ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ

(սկիզբը՝ նախորդ համարներում)
Պատմական հետագա իրադարձությունները եկան ասելու, թե որքան հեռատես ու մարգարեացած էին կյանքի կրակներում թրծված ֆիդայիները: Ինչպես ջրից ցամաք նետված ձուկ` նրանք շնչահեղձ եղան ժամանակների, հեղափոխությունների, քաղաքական այլազան փոթորիկների անըմբռնելի տիրույթներում:
Նրանք անչափ դժվար են բաժանվում իրենց զենքերից, թափառական ու ժուժկալ կյանքից: Ամեն մեկը փորձում է իրեն տեղ ու ժամանակ, անելիք ու գործ որոնել սահմանադրական Թուրքիայում, բայց այդպես էլ ոչ ոք չի կարողանում գտնել իրեն հուզող, տանջող, ալեկոծող հարցերի պատասխանը: Չեն կարողանում գտնել, քանի որ նրանք չեն մարտնչել փառքի կամ հարստության ու իշխանության տիրանալու համար: Ազգի ազատագրության ու փրկության համար տված անհամար կռիվներից հետո հիմա շվար են մնացել ֆիդայիներն այս չհասկացված հուրիաթից կամ ազատությունից, որտեղ իրար են խառնվել քրեական հանցագործն ու քաղաքական բանտարկյալը, հալածված ռանչպարն ու անհագ հարստահարիչը, ֆիդայական շարժումները գլխավորած  Դաշնակցություն կուսակցության անդամներն ու թուրք պաշտոնյաները՝ այժմ արդեն երիտթուրք կուսակցության զգեստների մեջ պատսպարված: Ժամանակների հեռավորությունից հայացք նետելով Երիտթուրքական հեղափոխության, Հայ Հեղափոխական Դաշնակցության եւ Իթթիհատի համագործակցության վրա՝ Ռուբենը կարծում է, որ հայ ժողովուրդը ոչ մի հնարքով չէր կարող անմասն մնալ Երիտթուրքական հեղափոխությունից, քանի որ նա կանգնած էր շատ պարզ երկընտրանքի առաջ. կամ պաշտպանել հին, սուլթանական ռեժիմը, կամ՝ հեղափոխությունը: Ֆիդայական շարժումները ղեկավարող եւ ազգի ճակատագրով մտահոգ ՀՅԴ-ն նախըտրում է երկրորդ ճանապարհը՝ գործակցությունը հեղափոխության հետ: Ռուբենը՝ ֆիդայիների մարտական ղեկավարն ու քաղաքական գործիչը, Դաշնակցության արմատական սխալը տեսնում է ոչ թե այդ գործակցության մեջ, այլ նրանում, որ այդ օրերին ու հետագայում Դաշնակցությունը չձերբազատվեց ազգային խնդիրներից, չփորձեց մտածել Օսմանյան կայսրության մեջ իրականացվող պետական բարեփոխումների միջոցով համադաշնություն հաստատելու մասին, այլ գնաց Օսմանյան Թուրքիայից հայկական գավառներն անջատելու, քաղաքական մասնատվածություն առաջ բերելու ճանապարհով:
ՙՄեր սխալը անոր մեջ էր, որ մենք չկրցանք ազատագրվիլ մեր ազգային կազմակերպության մասնակի ձեւեն ու ազգային մասնակի պահանջներեն: Երբ Օսմանյան ժողովուրդներու մեջ, մասնավորապես թուրքերու եւ քյուրտերու աչքին, սահմանադրությունը կը վերագրվեր մեզի, երբ մենք էինք անոր հավատարիմ հենարանը, մենք չկարողացանք ըմբռնել մեր ուժն ու դերը, չկարողացանք խորացնել Իթթիհատի պալատական, զինվորական հեղաշրջումը ու դարձնել զայն ժողովրդական հեղափոխություն:
Հայ հեղափոխական դաշնակցությունը դարձնել հեղափոխական դաշնակցության առանց հայ բառին՝ այս գաղափը ոմանց մտքին կու գար ու կերթար առանց կյանքի մեջ իրագործելու: Ահա այս չիրագործելն էր մեր հանցանքը, ոչ թե այն, որ մենք փորձեցինք համաձայնիլ Իթթիհատի հետ: Մեր կղզիացումը առիթ տվավ Հոճա  Իլխազներուն եւ Ռեշիտ Էֆենտինեուն ասպարեզը գրավել եւ, ի վերջո, թե Թուրքիո, թե մեր գլխուն չարիք դառնալ՚:
