ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 24 ноября 2011 г.

ԳՊՀ-Ն ՄԵԾ ԿՈՐՈՒՍՏ ԿՐԵՑ



Հրանտ Հակոբյանը ծնվել է 1927 թ. դեկտեմբերի 17-ին Նոր Բայազետի շրջանի (այժմ` Գեղարքունիքի մարզ) Սարուխան գյուղում` արհեստավորի ընտանիքում: 1944 թ-ին գերազանց առաջադիմությամբ ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը: 1944-1946 թթ. աշխատել է գյուղի կոլտնտեսությունում: 1946-1948 թթ. սովորել և ավարտել է Կամոյի (այժմ` Գավառ) մանկավարժական տեխնիկումը:Այնուհետև կրթությունը շարունակել է Երևանի Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ֆակուլտետում:

1950
թ-ին` երկու տարվա ընթացքում, գերազանցությամբ ավարտել է ինստիտուտը: 1950-1954 թթ. որպես ուսուցիչ աշխատել է Բասարգեչարի շրջանի (այժմ` Վարդենիսի), ապա Կամոյի շրջանի Կարմիրգյուղի, Բատիկյանի (այժմ` Գանձակ գյուղի) դպրոցներում, այնուհետև նշանակվել Գեղարքունիք գյուղի դպրոցի ուսմասվար: Աշխատանքին զուգահեռ Հր. Հակոբյանը 1954 թ-ին ընդունվել է Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետ և 1956 թ-ին գերազանցությամբ (էքստեռն) ավարտել այն: Միաժամանակ սովորել և ավարտել է նույն բուհի ասպիրանտուրան` փիլիսոփայություն մասնագիտությամբ: 1956թ-ին Հր. Հակոբյանը նշանակվել է Սարուխանի միջնակարգ դպրոցի տնօրեն և այդ պաշտոնում աշխատել մինչև 1962թ.: Հր. Հակոբյանի կազմակերպական փայլուն տաղանդի, հմուտ մանկավարժական կարողությունների շնորհիվ դպրոցում բացվում են ուսումնական նոր կաբինետներ, լուրջ ուշադրություն է դարձվում ուսումնադաստիարակչական աշխատանքներին, ստեղծվում է համերաշխ և իր գործին նվիրված ուսուցչական կոլեկտիվ: Սարուխանի դպրոցը դառնում է շրջանի առաջատար կրթօջախներից մեկը, և նրա փորձը բազմիցս խրախուսվում է ՀԽՍՀ լուսավորության նախարարության կոլեգիայի նիստերում:

Հր. Հակոբյանը 1962թ-ին նշանակվում է Կամոյի կուսշրջկոմի ագիտացիայի ու պրոպագանդայի բաժնի վարիչ: Երկու տարի անց դարձյալ վերադառնում է կրթության ոլորտ. մանկավարժությունն իր տարերքն էր: Ուսուցանելու, կրթելու, սերունդ դաստիարակելու բնատուր ձիրքն ու շնորհքը պիտի դրսևորվեին նաև դասախոսական աշխատանքի ընթացքում:1964 թ-ին աշխատանքի է հրավիրվում Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտ, որտեղ և աշխատում է մինչև 1985 թ.` որպես Պոլիտեխնիկական ինստիտուտի փիլիսոփայության ամբիոնի ավագ դասախոս, դոցենտ, ապա ամբիոնի վարիչի տեղակալ: Հր. Հակոբյանը 1973թ.-ին պաշտպանում է թեկնածուական ատենախոսություն, 1978 թ.-ին ստանում դոցենտի կոչում: 1990 թ. Հր. Հակոբյանը պաշտպանում է դոկտորական ատենախոսություն` ստանալով փիլիսոփայական գիտությունների դոկտորի գիտական աստիճան: Ատենախոսությունը նվիրված էր հայ մեծանուն վիպասան Րաֆֆու պատմափիլիսոփայական հայացքների վերլուծությանն ու գիտական արժևորմանը: 1991թ-ին Հր. Հակոբյանին շնորհվում է պրոֆեսորի կոչում: 1985թ-ին նա ընտրվել է Երևանի պետական համալսարանի «Աթեիզմի տեսության և պատմության» միջբուհական ամբիոնի վարիչ: Նրա նախաձեռնությամբ և ակտիվ մասնակցությամբ պետհամալսարանի գիտական խորհուրդը վերանայում է ուսումնական պլանները և մայր բուհում սկսում են դասավանդել ոչ թե աթեիզմի տեսություն, այլ «Կրոնների պատմություն և տեսություն» առարկան, ինչն այդ ժամանակի համար բացառիկ խիզախ քայլ էր: Այդ նորարարությունն իր տարածումն է գտնում նաև մյուս բարձրագույն ուսումնական հաստատություններում:

Հր. Հակոբյանը գործուն մասնակցություն է ունենում Երևանի պետական համալսարանում Աստվածաբանության ֆակուլտետի բացմանը: Ֆակուլտետում շուրջ մեկ տասնամյակ ղեկավարել է Կրոնագիտության ամբիոնը:
Որտեղ էլ աշխատել է պրոֆեսոր Հր. Հակոբյանը, սերտ կապերով կապված է եղել իր ծննդավայրի հետ, նրա միտքը միշտ զբաղեցրել է Գավառում բարձրագույն ուսումնական հաստատություն ստեղծելու խնդիրը: 1991 թ-ին, ԽՍՀՄ փլուզումից հետո, նորանկախ երկրում տիրող սոցիալտնտեսական ճգնաժամի պայմաններում խիստ դժվարացել էր հեռավոր շրջաններից մայրաքաղաք հասնելը, Երևանում բնակվելը և բարձրագույն կրթություն ստանալը: Էականորեն պակասել էր Գավառի տարածաշրջանից բարձրագույն ուսումնական հաստատություն ընդունվողների թիվը: Այդ ծանր ժամանակահատվածում Հր. Հակոբյանը նախաձեռնեց Գավառում բուհ ստեղծելու հայրենանվեր գործը և նրա ջանքերով Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ 1993 թ-ին հիմնադրվեց Գավառի պետական համալսարանը, որի հիմնադիր ռեկտոր նշանակվեց պրոֆեսոր Հակոբյանը:

Այդ պաշտոնում նա աշխատեց մինչև 2006 թ.` իր ողջ ուժերը, եռանդը, մանկավարժական, կազմակերպչական փորձն ու գիտելիքները ներդնելով համալսարանի կայացման, ուսումնադաստիարակչական աշխատանքների արդյունավետության բարձրացման և ժամանակակից ուսումնական հաստատություն ձևավորելու գործին:
2010 թ-ին ՀՀ նախագահի հրամանագրով արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի կոչման: Հ. Հակոբյանը պարգևատրվել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ոսկե մեդալով, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե մեդալով, Երևանի պետական համալսարանի ոսկե մեդալով, բազմաթիվ այլ պարգևներով, պատվոգրերով ու հուշամեդալներով, ճանաչվել է աշխարհի 500 լավագույն գիտնականներից մեկը: Նա Գավառ քաղաքի պատվավոր քաղաքացի էր, ամուսնացած էր, չորս զավակի հայր, տասնինը թոռ և ծոռան պապ:

Վառ անհատականության տեր մարդու, գիտնականի, վաստակավոր պրոֆեսորի, ճշմարիտ քաղաքացու կերպարը միշտ կապրի նրան ճանաչողների սրտերում:

Գավառի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմը և ուսանողները խորապես սգում են մեծ մարդասերի, տաղանդաշատ գիտնականի ու ժողովրդի արժանի զավակի կորուստը

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More