Գավառի Երկրագիտական թանգարանում ավանդույթ է դարձել սուրբ Հարության տոնը՝ Զատիկը կամ Կարմիր Զատիկը յուրովի նշելը: 2011 թվականի սուրբ Զատիկը տեղի ունեցավ ապրիլի 22-ին թանգարանի ՙՀարուստի եւ աղքատի տուն՚ կոչվող սրահում: Այն զարդարված էր Զատիկի տոնին բնորոշ կոմպոզիցիաներով, օճորքից կախված ակլատիզով:
Միջոցառմանը ներկա էին ներկայացուցիչներ Գեղարքունիքի մարզպետարանի եւ Գավառի քաղաքապետարանի աշխատակազմերից, Գեղարքունիքի մարզային գրադարանից, Գավառի Լ. Քալանթարյանի անվան դրամատիկական թատրոնից, ուսուցողական կենտրոնից:
Թանգարանի կոլեկտիվը մեծ սիրով է դպրոցականներին, պատանիներին եւ երիտասարդությանը տոնի իսկական խորհրդին հաղորդակից դարձնում, ինչի համար եւ միջոցառմանը հրավիրվել էին նաեւ դպրոցականներ: Սուրբ Հարության տոնի խորհուրդը ներկայացրեցին թանգարանի տնօրեն Բյուրեղիկ Հովեյանը եւ գիտաշխատող Հասմիկ Հովեյանը: Գավառի թիվ 7 հիմնական դպրոցի սաները խաղերի, երգերի ու տաղերի կատարմամբ զարդարեցին միջոցառումը:
Միջոցառման ժամանակ հնչեցին եկեղեցական սուրբ պատարագի շարականներ, որոնք կարծես միաձուլեցին Ցեղասպանության մոխիրներից հառնած հայ ժողովրդի եւ չարչարանքներից հարություն առած Հիսուսի անպարտելիության խորհուրդը: Միջոցառման ավարտին անակնկալ մատուցվեց ՙՎորլդ Վիժն՚ ՀԿ-ի կողմից: Բոլոր միջոցառման մասնակից դպրոցականները նվերներ ստացան, իսկ հանդիսատեսին երեխաները բաժանեցին վառված մոմերով նախշազարդ հավկիթներ, որոնցից ձուն խորհրդանշում էր Զատիկը, իսկ մոմը հավերժացնում էր Հայոց մեծ եղեռնի զոհերի հիշատակը:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий