր եւ մեր ոտքերը, ձեռքերը ցուրտը կտաներ, մանավանդ հագուստ չունեինք: Վերջապես եկան այն եզրակացության, որ նորից պետք է վերադառնանք դեպի մեր ավերակ տները:
Իրիկուն էր, արեւը սկսել էր վերջին ճառագայթները ծածկել եւ ցուրտ, ոսկոր ծակող սառնամանիքը պաշարեց առանց այն էլ մեր սառած մարմինները: Ջամալդին գետը գոռուն գոչյունով, ահռելի ձայներ հանելով վիշապի նման փրփրալով ու գալարվելով սրընթաց հոսում էր: Խումբը մոտեցավ գետափին: Բոլորս հանեցինք մեր հագուստները եւ իրարու ձեռքից բռնելով՝ մի շղթա կազմեցինք, եւ պատվիրեցին, որ պինդ բռնենք, որ շղթան չկտրվի: Աստված կանչելով՝ գետը մտանք: Իմ մի ձեռքս բռնել էր հայրս, իսկ մյուսը՝ իմ դասընկեր Սերոբը: Ես գտնվում էի խմբի համարյա կենտրոնում, երբ գետ մտանք՝ ջուրը իմ ոտքերի տակից տանում էր քար ու ավազ, խիճ, քարերը խփում էին ոտքերիս՝ սաստիկ ցավ պատճառելով: Աշխատում էի ցավ չզգալ եւ անընդհատ ինձ ջրից վեր պահել: Շարունակ գոռում էին.
- Պինդ բռնե՛ք…
Երբ գետի կենտրոնը հասանք, իմ մեկ ձեռքս հորս ձեռքից պոկ եկավ եւ ինձ թաղեց մի ոլորապտույտի մեջ, բայց Սերոբը իր երկաթե բազուկով այնպես ամուր բռնեց իմ ձեռքից, որ նորից ինձ դուրս քաշեց ոլորապտույտից, եւ շղթան նորից միացավ: Մենք գետի ուժեղ հոսանքից անցանք դեպի ծանծաղուտ եւ անվնաս դուրս եկանք մյուս ափը: Խմբի մեջ կազմվածքով ամենաթույլը ես էի՝ բարակ ու նիհար մի տղա: Եթե Սերոբը իմ ձեռքս բաց թողներ, ես ոլորապտույտում երկու անգամ վար ու վեր կանեի, հոսանքի հետ կգնայի դեպի ծով՝ մի ծառի բախվելով եւ այնտեղ՝ ավազները կդառնային իմ գերեզմանոցը: Երբ բոլորս գետից դուրս եկանք եւ մեր աղքատիկ հագուստները հագանք, բարձրացանք հանդիպակաց փոքրիկ սարի գագաթը: Հագուստները կպան մեր թրջված մարմիններին, տախտակի պես կարծրացան ու քայլելիս խանգարում էին: Ես հիվանդ էի, չէի կարողանում խմբի հետ  հավասար քայլել: Բոլորը լեռան գագաթին գամվելով՝ մի կլոր շրջան կազմեցին եւ զանազան կարծիքներ հայտնեցին: Որոշեցին հետ գնալ Ալջավազ: Հայրս Մկրտիչն ասավ.
- Բարեկամնե՜ր, տեսնում եք, մեր տղան՝ Ալեքսանը հիվանդ է, չի կարող ճամփա գնալ ձեզ հետ: Ես Ալեքսանի հետ կերթամ, այստեղեր մի քրդի գյուղ կա՝ Կուշխանան: Այնտեղ ես մի ծանոթ ունեմ, կգնամ նրանց տուն, իսկ դուք որ կերթաք Ալջավազ, խիստ զգույշ եղեք, ձեր տեղը չիմանան: Եթե մի 15 օր պաշտպանվեք, ձները կհալվի ու կփախչենք դեպի ռուսաց բանակը: 
Վերջացնելով, բոլորը ոտքի կանգնեցին եւ իրար հետ համբուրվեցին՝ այս խոսքերը ասելով. ՙԱստված գիտի, էլ իրար կտեսնե՞նք, թե չէ…՚: Ինձ առողջություն ցանկացան եւ իրար բարի ճանապարհ, կարծես թե նախագուշակելով, որ դա կյանքի վերջին տեսությունն էր: Շատ դժվար էր բաժանման այդ րոպեները: Եվ իսկապես, դա մեր վերջին բաժանումն էր: Մենք այլեւս իրար չտեսանք: Սիրելի ընթերցող, նրանք գնացին՝ 30 հոգի ու սպանվեցին: Վերջում կպատմեմ, թե ինչպես սպանվեցին…

Մերի Քեշիշյան
գրի առավ՝ Ալեքսան Խլոյանը /Խլղաթյան/
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More