2010 թվականը Գեղարքունիքի մարզի անասնապահության համար բարենպաստ պայմաններ էր ստեղծել: Նախ՝ մարզի տնտեսություններն էին ապահովված անասնակերով, ապա՝ գյուղատնտեսական մթերքների շուկայական գներն էին բարձր:
Ինչպես մեր թղթակցին տեղեկացրեց ՀՀ ազգային վիճակագրության ծառայության Գեղարքունիքի մարզային գործակալության պետ Հակոբ Բադալյանը` 2011 թվականի հունվարի մեկի դրությամբ մարզի համայնքներում հաշվառվել է 95 հազար 880 խոշոր եղջերավոր, այդ թվում` 51 հազար 871 կով, 90 հազար 822 մանր եղջերավոր, այդ թվում՝ ` 87 հազար 456 գլուխ ոչխար, 3366 գլուխ այծ եւ 8541 գլուխ խոզ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ խոշոր եղջերավոր անասունների թիվը նվազել է 3638-ով, կովերի գլխաքանակը աճել է 1679-ով, մանր եղջերավոր անասունների թիվը եւս աճել է 9130-ով, որից ոչխարի գլխաքանակը` 8883-ով, այծերին` 247-ով, խոզերին` 312-ով: 102 հազարով նվազել է ընտանի թռչունների թիվը, որի մեջ առավել նվազել է հավերի թիվը` 92736-ով: Թռչնագլխաքանակի նման անկումը պայմանավորվել է հակահամաճարակային միջոցառումների բացակայությամբ, ինչն այս տարի արդեն նախատեսվել է իրականացնել պետպատվերի շրջանակներում: Իսկ ինչ վերաբերում է արտադրված կաթին, ապա պետք է ասել, որ այս դեպքում եւս նվազում է նկատվում: 2010 թվականին արտադրվել է 112400 տոննա կաթ` նախորդ տարվա 123500-ի դիմաց: Նվազումը կապված է անցած տարվա մորթի մեծ ծավալների հետ, իսկ աճը` անասունների, մսի, կաթնամթերքի, հավկիթի, բրդի գների թանկացման հետ: Իսկ 2011 թվականին Գեղարքունիքի մարզում անասնագլխաքանակի աճի միտում արդեն նկատվում է:
Մարինե Ղաջոյան
0 comments:
Отправить комментарий