Ապրիլի 28-ին Գեղարքունիքի մարզպետարանում ՙՀՀ ֆերմերների միության՚ նախագահ եւ ՙՆեկտար՚ գիտաարտադրական միավորման տնօրեն Ռոզա Ծառուկյանը հանդիպում-խորհրդակցություն անցկացրեց Գեղարքունիքի մարզի համայնքների ղեկավարների եւ ավելի քան 300 մեղվաբուծական տնտեսությունների ներկայացուցիչների հետ: Քննարկմանը մասնակցեցին, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ մի խումբ մեղվաբույծ մասնագետներ: Ինչպես նշեց Ռոզա Ծառուկյանը` հանդիպման նպատակն էր` մեղվաբույծների անմիջական մասնակցությամբ քննարկել մարզի մեղվաբուծության հետ կապված խնդիրները եւ հնարավորության սահմաններում դրանց լուծում տալ թե խորհրդատվությամբ եւ թե մեղուների հիվանդությունների դեմ պայքարի համար համապատասխան միջոցների տրամադրմամբ: Մարզի մեղվաբույծները հանդիպման ժամանակ արտահայտեցին իրենց կարծիքները եւ ներկայացրեցին ոլորտի զարգացմանը միտված նոր առաջարկություններ: Ռոզա Ծառուկյանը, անդրադառնալով ոլորտում առկա գիտական նորություններին ու նոր մեթոդներին, հույս հայտնեց, որ դրանք կնպաստեն Հայաստանում մեղվաբուծության զարգացմանը: Իսկ մեղրի իրացման հարցում նա կարեւորեց որակյալ մեղրի մթերումը, որի դեպքում միայն հնարավոր կլինի կազմակերպել այդ կարեւոր սննդամթերքի արտահանումը: Հանդիպման ավարտին ՙՀՀ ֆերմերների միության՚ նախագահ եւ ՙՆեկտար՚ գիտաարտադրական միավորման տնօրենի կողմից մեղվաբույծները անվճար ստացան մեղուների հիվանդությունների դեմ պայքարի դեղամիջոցներ: Ռոզա Ծառուկյանը խոստացավ նաեւ առաջիկայում մարզի մեղվաբույծներին բաժանել անվճար եւ անհրաժեշտ մեթոդական եւ խորհրդատվական օգնություն պարունակող գրականություն:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий