ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 3 декабря 2012 г.

ԲՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԴԱՇՆԱԿՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԹԵՐԻ ՀՆՉԵՑՆՈՂ ՔՆՔՇՈՒԹՅՈՒՆԸ` ՖԼՈՐԱՆ


Ֆլորա Մարտիրոսյանը վարդի գեղեցկություն ու բույր եւ սոխակի գեղգեղուն ձայն ուներ, որով աշխարհի բեմերն ու մարդկանց սրտերն էր գրավում: Իր հմայքով, անզուգական ձայնով ու երաժշտական բացառիկ տաղանդով նա հայ երգը ոչ միայն բարձրացնում էր կատարելության նոր աստիճանի, այլ այն ներարկում էր օտարների անծանոթ հոգիներում, նրանով մեզ ճանաչել ու  սիրել տալիս աշխարհին: Հայ բառը, հայ մեղեդին պարզապես ծորում էին նրա շուրթերից ու հագեցնում աշխարհիս հոգեւոր քաղցը, լցնում մարդկային հոգու բոլոր դատարկությունները: Իր անզուգական կատարումներով նա  Կոմիտասի, Աշոտի, Շահենի ու Շերամի, Հավասու եւ այլ մեծատաղանդ բանաստեղծ-երաժիշտների ստեղծագործություններն էր հաղորդում հայ մարդու հոգու լարերին, հուզում ու ալեկոծում միլիոնավոր մարդկանց սրտերը: Նրա երգի անմահ հնչյունների տակ աշխարհը շնչում էր ուրիշ մի սիրով, փայլատակում մի այլ գեղեցկությամբ ու հմայքով: Նրա ամեն մի կատարում բացառիկ շքեղություն էր` չկրկնելով նախորդ երգին: Նրա երգին սիրահարված էր համայն աշխարհի հայությունը` մեծից մինչեւ մանուկ: Եվ չկա մի հայ, նրա երգի սիրահար որեւէ օտար, որ հիմա ցավ ու վիշտ, հոգու կսկիծ չապրի` լսելով միշտ սքանչելի Ֆլորայի մահվան լուրը: Սակայն նա իր ապրած հուզավարար կյանքով հավերժացրեց հայ երգի ու մեղեդու Աստվածաշնորհ հնչյունները` ծնված հայ կյանքի բարդ, ողբերգական ու հերոսական ընթացքից` մերթ լալահառաչ, մերթ հուզախռով, մերթ խոհական ու սիրատենչ: Իր կարճատեւ երկրային կյանքը նա վերածեց շքեղ մի հանդեսի, որի մեջ արեւի պես դարերում ընդմիշտ վառ շողշողաց հայ երգարվեստը: Այսուհետ նրան կրկնելը դժվար, նույնիսկ անհնարին կլինի, սակայն նրա երգն այլեւս կդառնա նոր սերնդի երգիչների ու երաժիշտների համար ոգեշնչման անսպառ աղբյուր` երկնելով հայ երգարվեստի նոր տաղանդներ, սնուցելով ժողովրդական երգի անեզր ու խորունկ ծովը: Նա, հիրավի, երկնային աստղի պես ցոլացող երեւույթ է, որի համար մահը ցերեկվա նման մի կարճատեւ դադար է, կարոտի սպասում:
Ես այսօր ու այսուհետ , սիրելի ֆլորայի մահով նորից հասկացա, որ Հայոց լեզուն ավելի եմ սիրում, քանի որ այդ լեզվով երգում էր նա` բնության  ներդաշնակությունն իր երգերում անթերի հնչեցնող Քնքշությունը:
ԽՈՍՐՈՎ ԽԼՂԱԹՅԱՆ

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More