ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

понедельник, 2 мая 2011 г.

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԴԵՊԻ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Սուրբ Խաչ եկեղեցու դիմաց

Վարագավանք
 Ոլոր-մոլոր ճանապարհը, մանր ու մեծ բլուրներին ճարպկորեն խաբս տալով, ձգվեց սարն ի վեր, գնաց, գնաց ու խցկվեց քրդական մի բնակավայր, դեմ առավ ինչ-որ շինությունների միջեւ ծվարած մի ցանկապատի եւ անմիջապես լցվեց եկվորներից ՙփարա՚ ակնկալող երեխաներով...  Ցանկապատից ներս Վարագավանքն էր`  անխնամ, բայց չհոշոտված... Արտաքուստ նման էր տարաբախտ ու շփոթահար մի ծերունու, որ այդպես էլ չէր կարողանում որեւէ բանական բացատրություն գտնել կատարվածի համար, ու թեեւ շամփրող կսկիծն ու պարտադրված անբնական վիճակը հանգիստ չէին տալիս, բայց հայացքը էլի անչար էր, ու աչքը` երկնքին ... Վարագավանքի ներսում անամոք ու անհուն թախիծ էր, տրտում անդորր, ու նույնիսկ իր անհեթեթ ու խղճուկ առեւտուրն այստեղ անող քուրդը թախծադեմ էր ու սսկված... Համլետ Հարությունյանը իր բերած մոմերից մեզ բաժին հանեց, եւ հարազատ մոմաբույրն ու մոմալույսերը մի ակնթարթ երանություն պարգեւեցին Վարագավանքին... Հրաժեշտի պահին փորձեցինք մեր հոգիներում տպավորել սուրբ տաճարի ամբողջական պատկերը, իսկ ցանկապատի տակ կանգնած հնգամյա աղջնակը` մայրիկի ոտնամանները ոտքերին ու մի մեծ լաչակ գլխին, անտարբեր ու անհաղորդ հայացքով ճանապարհում էր մեզ...
 Ծանր խոհերի բեռն ուսերին` ավտոբուսն ուղղություն վերցրեց դեպի Վանա լիճ... Շուտով մեր առջեւ փռվեց Հայոց աշխարհի կապուտաչյա գեղեցկուհին, եւ նրա ալիքների խայտանքը ալեկոծեց մեր հոգիները, ծփանքը ողողեց մեր էությունը, հայի արյունը մեր երակներում սկսեց ալիք տալ լճի ալիքներին համաչափ... Անկախ մեր կամքից, բայց անասելի հրճվանքով մենք ձուլվեցինք հայրենի հող ու ջրին, բովանդակ բնությանը. մենք այլեւս հավերժական ու հարազատ գոյի անբաժանելի մի մասնիկ էինք...  Կապուտակ ջրերի միջից ձեռքով էր անում Աղթամար կղզին... Մոտորանավերը ջանադրաբար ափից զբոսաշրջիկների խմբեր էին հասցնում կղզի...  Տե՜ր Աստված, այդ ի՛նչ բախտավորություն էր. մենք նավարկում էինք Վանա լճում, եւ ծովակը ուրախությունից ծափ էր տալիս, ժպտում, ծիծաղում... Աղթամար կղզին ամեն կերպ ջանում էր գրավել մեր ուշադրությունը` դեռ հեռվից ցուցադրելով իր շողշողուն զարդը... Կղզի իջանք այն բլրի ստորոտում, որի վրա բազմել էր չքնաղ Սուրբ  Խաչ եկեղեցին... Աստիճանները սկսեցին մեզ վեր տանել, ու աստվածային նախախնամությունը մեզ անակնկալ մատուցեց նախքան եկեղեցուն հասնելը... Դեպի ծովակ էր իջնում ժպտադեմ մարդկանց մի խումբ, որոնք մեզ հայերեն էին ողջունում, մեզ հետ հայերեն էին խոսում, եւ որոնց մեջ մենք նաեւ ծանոթ մարդու` լրագրող Դաշտոյան Գրիգորին հանդիպեցինք: Հայրենիքի ու հայկականության զգացումը կատարյալ էր. հողն ու ջուրը հայկական էին, ծանոթ ու անծանոթ մարդիկ էլ հայեր էին...  Եվ մեր առջեւ փառավորապես մարմին առավ աստվածային հանճարի կատարելության վկան` Սուրբ Խաչ եկեղեցին... Այն ուղղակի պետք է տեսնել, որովհետեւ հույժ քիչ է ասել, թե Սուրբ Խաչը քարե ժանեկագործության գլուխգործոց է, քրիստոնեության ու հայոց պատմության հանրագիտարան, ճարտարապետական հրաշք` իր զարմանահրաշ լուծումներով ու հոգեպարար գույնով, որովհետեւ բառերն ի զորու չեն նկարագրել աննկարագրելին, ու ցանկացած նկարագրություն իրողության համեմատ խեղճ ու տկար է լինելու... Ու մենք հիպնոսացած պտտվում էինք հրաշքի շուրջն ու պտտվում... Իսկ եկեղեցու ներսում ոստիկանի համազգեստով մեկը Թաթուլին արգելեց երգել, մեր խմբի ֆրանսահայ աղջիկը ընդվզեց, բայց ապարդյուն... Նույն այդ ոստիկանը մեզ վաճառեց կիսաայրված մոմեր, որոնք մենք վառեցինք հատկացված տեղում...
 Զառիթափ լանջով իջանք կղզու այն հատված, որտեղ կարելի էր ջուրը մտնել եւ լողալ...  Տաք ալիքները գրկեցին մեզ ու սկսեցին քնքշորեն շոյել մեր մարմինները, եւ մեր հոգիներում մանկական խինդ էր ու բերկրանք... Ոսկան Կարսեցին պատանեկան ավյունով ցնծում էր Վանա ջրերում, Ամբիկ Ղարիբյանը թեւալող էր տալիս, Ֆրունզե Ավետիսյանի ճերմակահեր գլուխը կապուտակ ջրերի վրա հեռվում հազիվ էր նշմարվում, Համլետ Հարությունյանի կատակներից ծովակն էլ էր քրքջում, Ալինան, Անգինը, Սոնան ու Գոհարը ծանծաղուտում ոտքերն էին թրջում ու ջրոցի խաղում, իսկ գյուղապետ Կորյունը հայտնաբերեց, որ Վանա լճի ջուրը արցունքահամ է ...  Երբ ջրից դուրս եկանք, Ամբիկ Ղարիբյանի առաջարկով բաժակ բարձրացրինք Վանա լճի հավերժության ու վերադարձի ցանկությամբ` հայկական կոնյակի մի բաժակ էլ խառնելով հայոց ծովակի արցունքահամ ջրերին...
/շարունակելի/
Վիկտոր Կատվալյան 

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More