ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 30 мая 2011 г.

ՄԵԿ ԱՆԳԱՄ ԷԼ ՏՊԱԳՐԵՔ


Խմբագրություն այցելեց Ծովազարդ գյուղի բնակիչ Վոլոդյա Նաջարյանը` Ուկրաինայի Հանրապետության Գորկի գյուղի ղեկավարության նամակը ձեռքին: Ծրարի մեջ Գորկի գյուղի Մեծ հայրենականի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի լուսանկարն էր, նրա տակ թաղված զինվոր Ավետիք Նաջարյանի դիմանկարը, որ տեղադրված է հուշարձանի մի անկյունում եւ Մեծ հաղթանակի շնորհավորագիրը` ուղղված Նաջարյանների ընտանիքին: Ասել է, թե Մեծ հայրենականից 66 տարի անց էլ երախտապարտ Գորկիի բնակիչները  չեն մոռացել իրենց հող ու ջրի ազատագրման համար նահատակված մարդկանց:
Երբ մենք Վոլոդյա Նաջարյանին ցույց տվեցինք ՙԳեղամա աշխարհի՚ 2009 թվականի այն համարը, ուր տպագրվել էր Գորկի գյուղի համար մղված մարտերում զոհված Ավետիք Նաջարյանի մասին պատմող հոդվածը, Վոլոդյա Նաջարյանը չնահանջեց.
 -Ինչ կլինի, մեկ անգամ էլ տպեք, օտար հողից շնորհավորանքի ու երախտիքի խոսքեր ենք ստացել, իմ ու ձեր եղբայրներն են զոհվել, խնդրում եմ... տպագրեք, որ նորից սերունդները վերհիշեն:

 Ավետիք Առաքելի Նաջարյանը ծնվել է 1922 թվականին: Աշխատել է Մարտունու մեքենատրակտորային կայանում՝ որպես ավագ հաշվապահ: Վերջին 6 ամիսներին աշխատում էր Սեւանի մեքենատրակտորային կայանում` որպես գլխավոր հաշվապահ:
 1942 թվին մեկնել է ռազմաճակատ, զոհվել 1943 թվին: 
 Երկար տարիներ չէինք իմանում նրա զոհվելու վայրը եւ շիրիմի տեղը:
Տղաս` Վազգեն Նաջարյանը, շատ հետաքրքրվեց արխիվներից եւ վերջապես Մոսկվայի Պադոլսկ քաղաքի արխիվից պատասխան ստացավ, որ իմ եղբայր Ավետիքը զոհվել է Դնեպրոպետրովսկի մարզում: Դնեպրոպետրովսկից նա ստացավ պատասխան, որ Ավետիքը զոհվել է Սինելնիկովի շրջանի Գորկի գյուղում: Վազգենը անմիջապես գնաց Գորկի, ճշտեց իրողությունը: Նա այցելել է Գորկի գյուղի այն հուշարձան, որի տակ հանգչում են 19 զինվորներ, այդ թվում` եղբայրս:
 19-ի ազգանուն-անունները գրված են հուշարձանի վրա: Գերմանացիները բոլորին սպանել են սվինով: Դա տեսել է գյուղի բնակչուհի, պարտիզան Աննա Ֆեոդորովնան, ով բոլոր զոհվածների դիակները հավաքել, տրակտորով փոս է փորել տվել եւ թաղել մի տեղում: Նա ստուգել է բոլոր զինվորների գրպանները եւ բոլորի անձնական զինվորական պարագաները, անուն ազգանունները, հասցեները, զորամասի համարները, բոլորը հավաքել բերել է իրենց փոքր ակումբում, մի փոքր արկղի մեջ դրել: Յուրաքանչյուր զոհված զինվորի իրերը, որպես թանգարանի մասունք, այժմ էլ դրված են Գորկի գյուղի ակումբի անկյունում:
 Այդ լավ կնոջ նախաձեռնությամբ եւ կառավարության միջոցներով կանգնեցված է հուշարձան, որը ցանկապատված է, ապահովված է ջրով եւ անմար կրակով, շրջապատված է ծառերով ու ծաղիկներով, որոնց խնամում են գյուղի դպրոցականները.
Եղբայրս Սեւանում ուներ սիրած աղջիկ: Նա չվերադարձավ, եւ մեր հարսնացուն ամուսնացավ ուրիշի հետ, ունեցավ երեխաներ, նրանցից մեկին կոչեց Ավետիք:
 1987 թվականին մեր ընտանիքով եւ հարազատներով թվով 8 հոգի այցելեցինք հուշարձան եւ հոգեհաց տվեցինք գյուղացիներին հենց հուշարձանի մոտ:
ՙԳեղամա աշխարհ՚

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More