Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղում հանդիսավորությամբ բացվեց արցախյան ազատամարտի ակունքցի յոթ զոհերի հիշատակին նվիրված խաչքար: Հուշարձան-խաչքարի մտահաղացման եւ ֆինանսավորման հեղինակը քիք-բոքսինգի Գեղարքունիքի ֆեդերացիայի նախագահ, ակունքցի Վարդան Մովսիսյանն էր:
Խաչքարի բացման արարողությանը ներկա էին ՀՀ գլխավոր դատախազ, քիք-բոքսինգի ֆեդերացիայի նախագահ Աղվան Հովսեփյանը, ՀՀ ԱԺ պատգամավոր Հակոբ Հակոբյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ Գեղարքունիքի մարզի իրավապահ համակարգի աշխատակիցներ: Խաչքարը օծվեց եւ օրհնվեց ձեռամբ Գեղարքունյաց թեմի առաջնորդ Մարկոս Եպիսկոպոս Հովհաննիսյանի:
Խաչքարի բացման պատիվը տրվեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին:
-Ողջունելի է, որ ժողովրդի հոգում վառ է հայրենի հողը շենացնելու, զավակներ ծնելու եւ հայրենիքը ընտանիքի պես պաշտպանելու գաղափարը,- խրախուսեց ու գոտեպնդեց ակունքցիներին ՀՀ գլխավոր դատախազը:
Օրվա կապակցությամբ հավաքվածներին ողջունեց Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը, շեշտելով, որ Արցախյան ազատամարտին մասնակցած 38 ազատամարտիկներից 7-ը զոհվել են, իսկ 31-ն այսօր ապրում ու արարում են իրենց հայրենի հողում:
Զոհերի նորաբաց հուշաքարին ծաղիկներ դրվեցին: Ակունքի միջնակարգ դպրոցի աշակերտները օրվա կապակցությամբ հանդես եկան երգ ու պարով եւ ասմունքով:
Այնուհետեւ հյուրերը Ակունքի համայնքապետ Արծրուն Ղարիբյանի ուղեկցությամբ շրջեցին Ակունքի հիմնանորոգված դպրոցում եւ արդեն վերանորոգված մարզադահլիճում, որը հագեցվել է նաեւ մարզագույքով ու պատրաստ է ծառայելու քիք-բոքսինգի եւ այլ մարզաձեւերի պարապմունքներին:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий