ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

вторник, 28 февраля 2012 г.

ՀԱՅ ԱՐՎԵՍՏԱԳԵՏՆ ՈՒ ԲԱՔՎԻ ԹՈՒՐՔ ԽՈՒԺԱՆԸ


Ջարդեր ու թալան, դավեր ու կտտանք տեսած հայի պատմության օրագրի մեկ էջն էլ արնոտվեց Սումգայիթի, Բաքվի, Կիրովաբադի բռնարարքներով ու եղեռնագործությամբ: Ջարդերից մազապուրծ եղած գաղթականներն էլ ցավով ու մորմոքով են պատմում այն սեւ երկնքի մասին, որ փուլ եկավ ադրբեջանաբնակ հայերի գլխին բոլորիս քաջ հայտնի իրադարձությունների պատճառով: 
 Սլավիկ Համբարձումյանը, ով այժմ ապրում է Շատվան համայնքում, վկան է ու վերապրողը Բաքվի բռնարարքների եւ ջարդերի: 
 Նա ծնվել է 1947 թվականին, Բաքու քաղաքում: Մայրը եղել է մանկավարժ, հայրը` շինարար: Արմատները նրան տանում են դեպի Արցախ` Շուշի քաղաք: Միջնակարգ կրթություն ստանալուց հետո Սլավիկը սովորել եւ ավարտել է Բաքվի կերպարվեստի ուսումնարանը: Այնուհետեւ սովորել եւ ավարտել  է Լենինգրադի համալսարանի ՙԱրվեստի պատմություն եւ տեսություն՚ բաժինը: Աշխատել է Բաքվում որպես քանդակագործ, ընտրվել քաղխորհրդի դեպուտատ: 
 -Հիշում եմ, թե ինչպես կառավարությունը սկսեց իր կամայական խաղերը,- պատմում է Սլավիկը: Փետրվարի 24-25-ին ինձ կանչեց այն ժամանակվա  շրջկոմի առաջին քարտուղարը եւ առաջարկեց հավաքել Բաքվի հայկական մտավորականությանը եւ մեկնել Ղարաբաղ` շարժման կասեցման  քարոզչություն իրականացնելու նպատակով: Ես հրաժարվեցի նրա առաջարկից, եւ շրջկոմի քարտուղարն ինձնից պահանջեց հանձնել կուսակցական տոմսը, պատգամավորի մանդատը, որից հետո էլ իմ ձեռքից վերցրեցին նաեւ իմ դասաժամերը: Ես մնացի անաշխատանք: Սրան հաջորդեցին ադրբեջանցիների ու վրացիների անձնական վիրավորանքներն ադրբեջանաբնակ հայերի հասցեին: Նրանք նաեւ դրսեւորում էին բացահայտ թշնամական վերաբերմունք մեր հանդեպ. ՙԴուք ապրում եք մեր հողում, ուտում եք մեր հացը, մեզ չեք ուզում ենթարկվել՚: Բնականաբար, հայերիս վիճակը ճգնաժամային էր դառնում` մտնելով անհայտության խարխուլ ու փշոտ անձավը:
 Ադրբեջանցիները կազմել էին հատուկ խմբեր, որոնք օրերով հսկողություն էին սահմանում ավիատոմսարկղերի ու Բաքվից դուրս եկող ճանապարհների մոտ: Բնականաբար, այդ օրերին տոմսարկղերից օգտվում էին մեծաթիվ հայեր` դժոխային միջավայրից մազապուրծ լինելու համար: Նրանք դարանակալում էին, ապա տոմսարկղերից դուրս եկող հայերին հետապնդում ու դատաստան տեսնում: 
 Ամենուր թափառում էր խուժանը` իր հետեւից թողնելով մահվան, անարգության, գազանության հետքեր...
Նրանց արարքների մասին հիշելիս անգամ, այսքան տարիներ անց, երբ հուշերիս վրա ցավի, մորմոքի ու ժամանակի փոշին է ծանրորեն նստել, ես սարսուռով եմ պարուրվում: Ու զարմանանում եմ, թե ինչպես մարդը մարդու հանդեպ կարող է այդպես վարվել, ինչպես Կայենը` Աբելի:
 Բաքվում կար մի թաղամաս, որը կոչվում էր  Խուտար: Խուտարում ձյութ էին հալում, որով տանիքներն էին պատում՝ անջրանցիկ դարձնելու համար: Այստեղ էին բերում հայերին, նրանց ծեծում, խոշտանգում, անարգում, ապա գցում  եռացող ձյութով լի տաշտերի մեջ...
Գազան մարդիկ ներխուժում էին  հայերի բնակարան, տանջահարում ու բարձր հարկերից ներքեւ շպրտում հայերին: Մի անգամ ես ականատես  եղա, թե ինչպես բարձրահարկ շենքի տանիքից խուժանը ներքեւ գցեց մի հայի: 
 Այդ ժամանակ իմ եղբայրը Կրասնովոդսկում էր ապրում, աշխատում էր տեղի ոստիկանությունում: Մենք միշտ կապի մեջ էինք: Նրան տեղեկացրի, որ մեր հորաքրոջ որդին մի քանի օր է արդեն, որ անհայտացել է ու  խնդրեցի եղբորս` գտնել կորած հարազատին: Ոստիկան եղբայրս սկսեց որոնել նրան: Հետախուզության արդյունքում գտանք նրան Բաքվի հիվանդանոցում` ելուզակների կողմից ջախջախված. անգութները կոտրել էին գլուխը, ճակատը, ոտքերը, ջախջախել էին բերանը, ծնոտը, կտրել էին ականջը: Հարազատներով նրան դուրս բերեցինք քաղաքային հիվանդանոցից, տեղափոխեցինք Հայաստան` նրա կյանքը փրկելու համար: Սակայն շտապօգնության բաժանմունքում մահացավ  մեր զարմիկը:
 Ահարկու օրերը հաջորդում էին միմյանց: Բաքվում օրհասական էր հայերի վիճակը, ամենուր հետապնդումներ էին ու հալածանք,  խանութներում հրաժարվում էին հայերին մթերք, անգամ հաց վաճառել...
 Ես ընտանիքիս անդամներին ուղարկեցի Կրասնովոդսկ, այնտեղ ապահով էր նրանց համար:
Բաքվում կար Մոնտինի անվան ավան, որտեղ հավաքվում էին հայերը` բնակարանները փոխանակելու նապատակով: Այնտեղ, ուր հայ բազմության թիվը գերակշռում էր, նրանց հետեւում  էր խուժանը: Այստեղ եւս նրանց շրջապատում էին ադրբեջանցիներն ու խոշտանգում:
 Դժոխային օրեր էին, որոնք սեւ կարկուտի պես թափվում էին հայերի գլխին:   Այդ ահուսարսափի ու վախի ապրումներից մայրս հոգեկան ցնցում տարավ, հիվանդացավ ու մահացավ... Բաքվին ինձ կապում է միայն մորս գերեզմանը: Իմ առողջությունն էլ քայքայվեց վախից ու սթրեսներից: Ես այլեւս չէի աշխատում, իսկ ուսումնարանի ղեկավարությունը անգամ հրաժարվեց ինձ աշխատանքային գրքույկ տալուց: Ես ուսումնարանում արվեստանոց ունեի, ուսումնարանի լավագույն աշխատողների ցուցանակի վրա իմ պատվավոր տեղն ունեի: Սակայն ոչինչ չմնաց այդ ամենից, նրանք այրեցին նույնիսկ  ցուցանակները, իմ արվեստանոցը, իմ քանդակները: Ես բազմիցս մասնակցել էի  ԽՍՀՄ տարբեր փառատոնների ու մրցույթների, պարգեւատրվել ոսկե, արծաթե ու բրոնզե մեդալներով, պատվոգրերով: Բայց նրանց անարգ ձեռքը չվարանեց անգամ արվեստի ու պատմության հանդեպ:
 Ես բնակարան գտնելու համար անընդհատ ուղեւորվում էի Հայաստան, լինում Հայաստանի տարբեր վայրերում, փորձում  գտնել մի հարմար բնակարան, որտեղ կարող էի տեղափոխել ընտանիքս:  Բաքու-Երեւան գնացքի կայարաններում  եւս հայտնվում էին հրոսակները: Նրանք Նախիջեւանի կանգառից ներխուժում էին գնացք եւ երթուղու ընթացքում գնացքի մեջ ծեծի ու ջարդի ենթարկում փախստական հայերին: 
Այս փայտե խաչն  ինձ է նվիրել Սլավիկ Համբարձումյանը 

