ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

пятница, 12 августа 2011 г.

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ



/սկիզբը նախորդ համարներում/

   Նեմրութից վերադառնում էինք Մուշ... Հրաշքն ու իրականությունը խառնվել էին իրար... Արեւմտյան Հայաստանում մենք դարձյալ երազային ոլորտներո՞ւմ էինք, թե՞ մեզ համար արդեն բնական իրավիճակ էր, որ Հայրենիքի մի վայրից մյուսն էինք գնում...  Լեւոն Ազրոյանը հասցրել էր կարոտել իր Մուշը. շատ անհանգիստ էր...  Սլանում էինք Մշո քաղցրիկ դաշտով ու սլանում... Ու մտովի այստեղ-այնտեղ հայկական շեներ էինք տեսնում, առույգ ջրվորներ ու քաղվորներ, ամուսիններին ցերեկվա հաց բերող ամոթխած հարսներ, սարից իջնող խոտաբարձ ճռճռան սայլ ու եզներին ՙհո՜, հո՜՚ կանչող աչալուրջ սայլվոր, օջախին դրված մեծ կաթսան հսկող լայնափեշ մամիկ` շերեփը ձեռքին, ու փայտ կոտրող արեւախանձ պապիկ` փափախը գլխին, գողունի հայացքներ փոխանակող սիրահար զույգ ու չարաճճի մանուկների աղմկոտ խումբ... Ու հնչում էր Մշո անուշի~կ, անուշի~կ բարբառը... Ո՛ւր էր թե... Գետակը պոկ չէր գալիս ճանապարհից. երեւի մեզ ճանաչել էր... Սարի լանջին Աստղիկ դիցուհու տաճարի մնացո՞րդն էր... Մեր հոգիներում հրճվա՞նք էր, թե՞ մորմոք...  Մշո դա՛շտը... Այլեւս պարզ էր, թե ինչու է մշեցին այդքան ավանդապաշտ ու ընտանեսեր, այդքան մարդամոտ ու կենսասեր. հայրենի բնօրրանն է նրան այդ որակները տվել ու հայի այդ տեսակը ձեւավորել... Մայրուղուց շեղվեցինք ու սարալանջն ի վեր ընթանալով` կանգ առանք քրդական փոքրիկ բնակավայրի կենտրոնում... Տե’ր Աստված, բոլոր շինությունների պատերում բռնադատված էին խաչքարերի, խոյակների, կամարների պատառներ, սրբատաշ քարեր... Մշո Սուրբ Կարապետ վանքի տարածքում էինք... Սուրբ տաճարի ամբողջովին հոշոտված մարմնից էին կառուցված բոլոր տները, իսկ վանքից մնացած երկու-երեք կիսավեր պատերի տակ կովեր էին որոճում... 
 Երեկոյան կողմ մտանք Մուշ քաղաք եւ իջեւանեցինք հարմարավետ հյուրանոցում: Մինչեւ մութն ընկնելը հասցրինք շրջել քաղաքի բարեկարգ փողոցներում, մտնել խանութներ, նույնիսկ թեթեւ գնումներ կատարել... Իսկ Համլետ Հարությունյանն ու Լեւոն Ազրոյանը տեղաբնակ հայի էին հանդիպել...
 Վաղ առավոտյան սպասվում էր դժվարին վերելք Մուշի մերձակայքում գտնվող Ծիրինկատար սարի լանջն ի վեր` դեպի Մշո Առաքելոց վանք: Դեռ լույսը չբացված` ոտքի վրա էինք:  Ոմանք, նկատի ունենալով վերելքի դժվարությունը, որոշել էին սար չբարձրանալ: Ուղեկցորդ Անդրանիկը նախքան շարժվելը մեկ անգամ եւս հորդորեց առողջական խնդիրներ ունենալու դեպքում չմասնակցել վերելքին: Եղան