ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՍԵՐԳՈ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑԸ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ



 Ապրիլի 23-ին աշխատանքային այցով Գեղարքունիքի մարզում էր գտնվում ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը: Նրան ուղեկցում էր Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը: Այցի առաջին կանգառը Մեծ Մասրիկ համայնքն էր, որտեղ նախարարին գյուղատնտեսության ոլորտին առնչվող խնդիրները ներկայացրին Մեծ Մասրիկի եւ շրջակա համայնքների բնակիչները, մեծ կամ մանր ֆերմերային տնտեսությունների ներկայացուցիչները: Որպես գլխավոր հիմնախնդիր գյուղացիներն առանձնացրին պարարտանյութի, բենզինի եւ դիզվառելիքի բարձր գները, որոնք առավելապես աճում են հենց գարնանացանի ժամանակ: Նախարարը նշեց, որ պարարտանյութի շուկայում այժմ կառավարությունը քայլեր է ձեռնարկում` հնարավոր գնաճը կանխելու ուղղությամբ, իսկ բենզինի եւ դիզվառելիքի գների հարցում դժվար է որեւէ քայլ ձեռնարկելը, քանի որ դրանց գները բարձրացել են միջազգային շուկայում: Որպես հիմնախնդիր նշվեց նաեւ գյուղտեխնիկայի ձեռքբերման եւ սերմերի սորտաթարմացման հարցը: Նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց, որ այս տարի եւ գյուղտեխնիկայի եւ սերմերի հատկացումը եղել է սահմանափակ, սակայն մոտակա տարիների ընթացքում այդ հիմնախնդիրները լուծում կստանան, եւ գյուղացիները շուտով կնկատեն այդ արդյունքները: Նա մասնավորապես շեշտեց, որ լուծվել է ամենակարեւոր հարցը` գյուղատնտեսության վարկավորման խնդիրը: Ի տարբերություն նախորդ  տարիներին տրված տարեկան 24 տոկոս տոկոսադրույքի, այն այս տարի արդեն հասել է 14 տոկոսի, որի 4 տոկոսն էլ սուբսիդավորում է ՀՀ կառավարությունը: Նախարարը նաեւ հավաստիացրեց, որ  եկող տարվանից ավելի կնվազեն այդ տոկոսադրույքները եւ կերկարացվեն վարկերի մարման ժամկետները, կարվի հնարավորը, որպեսզի գյուղացին կարողանա օգտվել վարկերից, կապվի հայրենի հողին, իրեն զգա որպես արտադրող ու պետության կողմից պաշտպանված: Ըստ նախարարի` նախատեսված են ոչխարաբուծության զարգացման, արոտների կառավարման եւ օգտագործման, տոհմաբուծության զարգացման եւ ոլորտի հետ կապված բազմապիսի ծրագրեր, որոնք մոտ ապագայում կտան իրենց պտուղները: Հրաժեշտ տալիս նախարարը մեծմասրիկցիներին հորդորեց պահպանել ու ավելացնել կարտոֆիլի ցանքերը, հավաստիացնելով, որ կարտոֆիլի բարձր գինն այս տարի եւս կպահպանվի, իսկ բերքի իրացման հետ կապված խնդիրներ չեն լինի:

