Լանջաղբյուր համայնքում կառուցվում են ինչպես ոռոգման, այնպես էլ խմելու ջրի նոր ջրագծեր, որոնք փոխարինելու են Խորհրդային տարիներին կառուցված ջրագծերին:
Ինչպես տեղեկացրեց Լանջաղբյուրի համայնքապետ Յուրիկ Բաղդասարյանը` ՙՀազարամյակի մարտահրավերներ՚ ծրագրի շրջանակներում Լանջաղբյուրում կառուցվում է ոռոգման երրորդ կարգի ջրագծերի ներքին ցանց` երեք կիլոմետր երկարությամբ եւ 55 միլիոն դրամ արժողությամբ, որի 15 տոկոսը` 8 միլիոն 200 հազար դրամը, ներդրվել է համայնքի տեղական բյուջեից: Այս նոր ջրատարի շահագործմամբ Լանջաղբյուրում ոռոգելի կդառնա եւս 200 հեկտար հողատարածք, որը կընդգրկի գյուղի տարածքի ինը տարբեր հատվածներ կամ թաղամասեր:
Ծրագրով նախատեսված է աշխատանքներն ավարտել սեպտեմբերի վերջերին, սակայն համայնքապետը հավաստում է, որ կարվի հնարավոր ամեն ինչ, որպեսզի դրանք ավարտվեն հուլիսին, եւ Լանջաղբյուրի երկրագործները հասցնեն իրենց հողամասերը ոռոգել ջրարբիացման սեզոնի սկզբում:
Լանջաղբյուրում այս օրերին կառուցվում է նաեւ խմելու ջրի գլխավոր ջրագծի 1400 մետր երկարությամբ հատվածը, որի խողովակները տրամադրվել է ՙԿլոր սեղան՚ եկեղեցական կազմակերպության միջոցների հաշվին` 7 միլիոն 200 հազար դրամ արժեքով, իսկ մնացած աշխատանքները` հողի փորում, խողովակների եռակցում, գետնի հարթեցում, կատարվում են համայնքապետի սեփական միջոցներով, որի վերջնական արժեքը պարզ կդառնա աշխատանքների ավարտից հետո: Այս ջրագծի կառուցման արդյունքում խմելու ջուրը սարից հասցվելու է օրվա կարգավորիչ ջրամբար, որից օգտվելու է համայնքի ողջ բնակչությունը:
Գյուղի մեկ այլ հատվածում փոխվում է նաեւ 600 մետր երկարությամբ խմելու ջրատարի ներքին ցանցը, որով եւ որոշակիորեն կկարգավորվի ջրամատակարարման խնդիրը: Իսկ շուրջօրյա ջրամատակարարում ապահովելու համար անելիքներ դեռ մնում են:
Երկու տարբեր հատվածներում իրականացվող խմելու ջրատարի ներքին ցանցի շինարարական աշխատանքները սկսվել են 15 օր առաջ, եւ եթե եղանակային պայամանները թույլ տան, դրանք կավարտվեն մեկ շաբաթվա ընթացքում: Աշխատանքներն օրավարձով իրականացնում են համայնքի բնակիչները:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий