Ղարսեցի մեծահարուստ, առեւտրական Ալեքսան Նիկողոսյանը իր չորս որդիների, երեք դուստրերի եւ այլ ազգականների հետ կապեց իր գաղթականի քարավանը եւ ճանապարհ բռնեց դեպի Արեւելյան Հայաստան: Ճանապարհին նրանց միացան գաղթականների մոլորյալ խմբեր: Նա զավակներին անընդհատ հիշեցնում էր. ՙՉմոռնաք` Ղարսի հրապարակի Լորիս Մելիքովի արձանի հետեւի մեր տունը...՚:
Դիլիջան քաղաքից քարավանը շարժվեց դեպի Իջեւանի կողմ: Աղստեւի եւ Գետիկ գետի խառնարանի մոտ նրանք հանդիպեցին ձիավորների մի շքախմբի: Ալեքսան պապը, իմանալով, որ նրանց մեջ է Ալեքսանդր Մյասնիկյանը, մոտենում է նրան եւ դիմում. ՙԱղա մենք Ղարսից, Վանից փախած գաղթականներ ենք եւ չգիտենք՝ ուր գնանք՚: Ալեքսանդր Մյասնիկյանը նրանց պատվիրում է Գետիկի ձորով վեր բարձրանալ եւ մի վայրում ՙբնակռվել՚: Գաղթականների այդ խումբը հանգրվանեց Միափոր Գետիկի իջվածքի ձորալանջին` ասելով. ՙՍա ծաղկաձոր է՚:
Հետագայում, ի պատիվ Ալեքսանդր Մյասնիկյանի, գյուղը անվանակոչեցին Մարտունի: Մարտունեցի պատանի դպրոցականները մանկավարժ Հասմիկ Մուրադյանի նախաձեռնությամբ այս տարի եւս, իրենց պապերի պատգամին ականջալուր, Մեծ Եղեռնը դատապարտող ցուցապաստառներով, վառվող ջահերով շարժվեցին դեպի Շավարշավանք` խնկարկելու թուրքական յաթաղանին զոհ գնացած միլիոնավոր անմեղ հայերի, իրենց գաղթական պապերի հիշատակը, ոգեկոչելու նրանց անուններն ու ցանկություն-պատգամը` միշտ վառ պահել կորուսյալ հայրենիք վերադառնալու երազը: Իսկ այդ հայրենիքի անունը Վան է, Մուշ, Կարս, Ռշտունիք, որոնք գիշեր ու զօր կանչում են իրենց զավակների զավակներին:
Ալեքսան Հովհաննիսյան
0 comments:
Отправить комментарий