ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 5 июня 2012 г.

ՕՏԱՐՈՒԹՅԱՆ ՍԱՆՁԱՀԱՐՈՒՄԸ


Սանկտ Պետերբուրգ քաղաքը Նեւա գետի քառասուներկու կղզիների վրա է փռված: 18-րդ դարից մինչեւ այսօր այնտեղի հայկական համայնքը ոչ միայն չի կորցրել իր տեսակարար կշիռը, այլեւ ազգային ու մշակութային զարթոնք է ապրում ռուսական առաջադեմ մշակույթի հետ: Հայկական համայնքը պատշաճորեն տարածում է հայ բազմադարյան մշակույթը զանազան պաշտոնական հանդիսություններում՝ կենդանի կապ հաստատելով Երեւանի եւ ս. Էջմիածնի հետ, որ հանկարծ չսպառվեն համայնքի կենսական ուժերը: Տեղի հայկական համայնքը սեփական ուժերով է ստեղծել կրթական ու մշակութային հաստատություններ՝ հայկականությունը օտար երկրում պահպանելու համար: Այստեղ գործում է հայկական դպրոցը, որը ունի երկու դասարան՝ մանուկների եւ պատանիների:
Հայկական համայնքի կազմակերպած կերպարվեստի ցուցահանդեսները հայախոս եւ ռուսախոս խմբերի միջոցով, նրանց ստեղծագործական հանդիպումները կապող օղակ են հայ-ռուսական մշակույթի միջեւ: Սանկտ Պետերբուրգի հայության հոգեւոր կարիքների լուծումը իրականացնում են հայկական երկու եկեղեցիները՝ ս. Կատարինեն եւ ս. Հարությունը: Դրանց հովանու տակ են հայերը հաղորդվում հայրենի հավատին ու մայրենի լեզվին, հայոց պատմությանը, ծիսական արարողություններին, համախմբվում ազգային եւ հայրենասիրական գաղափարների շուրջ: Հոգեւոր այս կենտրոնները նաեւ հայագիտական նշանակության կենտրոններ են դարձել: Եկեղեցիների հետ համագործակցում են հայկական երկու դպրոցները: Հայագիտական հերթական միջոցառումը կազմակերպել էին տնօրեն Շողիկ Փահլեւանյանը, դպրոցի ուսուցիչ Ռուզաննա Կուրղինյանը, եկեղեցու քահանա Տեր Նշան Պետրոսյանը եւ Մոսկվայից հրավիրված հայկական դպրոցների ներկայացուցիչները: Միջոցառմանը ներկա էր դպրոցի հիմնադիր տնօրեն Հովհաննես Լազարյանի ծոռնուհին՝ Սիլվա Լազարյանը: Միջոցառմանը հրավիրվել էր նաեւ Մոսկվայի կիրակնօրյա դպրոցի տնօրենը՝ իր սան Սոնյայի հետ: Սոնյան փոխադրվել էր հայկական դպրոցի երկրորդ դասարան: Նա դեռ մեկ տարի առաջ բոլորովին հայերեն չգիտեր, բայց սովորել էր մեկ տարում եւ ներկաներին ողջունեց արդեն մաքուր հայերենով: Ելույթ ունեցողները հորդորեցին մշակութային կազմակերպության նախագահ Կարեն Յուզբաշյանին, որ կրթության կոմիտեի խնդիրը լինի այն, որ երեխաները ոչ թե շաբաթը մեկ կամ մի քանի օր խոսեն հայոց լեզվով, այլ՝ բոլոր օրերին, քանի որ  հայերենը մեր ազգի գոյատեւության ամենագլխավոր միջոցն է: Ուսուցչուհիներ Ռուզաննան եւ Աննան ասացին, որ 30 տարիների ընթացքում իրենց նախորդներից ստացել են հայապահպանության ավանդներ, որը երբեք չպետք է կորցնեն: Հայկական բազմամարդ համայնքում ընդամենը 50 աշակերտների այցելությունները շատ քիչ են, եւ պետք է դպրոց ընդգրկել ավելի շատ թվով հայ երեխաների: Դպրոցի տնօրենը նշեց ծնողների մեծ աջակցությունը, որ քաղաքի հեռավոր ծայրերից երեխաներին հասցնում են դպրոց՝ սառնամանիքին, նյութական ու սոցիալական դժվարին պայմաններում երեխաներին տալիս հայեցի կրթություն: Ռիտա Մարգարյանն ասաց, որ ծնողներից շատերը իրենց նախկին սաներն են, որ ոչ մի դժվարության առաջ կանգ չեն առնում: Անձնվիրաբար են աշխատում նաեւ ուսուցիչները, ովքեր համաձայն թեւավոր արտահայտության, ՙՇատ վատնում են իրենց ուժը, բայց ստանում են քիչ, հայոց ուսուցիչ…՚:
Բավական ուշագրավ էր դպրոցի սաներից մեկի՝ Գարեգին Քաջաջյանի պատմածը, որն ալեկոծեց ներկաների հայրենասիրական զգացմունքները:
-Ես ապրել եմ Ռուսաստանում 25 տարի, ոչ մի հայերեն բառ չեմ իմացել: Շնորհիվ ՄԵսրոպյան այբուբենի եւ Մասիս սարի լուսանկարի՝ իմ երազանքը դարձավ՝ լինել Արեւմտայան Հայստանում, - ասաց պատանին: Այս ամռանը գնացի տեսնելու, իմ երազանքը իրականություն դարձնելու համար, իհարկե հայկական դպրոցի միջոցով: Մասիս սարի գագաթը բարձրացա՝ այնտեղ տանելով իմ դպրոցի եռագույն դրոշը, տարա ձեր բոլորի իղձերը, -տղայի արցունքները կաթեցին այտերին, -մինչեւ լեռան գագաթը աղոթքով եմ բարձրացել: Այնտեղից նկարել եմ Սիսը, ամպերի  մեջ Մեծ Մասիսի հակառակ կողմը, Վանա լիճը, ս. Խաչ եկեղեցին՝ մի քանի կողմից, եւ նրա բարեւն եմ բերել բոլոր այստեղ գտնվողներին:
Ներկաները դիտեցին մեկ տասնյակից ավել նկարները, որը նա նվիրեց դպրոցին ու եկեղեցուն: Ուխտագնացության բարերարները՝ Արմեն Հակոբյանը, Սամվել Մովսիսյանը, Նորայր Գաբրիելյանը, Հրաչյա Պողոսյանը, Արմենը, Էդվարդը խանդավառությամբ ողջունեցին իրենց եւ իր երազանքին հասած սանին: Իրենց սրտի խոսքը ասացին հայկական դպրոցն ավարտած աշակերտները՝ Ավագ Գաբոյանը, Տաթեւիկ Սիրունյանը, Սաբինան՝ գովասանագրերը կրծքին սեղմած: Այսպես է սանձահարում սրտակեղեք օտարությունը հայոց նոր սերունդը…
Խաչիկ Ենգիբարյան
Սանկտ Պետերբուրգ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More