ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 16 июня 2011 г.

ՈՐ ՀԱՅ ԼԻՆԵՆՔ ՈՒ ՀԱՅ ՄՆԱՆՔ ԱՇԽԱՐՀՈՒՄ



 ՙՈվ էլ լինես, ուր էլ լինես, քո սրտի մեջ, քեզ հետ է միշտ Հայաստանը: Մեր փոքրիկ երկիրը, որ քարտեզի վրա արցունքի կաթիլի չափ է, տեղավորում ես սրտիդ մեջ, որ չկորցնես հանկարծ, ու ճամփորդում: Աշխարհը սիրում ես քո հայրենիքով, կերտում, կառուցում: Հայոց շունչը, խոսքը, լեզուն տանում դեպի գալիք դարերը: Հայոց լեզուն, որպես տոհմական սրբություն, պետք է կրել շնչով, արյունով, տանել եւ հաղորդել զավակներիդ հավերժական կենդանությամբ...՚: Երդման, սիրո ու հավատարմության այսպիսի խոսքերով Շուշան Պիպոյանը բացեց ՙՀայոց աշխարհ, հայոց երկիր, հայոց հող՚ խորագիրը կրող միջոցառումը, որը կազմակերպվել էր Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի մարզի Սերգիեւ Պոսադ քաղաքում:

Հայապահպանությանը նվիրված միջոցառումը կազմակերպել էր ՙՀայ եւ ռուս ժողովրդի պատմամշակութային աջակցություն-ՙԱրագած՚՚ հասարակական կազմակերպությունը:
 Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց ՙԱրագած՚ հասարակական կազմակերպության նախագահ  Վարդգես Մանուկյանը՝ իրենց հասարական կազմակերպությունը արդեն մեկ տարի է, ինչ գործում է օտար հողի վրա: Այն հիմնադրվել եւ գործում է՝ կյանքի կոչելով մեկ առաքելություն՝ պահել ու պահպանել մայրենին, հայի ազգային դիմագիծը, ինչպես նաեւ գալիք սերնդին փոխանցել հայ ազգի հոգեւոր եւ մշակութային ժառանգությունը:
 ՙԱրագած՚ ՀԿ-ն իր կրթօջախում կազմակերպում է մայրենիի, հայոց պատմության, հայկական երգի ու պարի ուսուցում: Այստեղ այժմ սովորում են շուրջ 50 հայ աշակերտ` յոթից մինչեւ երեսուն տարեկան: ՙԱրագած՚ ՀԿ-ին իրենց ֆինանսական եւ բարոյական աջակցությամբ սատարում են Սերգիեւ Պոսադի հայ համայնքը եւ քաղաքի հայ բարերարները:
 Կրթական գործունեության ծավալման հենց առաջին օրվանից ՙԱրագածում՚ հայոց լեզվի եւ գրանականության անմար լույսն է տարածել մեր համաքաղաքացի Շուշան Պիպոյանը:
 Կյանքի բերումով Շ. Պիպոյանը ստիպված եղավ կիսատ թողել իր մանկավարժական մեծ վաստակն ու ստեղծած  կրթական ժառանգությունը եւ ապրել ու աշխատել Ռուսաստանում: Նույնիսկ օտար հողում իր գործի նվիրյալը  չկարողացավ հրաժարվել եւ հեռու մնալ հայ երեխաներին կրթելու սուրբ գործից: Շուշան Պիպոյանն ունի 35 տարվա մանկավարժական վաստակ: Երկար ու ձիգ տարիներ աշխատել է Գավառի թիվ 9 միջնակարգ /այժմ` Գավառի թիվ 5 հիմնական/ դպրոցում, արժանացել  ՙՏարվա լավագույն մանկավարժ՚ կոչմանը, ստացել ՙՀմուտ ուսուցչի՚ որակավորում:
 Այժմ էլ հեռավոր ու մեծ քաղաքում, օտար հողում, ուր գոյության ու ազգապահպանության կռիվ է տալիս հայը, հայ ձեռներեցների ու նվիրյալ մանկավարժների ջանքերով մատաղ սերունդը սովորում է մայրենի լեզուն ու հայոց պատմությունը, սովորում ազգային երգն ու պարը: Սերգիեւ Պոսադի եւ շրջակա քաղաքների հայ բնակչության համար հասանելի են նաեւ հայ գրականության ու պատմության գրավոր վկաները, որոնք ապահով կերպով ծվարել են ՙԱրագած՚ ՀԿ-ի գրադարանում:
 Անի Պողոսյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More