Ֆիդայիների զորացրման վճիռն արձակվում է Սուրբ Կարապետ վանքում գումարված ժողովում, ուր պետք է քննվեին նաեւ ներքին կազմակերպական հարցեր եւ կուսակցության հետագա անելիքները: Ժողովին հրավիրվում են 400-ին մոտ հեղափոխական գործիչներ եւ ֆիդայիներ: Ռուբենը վերհիշում է, որ բանտերում տառապած, կտտանքների ենթարկված գործիչներն ավելի խանդավառված եւ ուրախ են ժամանել ժողովի, քան՝ դեռեւս անորսալի ֆիդայիները: Թեկուզ 101 տարվա բանտարկության արժանացած կամ կախաղանների վճիռների սպասող գործիչները մի կողմից զարմացած են, որ իրենց ազատումից հետո անազատության մեջ չեն հայտնվում բռնակալներն ու դահիճները, խոշտանգողներն ու կեղեքիչները, բայց մի կողմից էլ խանդավառ են, որ ազատ են արձակվել ու վերադարձել կյանք՝ փրկվելով զարհուրելի բռնություններից: Այդ բռնությունների մեկ օրինակը բերվում է Մկրեի օրինակով, որ վերջինս կրել է Մըհե Չավուշի ձեռքերով: Մկրեի ձեռքերը կապում են հետեւից, չվանն անկացնում վիզը, կանգնեցնում աղյուսի վրա: Ապա  չվանի ծայրը անցկացնում են առաստաղի օղակին, քաշում այնչափ, որ Մկրեի վիզը սեղմի, բայց չխեղդի: Ապա չվանն ամուր կապում են եւ Մկրեի ոտքերի տակից մի կողմ տանում աղյուսը: Որպեսզի չխեղդվի, Մկրեն ստիպված կանգնում է մատների ծայրերի վրա: Երբ նա այդպես հոգնում է եւ փորձում կագնել կրունկների վրա, չվանը սեղմվում է վզին, դեմքը կապտում ու կարմրում, լեզուն դուրս ընկնում: Կիսախեղդ վիճակում Մկրեն անզգայացած ցած է տապալվում հաջորդ վայրկյանին, երբ նրա դեմ դիմաց նստած ղայլոնի ծուխը վայելող Մըհե Չավուշը քանդում է չվանը: Մկրեն մահից կյանք է վերադառնում: Այսպես նույն գործողությունը կրկնվում է երկու շաբաթ, որպեսզի թուրքերը կարողանան Մկրեից գաղտնիքներ կորզել ֆիդայիների մասին:
ՙԱյս պատմություններով Մկրեին կարծես նորից կախեցին, անոր աչքերը կարմրած էին, դուրս ինկած, բերանն ալ ծռմռած:
-Եարաբ, հուրիաթը եկավ, Մըհե Չաւուշին կը կախեն: Մկրոն կը սխալեր: Չաւուշը պիտի չկախեին, պիտի պահեին, որ հետագային նորեն իր գործին անցնի…՚
Հուրիաթի հռչակման հենց առաջին օրերից տխուր-տրտում են դառնում ֆիդայիները, ինչը եւ բարձրաձայն արտահայտում են Սուրբ Կարապետի ժողովում: Ընդհանուր խոսակցությունների ու զրույցների, կերուխումի, պարի ու զվարճության մեջ նրանք անմասն են, կամ ձեւական մասնակցություն են ցուցաբերում: Նրանց մեջ կուտակված մաղձը դուրս է տալիս հարբած Ախոն: Դհոլ-զուռնայի անվերջ ու երկար հնչյունների տակ պար են բռնել ժողովականները՝ տոնելով հանկարծահաս, ինչ-որ տեղ անհավատալի ազատությունը: Փեթարի Պետոն, որի խոսքն օրենք է ժողովրդի համար, որից մարդիկ վախից դողում են տերեւի նման, պար բռնողների ու հրճվողների շարքերում է: Տարիներ շարունակ բանտ ընկած ու չարչրկված այս մարդը հպարտ եւ ուրախ է, որ Ախոյի եւ Չռոյի նման եղբոր տղաներ ունի՝ չինար հասակով, ֆիդայիների շարքերում հռչակավոր:
Պետոն պարի է հրավիրում Ախոյին ու Չռոյին, որ բոլորին ցույց տա իր հպարտությունն ու փառքը: Չռոն հնազանդ գնում է շուրջպարի մեջ, սակայն Ախոն չի հնազանդվում հորեղբոր հրամանին: Պայթում է Պետոն, չարանում, զայրանում, նորից կրկնում հրամանը: Սուլուխցի Քյուչուկը փորձում է համոզելով Ախոյին, պարի մեջ քաշել, բայց հանկարծ ծռում է Ախոն: Նա հարվածում է նստած տեղից Քյուչուկին, ապա քաշում դաշույնն ու նետվում պարողների մեջ՝ այն Զիարեթի Վահանի կուրծքը խրելու մտադրությամբ. այս խարդախ ու ճարպիկ հողատերը, ինչպես վկայում է Ռուբենը, ժամանակին կարողացել է խաղալ երկու լարի վրա՝ տեղ գտնելով ե՜ւ կառավարության, ե՜ւ հեղափոխականների շարքերում: 
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More