Մայիսի 13-ին Գավառի ավագ դպրոցում հավաքված Գեղարքունիքի մարզի ԱՄՆ Խաղաղության կորպուսի կամավորները նշում էին Խաղաղության կորպուսի ստեղծման 50 ամյակը: Կամավորներն իրենց կազմակերպության տարեդարձին մասնակցելու էին հրավիրել իրենց ընկերներին, գործընկերներին եւ այն հյուրընկալող ընտանիքներին, որտեղ իրենք ապրում են: Խաղաղության կորպուսի տարեդարձի միջոցառումը կազմակերպել էին Գավառի ՙՕրհուս՚ կենտրոնի կամավոր Բրայան Հոլը եւ Վաղաշենում ուսուցչությամբ զբաղվող Քայլ Դորանը:
Գեղարքունիքի մարզում իրենց առաքելությունները կատարող 8 կամավորները, ովքեր բնակվում են Վաղաշենում, Մադինայում, Վարդենիկում, Մարտունիում, Սեւանում եւ Գավառում, հայերենով ներկաներին պատմեցին իրենց մասին, ներկայացրեցին այն աշխատանքներն ու ծրագրերը, որոնք կյանքի են կոչվում իրենց կողմից: Ընկերների տոնակատարությանը միացել էր նաեւ Իջեւանի կամավոր Մաթթ Քրուլեյ Միանոն: Նա իր խոսքում նշեց, որ շատ է սիրում Գավառ քաղաքը, քաղաքի բնակիչներին ու այն ջերմությունն ու մարդասիրությունը, որը բնորոշ է մեր տարածաշրջանին:
Վաղաշենում բնակվող եւ իր առաքելությունները կատարող Քայլ Դորանը, ով վարում էր օրվա միջոցառումը, իր կիսավարժ հայերենով ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրեց, որ Խաղաղության կորպուսը հիմնադրել է Ջոն Ֆ. Քենեդին 1961 թվականին` աշխարհում խաղաղություն ու բարեկամություն սերմանելու նպատակով: Խաղաղության կորպուսի ստեղծման օրվանից աշխարհի 139 երկրներում ծառայել է շուրջ 700 կամավոր: Հայաստանի Հանրապետության եւ ԱՄՆ կառավարությունների միջեւ կնքված համաձայնագրի վավերացումով 1992 թվականից Հայաստանում շուրջ 700 կամավոր է ծառայել Հայաստանի տարբեր գյուղական վայրերում:
Համայնքի եւ բիզնեսի զարգացման, անգլերենի ուսուցման, առողջապահական եւ բնապահպանական կրթության ոլորտներում այսօր արդեն աշխատում է շուրջ 97 կամավոր:
Քայլ Դորանը խոսեց նաեւ աղաղության կորպուսի նպատակների եւ ծրագրերի մասին, որոնք նախատեսվում են իրականացնել կամավորների ջանքերով:
Կամավորները տարեդարձի մասնակից հյուրերին ցուցադրեցին մի տեսաֆիլմ, որը պատմում էր Սիդի մասին: Սիդը ԱՄՆ-ից է, սկզբում աշխատել է Վանաձորում, այնուհետ շուրջ 2 տարի ապրել ու աշխատել է Վարդենիկ գյուղում` ինտեգրվելով ու նմանվելով գյուղում ապրող իր հասակակից աղջիկներին:
Քայլ Դորանը մեր թղթակցին պատմեց, որ իր համար շատ հարազատ է Վաղաշենը ու բոլոր վաղաշենցիները: Նա սիրում է մեր կենցաղն ու հայկական վարքուբարքը:
-Եթե Հայաստանից գնամ, ինձ հետ կտանեմ իմ հարազատների սերն ու ջերմությունը, ես ամենաշատը սիրում եմ Հայաստանի տատիկներին,- ավարտեց իր խոսքը Քայլ Դորանը:
Խաղաղության կորպուսի կամավորները վերջում հյուրերի համար կազմակերպեցին հյուրասիրություն` առաջարկելով ճաշակել ամերիկյան ուտեստ եւ բլիթներ:
Անի Պողոսյան
0 comments:
Отправить комментарий