 Ամեն անգամ Բաքու վերադառնալիս, երբ ահով բացում էի տանս դուռը, տեսնում էի, որ հերթական անգամ անիծյալները մտել են մեր տուն, քանդել ու ջարդել, ավերել ու թալանել, քրքրել էին իմ գրքերը, գտել ու այրել հայկական գրքերը, այրել ու ջարդել տան կահ-կարասին... 
 Վերջապես ինձ հաջողվեց Բաքվի իմ բնակարանը փոխանակել Շատվանի մի տան հետ: 1989 թվականից տեղափոխվեցինք Շատվան:  Ես նույն տարում աշխատանքի անցա գյուղապետարանում` աշխատելով որպես զինսեղանի վարիչ, 1996 թ.-ից` գյուղապետի տեղակալ:
Ավարտվեցին նրա համար ջարդի զարհուրելի օրերը, սակայն մրմուռն ու կսկիծը միշտ վեր է հառնում, ու հուշերը նրան տանում են դեպի դառն ու իրական անցյալ: 
 Սկսած 1989 թվականից՝ նա ապրում է Շատվանում, ուր եւ մեծացրել, դաստիարակել է իր երեք զավակներին: 
 Ահա եւս մի փախստական հայի պատմություն, մի կյանքի օրագիր, երբ հայը հալածվել ու բռնագաղթվել է` օտարին թողնելով այն տունը, այն քաղաքը, որի կառուցման ու շենացման գործում  իր դերն ու դիրքն է ունեցել: Այսպիսին է եղել հայի ճակատագիրը դեռ հնուց: Ճակատագրի դառը պտուղները համտեսում ենք մինչ այսօր ու դեռ զգալու ենք մեր խոցված մաշկի վրա, քանի դեռ մեզ սպառնալու են պատերազմով, քանի դեռ մեզ ցանկանում են սպանել միայն եւ միայն հայ ծնվելու համար:
  Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More