վարանողներ, սակայն ի վերջո բոլորը, ովքեր արթնացել եւ հավաքվել էին հյուրանոցի բակում, ավտոբուս նստեցին: Կարճ ժամանակ անց, երբ լույսն արդեն բացվել էր, ավտոբուսը կանգ առավ բարձր լեռան ստորոտում, եւ մենք ոտք դրեցինք Աստծո ստեղծած ասֆալտազերծ մեր հայրենի հողի վրա: Երրորդ անգամ (առաջինը Անիում էր, երկրորդը` Վանում) մի տեւական ժամանակ հայրենի հողը հարազատ թրթիռներով լցրեց մեր մարմիններն ու հոգիները: Մենք կրկին շատ սուր զգացինք, որ մեր հողի վրա էինք, մեր տանը, մեր երկրում: Մենք էինք եւ մեր Հայրենիքը` մեր բլուր-բլուր սարերը, ձորերը, երկինքը, ամպի ծվենները, խոխոջուն բարակ առվակը, լանջի մենավոր ծառը, խոտերի մեջ պատյան պատյանի տված երկու կրիաները ...  Վերելքի դժվարությունը չէինք զգում: Բարձրանում էինք` ըմբոշխնելով հայրենի հողի ամեն մի տեսարան ու հնչյուն: Բոլորիս ոգեւորում էր Ոսկան Կարսեցին` երիտասարդական ավյունով լեցուն տարեց պատմաբանը,  որը ոչ միայն հոգնության որեւէ նշույլ չէր ցուցաբերում, այլ նաեւ պատմական ակնարկով, զվարճալի պատմություններով ու կատակներով անկրկնելի էր դարձնում մեր ընթացքը: Հայրենիքի` մեզ պարուրած զգացողությանը չխանգարեցին լանջին իր հոտը արածեցնող քուրդը, լեռան կատարին` իրենց սարատեղում, բացօթյա թոնրում լավաշ թխող քրդուհիները, մեր շուրջը ճանճերի պես պտտվող քուրդ երեխաները, որոնցից մի քանիսի աչքերը մեզ այնքա՛ն  ծանոթ թվացին...  Մշո Առաքելոց վանքը նման էր բզկտված կմախքի, բայց կանգուն էր: Այդ կմախքի ներսում Ոսկան Կարսեցին երգեց... Երգեց սրտաբուխ, լիաթոք, հայրենակարոտ...  Թվաց, թե վանքի կմախքը սարսռաց, հոգոց հանեց ու հանդարտիկ ժպտաց... Աղջիկներից մեկի վառած մոմը հուզմունքից քիչ էր մնում հանգչեր, բայց դիմացավ... Մեր հոգիները խաղաղ էին, հայրենի եզերքին ձուլված. այդ պահին մենք Աստծուց այլեւս ոչինչ չունեինք խնդրելու... Ալինա Ղարիբյանը հացթուխ քրդուհուց թույլտվություն ստացավ եւ մի լավաշ թխեց. մենք այդ հացը իբրեւ նշխար ըմբոշխնեցինք, եւ այն այնքա՛ն  համեղ թվաց... Կասկած չկար` հայրենի դաշտերի ցորենի ալյուրն էր լավաշ դարձել... Քուրդ երեխաների բերած թանը սառն էր եւ աղի... Ու սկսեցինք վայրէջքը... Ցանկություն ունեցանք իրար ձայնել, զավակի իրավունքով  գոռգոռալ, խենթություններ անել, վազվզել, թրջվել խոխոջուն բարակ առվակում, պառկել կանաչների մեջ, ողջ մարմնով զգալ հայրենի հողի տրոփյունը... Մեզ խանգարող չկար. մենք էինք եւ մեր Հայրենիքը...  Ավտոբուսում հնչող ուրախ ռիթմերը այդ որքա՛ն  ներդաշնակ էին մեր հոգիների ճախրանքին...
Վիկտոր Կատվալյան  
շարունակելի

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More