Հուլիսի յոթից Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղում մեկնարկել են կենտրոնական փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես տեղեկացրեց Ձորագյուղի համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը՝ տեղական բյուջեի միջոցներից ներդրված 30 միլիոն դրամի հաշվին կատարվում է 700 մետր երկարությամբ եւ 4500 քառակուսի մետր մակերեսով ասֆալտապատում, որով եւ ավարտվում է 5 կիլոմետր երկարություն ունեցող կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը, որն իրականացվել է վերջին տարիների ընթացքում, զարգացման ամենատարբեր ծրագրերով: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙԳավառի ՃՇՇ՚ ԲԲԸ-ն: 3 կիլոմետր երկարությամբ ջրահեռացման խողովակներ կտեղադրվեն կենտրոնական ճանապարհի եզրերին: Այդ նպատակով տեղական բյուջեից հատկացվել է 11 միլիոն դրամ: Կենտրոնական ճանապարհի հիմնանորոգման ավարտից հետո հաջորդ կարեւոր քայլը կլինի դեպի Շողագավանք եւ Մասրուց Անապատ պատմաճարտարապետական հուշարձաններ տանող ճանապարհների ասֆալտապատումը, որը ծրագրված է իրականացնել 2012 թվականի ընթացքում: Այս օրերին Ձորագյուղում ընթանում են նաեւ ՙՎանքի՚ եւ ՙԲերվեր՚ կոչվող թաղամասերի, ինչպես նաեւ դաշտամիջյան ճանապարհների հարթեցման, խճապատման ու նորոգման աշխատանքներ: Գյուղի նախրագնաների երկու ճանապարհները, որ սկիզբ են առնում վերոնշյալ թաղամասերից, արդեն դառնում են անցանելի եւ բարեկարգ՝ հեշտացնելով գյուղացիների գործը հատկապես խոտի բերքահավաքի ընթացքում, որը բարձրադիր գոտիներում արդեն սկսվում է: Ընդհանուր առմամբ նորոգված համայնքային եւ դաշտամիջյան ճանապարհները կկազմեն մոտ 10 կիլոմետր: ՙԲերվեր՚ թաղամասի եւ դրան հարող դաշտամիջյան ճանապարհի նորոգումը 1 կիլոմետր երկարությամբ իրականացվում է ձորագյուղցի գործարար Արմեն Ավետիքի Ավետիսյանի բարերարությամբ:
Հուլիսի առաջին օրերից Ձորագյուղում համատարած սկսվել է նաեւ ոռոգման շրջանը: Ջրարբիացվում են ինչպես հացահատիկային, այնպես էլ բանջարբոստանային մշակաբույսերը: Ինքնահոս եւ մղման եղանակներով մատակարավող ջուրը բավարար է՝ ոռոգումն անխափան կազմակերպելու եւ երաշտի դեմ պայքարելու համար: Խոտի բերքահավաքը սկսվել է ցածրադիր գոտիներում:
Այս օրերին ՀՀ պետական բյուջեի պահուստային ֆոնդի միջոցներով վերանորոգվում է Ձորագյուղ համայնքի մանկապարտեզի շենքը: Վերանորոգման պայմանագրային արժեքը կազմում է 37 միլիոն 400 հազար դրամ: Շինարարական աշխատանքներն իրականացնում է ՙՀայք-41՚ ԲԲԸ-ն:
Կառուցման եւ շահագործման պահից մինչ այժմ երբեւէ չվերանորոգված Ձորագյուղի մանկապարտեզում այսօր փոխվում են երեք մասնաշենքերի տանիքները, երկու մասնաշենքերի դռներն ու պատուհանները, կատարվում են նաեւ ներքին հարդարման աշխատանքներ:
Վերանորոգման աշխատանքները սկսվել են մայիսի 10-ից եւ կավարվեն մինչեւ նոյեմբերի մեկը: Հիմնանորոգումից հետո 120 երեխաների համար շուրջտարյա գործող մանկապարտեզը, ինչպես հավաստում է համայնքի ղեկավար Լյովա Գրիգորյանը, կաշխատի առանց ծնողական վճարների՝ բացառապես ֆինանսավորվելով համայնքապետարանի բյուջեից: 2010 թվականին Ձորագյուղում ծնվել է 66, այս տարվա առաջին կիսամյակի ընթացքում՝ 40 երեխա: Քաղաքացիներին տրվել է ճարտարապետահատակագծային 4 առաջադրանք:
0 comments:
Отправить комментарий