 Նախարարի հաջորդ կանգառը փախստականներով բնակեցված Տրետուք համայնքում էր: Այստեղ էլ գյուղացիները բարձրացրին գրեթե նույն խնդիրները, որոնց մեջ առանձնահատուկ էին երկուսը` ոռոգման համակարգի կառուցման եւ գյուղտեխնիկայի հատկացման խնդիրները, քանի որ Տրետուքի ոչ մի հեկտար վարելահող չի ոռոգվում, եւ գյուղը չունի ոչ մի մեխանիզմ ու մեքենա: Նախարարն ու մարզպետը խոստացան հնարավորության սահմաններում եւ տարբեր ծրագրերի օժանդակությամբ լուծում տալ այդ խնդիրներին: Այցի հաջորդ երկու կանգառները կատարվեցին Վարդաձոր եւ Գանձակ համայնքներում: Այստեղ եւս գյուղացիները բարձրացրին նույն բովանդակության խնդիրներ` սերմացուների անբավարարություն, հողի եւ անասնապահության նվազ եկամտաբերություն, գյուղտեխնիկայի մաշվածություն կամ պակաս, պարարտանյութերի եւ վառելանյութերի թանկ գներ, ցանքաշրջանառության բացակայություն, գյուղմթերքների իրացման հետ կապված խնդիրներ: 
 ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի` Գեղարքունիքի մարզ կատարած այցի ընթացքում մարզի համայնքների ղեկավարները, անասնաբույժները եւ բնակիչները բարձրացրին անասնաբուժական միջոցառումների ուշացման խնդիրը: Ըստ ներկայացված բանավոր դիմումների` համայնքներում դեռեւս չեն իրականացվել որեւէ կարգի անասնաբուժական միջոցառումներ: Համաճարակային հիվանդությունների դեմ պատվաստում չեն ստացել ոչ խոշորի, ոչ էլ մանրի գլխաքանակները, իսկ անասնաբույժները դեռ չեն ստացել այս տարվա երեք ամիսների աշխատավարձը: Թե առանձին համայնքներում եւ թե Գավառում կայացած հանդիպումների ժամանակ գյուղնախարարը պարզաբանեց, որ անասնաբուժական ծառայություններն այս տարվա հունվարից դուրս են բերվել ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգից` մի այլ կառույցում ընդգրկելու նպատակով, սակայն խնդիրը մինչ օրս բաց կամ չկարգավորված է մնացել, ինչի արդյունքում էլ ուշացել են անասնաբուժական անչափ կարեւոր միջոցառումները: Նախարարը հավելեց նաեւ, որ ինքը ՀՀ կառավարությունից հրահանգ արդեն ստացել է` անասնաբուժական ոլորտի խնդիրները հնարավորինս արագ կարգավորելու համար, ուստի առաջիկայում մարզ կներկրվեն բոլոր տեսակի պատվաստանյութերը, կիրականացվեն բոլոր տեսակի անասնաբուժական միջոցառումները: Կպատվաստվի նաեւ մարզի թռչնագլխաքանակը, քանի որ ուսումնասիրությունը ցույց է տվել, որ նախորդ տարիներին թռչնագլխաքանակը չպատվաստելու պարագայում լուրջ անկում է արձանագրվել տնտեսություններում, եւ այսուհետ թռչունների պատվաստումն ընդգրկվելու է պետական ծրագրերում: Այսուհանդերձ, մարզի անասնապահական տնտեսությունները մեծապես անհանգստացած են ստեղծված իրավիճակից, քանի որ արդեն արոտ են դուրս եկել ոչխարի հոտերը, իսկ ամենաուշը երկու շաբաթից սկսվելու է խոշորի արոտի շրջանը: Մասնագետները գտնում են, որ եթե մինչեւ արոտ դուրս գալը անասունները չպատվաստվեն, ապա մոտակա ամիսների ընթացքում մանր եղջերավորների շրջանում կլինեն բրուցելյոզի, խոշոր եղջերավորների շրջանում` խշխշան պալարի, դաբաղի եւ սիբիրախտի բռնկման դեպքեր` դրանցից բխող ծանր հետեւանքներով:
 Վերջին հանդիպում-խորհրդակցությունը նախարարն անցկացրեց Գավառում` լսելով մարզի բոլոր համայնքների ղեկավարների եւ գյուղատնտեձսության ոլորտի կառույցների ներկայացուցիչների կարծիքները: Ամփոփելով հանդիպումը եւ օրվա այցի տպավորությունները` նախարար Սերգո Կարապետյանը նշեց, որ բարձրացված բոլոր հարցերը քննարկվելու են նախարարությունում եւ ստանալու են իրենց լուծումները, իսկ գյուղացին շատ շուտով զգալու է, որ հայրենի կառավարությունը ոչ միայն իր կողքին է, այլ` իր գործընկերը:


0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More