Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը մայիսի 21-ին այցելեց Գեղարքունիքի մարզի Վարդենիսի տարածաշրջան: Նա այցը սկսեց ՙԳեոՊրոՄայնինԳոլդ՚ ընկերությունից, որտեղ ներկա-յացվեցին արտադրական հզորությունները, ընթացիկ եւ առաջիկա ծրագրերը:
Ընկերությունն ավելացրել է արտադրության ծավալները, մասնավորապես` 2011թ. առաջին եռամսյակում, նա-խորդ տարվա նույն ժամա-նակահատվածի համեմատ, ոսկու արտադրությունն ավելացել է 62 տոկոսով` հասնելով մինչեւ 7.831 ունցիայի, արդյունահանումն աճել է 56 տոկոսով, վերամշակման ծավալները` 59 տոկոսով: Ավելացվել է նաեւ աշխատակիցների թվաքանակը. ընկերությունը ձեռք բերելու ժամանակ այնտեղ աշխատում էր 500 մարդ` միջինը 100-110 հազ. դրամ աշխատավարձով, ներկայումս աշխատում է 769 մարդ, իսկ միջին աշխատվարձը կազմում է 165 հազ. դրամ:
Նշվել է, որ էապես լուծվում է տարածաշրջանում զբաղվածության հարցը, ինչը նաեւ սոցիալական կարեւոր նշանակություն ունի: Ներկայումս իրականացվում են Սոթքի հանքավայրի տեխնիկական վերազինման եւ վերակառուցման աշխատանքներ:
Ընկերությունը Արարատի ֆաբրիկայի վերակառուցման նախագծի շրջանակում 2011թ. հուլիսին ծրագրում է սկսել վերամշակող նոր գործարանի կառուցումը, որը նախատեսվում է շահագործել 2013թ. առաջին եռամսյակում: Այն հնարավորություն կտա արտադրության ծավալներն ավելացնել ավելի քան 5 անգամ: Նախագծի նախնական բյուջեն 100 միլիոն դոլար է:
Անդրադարձ եղավ նաեւ Սոթքում հանքաքարի մանրացման գործընթացին: Ընկերության ղեկավարությունը հավաստիացրեց, որ հանքանյութի մշակման արտադրական գործընթաց չի իրականացվում, ուստի իրենց գործունեությունը չի կարող հակասել օրենքի պահանջներին: Նրանք խոստացան, որ համապատասխան փաստաթղթերը կներկայացվեն իրավասու մարմիններին:
Ա. Գեւորգյանն առաջարկեց հանքաքարի մանրացման արտադրամասի վերաբերյալ տեղեկատվությունը դարձնել հասանելի եւ այն քննարկել ոլորտի ՀԿ-ների հետ: Քննարկվեցին նաեւ ընկերության եւ տարածաշրջանի համայնքների միջեւ համագործակցությանը վերաբերվող հարցեր, մասնավորապես` ընկերության կողմից Սոթք համայնքի գազաֆիկացման աշխատանքների համաֆինանսավորման հնարավորությունը:
Ա. Գեւորգյանը ներկա գտնվեց նաեւ Վարդենիսի թիվ 4 դպրոցում ռուսաց լեզվի վերազինված, ժամանակակից սարքավորումներով հագեցած դասարանի բացմանը, որին ֆինանսապես աջակցել է ՙԳեոՊրոՄայնինգ՚ ընկերությունը:
Ապա փոխվարչապետն այցելեց Վարդենիս քաղաքի մշակույթի տուն, որի հիմնանորոգման աշխատանքներն արդեն մեկնարկել են ՙՀայաստանի սոցներդրումների հիմնադրամի՚, ՙԳեոՊրոՄայնինգ՚ ընկերության եւ ՀՀ կառավարության համատեղ ֆինանսավորման եւ համագործակցության արդյունքում: Պահուստային ֆոնդից` մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Մարզպետ Ն. Պողոսյանի, Վարդենիսի քաղաքապետ Վ. Խլոյանի հետ քննարկվեցին նաեւ համայնքային նշանակության հարցեր: Մասնավորապես անդրադարձ եղավ Վարդենիս քաղաքի ջրամատակարարման եւ ջրահեռացման հարցերին, սեփական եկամուտների հավաքագրման ընթացքին:
Այցի ավարտին Ա. Գեւորգյանը եղավ նաեւ Ակունք գյուղում:
Տարածքային կառավարման նախարարության լրատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն
0 comments:
Отправить комментарий