ԼՂՀ Մարտունու շրջան-Գեղարքունիքի մարզ առեւտրատնտեսական եւ կրթամշակութային փոխհամագործակցության հուշագրի շրջանակներում արդեն երեք տարի է, ինչ Հայաստանի Առաջին Հանրապետության անկախության օրվա տոնի առիթով փոխադարձ այցերով հանդիպում են Սեւանի թիվ 1 հիմնական եւ ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի միջնակարգ դպրոցների կոլեկտիվները: Առաջինը Լեռնային Ղարաբաղ են այցելել սեւանցիները, որից հետո երկու կողմի փոխադարձ այցելությունները դարձել են բարի ավանդույթ:
Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց Սեւանի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանը` այս տարվա հանդիպումը տարբերվեց մյուս տարիների հանդիպումներից: Այն տեղի ունեցավ ո՜չ Գեղարքունիքի մարզում եւ ո՜չ էլ Արցախում: Կողմերը մայիսի 28-ին հանդիպեցին Սյունիքում: ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղի պատվիրակության կազմում ընդգրկված էր 25 մարդ, այդ թվում `գյուղապետ Սամվել Հակոբջանյանը, դպրոցի տնօրեն Էդիկ Բադասյանը, ուսուցիչներ, աշակերտներ, իսկ Սեւանի թիվ 1 դպրոցի պատվիրակության կազմում ընդգրկված էր 30 մարդ` մանկավարժներ եւ աշակերտներ: Սեւանի թիվ 1 դպրոցի տնօրեն Մարիետա Միրզոյանի հավաստմամբ` փոխադարձ այցելությունների արդյունքում ձեւավորվել է ջերմ ընտանեկան մթնոլորտ, հարազատ միջավայր, իսկ համայնքների միջեւ հեռավորությունն այդ այցով էլ ավելի մոտեցավ:
Պատվիրակներն այցելեցին Տաթեւի վանական համալիր, վայելեցին նորակառույց ճոպանուղու հրաշքը` բարձրությունից ըմբոշխնելով Սյունյաց աշխարհի բնության գարնանային գեղեցկությունը: Այնուհետեւ նրանք եղան Հալիձորում` ճանապարհին ուսումնասիրելով պատմական հուշարձաններն ու վերհիշելով իրենց մեծերի անցած հերոսական ուղին: Հանդիպում-էքսկուրսիան արդյունավետ էր նաեւ մանկավարժական փորձի փոխանակման, աշակերտների շփումների ու նոր ծանոթությունների հաստատման առումով:
Երկու կոլեկտիվներն էլ տուն վերադարձան բարձր տպավորություններով ու հաճելի հիշողություններով:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий