Հունիսի 7-ին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ մեկնարկեց Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնը, որի շրջանակում անցկացվող առաջին միջոցառումը տեղի ունեցավ Գավառ քաղաքում: Փառատոնի մասնակիցներն այցելեցին Հենրիկ Թալալյանի անունը կրող երաժշտական դպրոց: Միջոցառման համերգային մասը հեռարձակվեց ՙՔյավառ՚ հեռուստաընկերության ուղիղ եթերում՝ ընդգրկելով Գեղարքունիքի մարզի գրեթե ողջ տարածքը:
ՙԱրվեստների պատկերասրահ՚ մշակութային հիմնադրամի նախագահ Մարիամ Շահինյանը ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց, որ փառատոնը բաղկացած է 5 համերգային մասից: Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների անվան Ալտի եւ թավջութակի փառատոնի նվագախումբը համերգներով կլինի նաեւ Վանաձորում, Երեւանում: Ըստ հիմնադրամի նախագահի` փառատոնը խթան կհանդիսանա Հայաստանի մայրաքաղաքից դուրս եւս ալտի եւ թավջութակի հանդեպ հետաքրքրության մեծացմանը:
Համերգային ծրագրում ընդգրկված էին հայ եւ արեւմտաեվրոպական կոմպոզիտորների ստեղծագործություններ` Յ. Ս. Բախ, Ժ. Ֆ. Մազաս, Ա. Գլազունով, Տ. Մանսուրյան, Մ. Եկմալյան, Ա. Բաբաջանյան:
Փառատոնին մասնակցեցին շուրջ երեք տասնյակ երաժիշտ` երաժշտական դպրոցների սաներ, կոնսերվատորիայի ուսանողներ, ճանաչված երաժիշտներ, ինչպես նաեւ փառատոնի կամերային նվագախումբը, որը ղեկավարում է Հենրիկ եւ Գերոնտի Թալալյանների գործի շարունակող Արամ Թալալյանը:
Այս տարի Թալալյանների անվան ալտի եւ թավջութակի 2-րդ հանրապետական փառատոնի ծրագրի եզրափակիչ փուլի պատվավոր հյուրը կոմպոզիտոր, դիրիժոր, ԱՄՆ ներկայացուցիչ Յակով Յակուլովն է, ով իր կատարումներով բավականություն կպատճառի հայ հանդիսատեսին:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий