ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

суббота, 16 апреля 2011 г.

ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԸ ԲՈԼՈՐԵՑ ԻՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ 15 ՏԱՐԻՆ






/սկիզբը նախորդ համարներում/
Գեղարքունիքի առաջին մարզպետ Վլադիմիր Մովսիսյանը պաշտոնավարեց 1996 թվականի փետրվար-հոկտեմբեր ամիսներին: Քաղաքական ու տնտեսական դժվարին ժամանակաշրջան էր դա, երբ մի կողմից լուծարվում էին շրջխորհրդի գործկոմներն ու քաղաքային եւ գյուղական խորհուրդներն ու նրանց գործկոմները, եւ մյուս կողմից ձեւավորվում էր մարզպետարանը, որն էլ պետք է նախապատրաստվեր ՀՀ նախագահի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպմանը: ՀՀ նախագահի ընտրությունը մեր մարզում կայացավ գրեթե առանց քաղաքական ցնցումների, թեեւ մայրաքաղաքում ոչ միայն վիճարկվեցին ընտրությունների արդյունքները, այլ նաեւ եղան անկարգություններ ու բախումներ իշխանությունների եւ ընդդիմադիր թեկնածուների կողմնակիցների միջեւ: ՏԻՄ ընտրությունները, որոնք առաջին անգամ էին անցկացվում Հայաստանում, մեր մարզում ուղեկցվեցին որոշակի դժվարություններով: Մի քանի համայնքներում, մասնավորապես Մարտունի քաղաքում, Ներքին Գետաշեն, Երանոս համայնքներում, ընտրությունների արդյունքները վիճարկվեցին դատարանում, դրանք ընթացան մի քանի փուլերով: Շատ համայնքներում էլ հենց ընտրությունների առաջին փուլով փոփոխվեցին նախկին ղեկավարները:
Իր փորձն ու հեղինակությունը Վլադիմիր Մովսիսյանը շատ կարճ ժամանակի ընթացքում հասցրեց ծառայեցնել ոչ միայն մարզի կազմավորմանը, այլ նաեւ տնտեսական որոշակի խնդիրների լուծմանը: Նրա ջանքերի շնորհիվ Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի Կովկասյան գրասենյակի հետ ստորագրվեց համագործակցության պայմանագիր, ինչի արդյունքում կառուցվեց եւ շահագործվեց Մարտունի քաղաքի ինքնահոս ջրատարը: Բավական բարդ տեղանքի վրա, ձոր ու լեռ ճեղքելով, մոտ 20 կիլոմետր հեռավորությունից ընդամենը մի քանի ամսում խմելու ջուրը թափվեց Մարտունու կարգավորիչ ջրամբար: Այն ժամանակ դա աներեւակայելի թվացող ծրագիր էր, որն իրականցվեց սեղմ ժամկետներում: Գեղարքունիքի առաջին մարզպետը նոյեմբեր ամսին տեղափոխվեց այլ աշխատանքի ՀՀ Գյուղատնտեսության նախարարի պաշտոնում, սակայն Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի Կովկասյան գրասենյակը մարզում շարունակեց ջրաշինարարական աշխատանքների ֆինանսավորումը՝ Մարտունի քաղաքի ինքնահոս ջրատարի կառուցման փորձն աչքի առաջ ունենալով:
1996 թվականի նոյեմբերից Գեղարքունիքի մարզպետի պաշտոնը վարեց մարզպետի տեղակալ Ռուդիկ Ղուկասյանը: Նրա ուսերին էլ քաղաքական ու տնտեսական ծանր բեռ էր ընկած` տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպումը եւ սոցիալ-տնտեսական դժվարին իրավիճակի հաղթահարումը: 1997 թվականի ապրիլի 19-ին ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ Ռուդիկ Ղուկասյանը նշանակվեց Գեղարքունիքի երկրորդ մարզպետ: Նրա պաշտոնավարման օրոք, 1997 թվականի օգոստոսին, համաձայնություն ձեռք բերվեց Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի Կովկասյան գրասենյակի հետ` Բեթղեհեմ-Ծովագյուղ-Սեւան 29 կիլոմետր ինքնահոս ջրատարի կառուցումը ֆինանսավորելու համար: 2 միլիոն 200 հազար դոլար արժողության այդ ծրագիրը բարդ տեղանքի եւ եղանակային անբարենպաստ պայմաններում իրականացվեց հաշված ամիսների ընթացքում:
Աշխատանքների հիմքում դնելով կազմակերպչական ունակությունները, կառավարման հմտություններն ու փորձը, ճանաչողությունը, լայնախոհությունն ու աշխատասիրությունը` Ռուդիկ Ղուկասյանը որոշակի դերակատարություն ունեցավ մարզի տնտեսության առաջընթացի, սոցիալ-տնտեսական մի շարք խնդիրների հաղթահարման գործում: Նա ցանկացած հիմնախնդրի լուծում տալու համար լինում էր տեղերում, ծանոթանում իրավիճակին եւ դրանից էլ բխեցնում էր հանձնարարականները: Մարզի հեռավոր եւ սահմանամերձ տարածքներում կատարվող մշտական այցերին գումարվում էին մարզի գրեթե բոլոր համայնքներում ծրագրված խորհրդակցությունները, որոնց մասնակցում էին մարզպետարանի գրեթե բոլոր առանցքային ստորաբաժանումների ղեկավարները, ովքեր հանձնարարությունները ստանում էին տեղում: Համայնքներում տարիներով կուտակված այդ հիմնահարցերը ընդգրկվում էին մարզի սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի հայեցակարգում` ներկայացվելով ՀՀ կառավարության հաստատմանը: Բարձր հիմքերի վրա դրվեց մարզպետարանի եւ տեղական ինքնակառավարման մարմինների փոխհամագործակցությունը: 1998 թվկանին Փախստականների հարցերով Նորվեգական խորհրդի Կովկասյան գրասենյակի ֆինանսավորմամբ եւ մարզպետարանի կողմից կատարված համապատասխան ներդրմամբ կառուցվեց եւ շահագործվեց Ձորագյուղի ինքնահոս ջրատարը: Մի շարք համայնքներում իրականացվեցին սոցիալ-տնտեսական նշանակության ծրագրեր գյուղատնտեսության, առողջապահության ենթակառուցվածքների զարգացման ոլորտներում:
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More