Ինչպես ՙԳեղամա աշխարհին՚ տեղեկացրին Գավառի օդերեւութաբանական կայանից` մայիսի 16-ի վաղ առավոտյան Գավառում դիտվել է 3.3 աստիճան ցուրտ: Գեղարքունիքի մարզի գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն Վրեժ Մելքոնյանի հավաստմամբ` այդ ցրտի արդյունքում չեն տուժել ոչ աշնանացան ցորենի ցանքերը եւ ոչ էլ կորիզավոր ծառատեսակները` ծիրանենին, դեղձենին, բալենին, կեռասենին եւ սալորենին, որոնք մեկ շաբաթ է, ինչ ծաղկել են: Տանձենիները, ընկուզենիները եւ խնձորենիները ընդհանրապես չեն վնասվել, քանի որ դեռ դրանք նոր-նոր են բողբոջ արձակում:
Վերջին տաս տարիների ընթացքում Գեղարքունիքի մարզի տնտեսություններում տնկվել, արմատավորվել ու հասակ են նետել հարյուր հազարավոր կորիզավոր ծառատեսակներ, որոնք մի քանի տարի է, ինչ պտղակալում ու բերքատվություն են ապահովում: Սպասվում է, որ այս տարի մարզի այգեգործները լավ բերք կունենան նաեւ կորիզավոր ծառատեսակներից, իսկ ցրտահարության վտանգը կարելի է անցած համարել, քանի որ օդերեւութաբանական վերջին դիտարկումներով մարզում նոր ցրտահարություն մոտակա օրերին չի սպասվում:
0 comments:
Отправить комментарий