ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ՌԱԶՄԱՃԱԿԱՏԱՅԻՆ ՆԱՄԱԿՆԵՐ



 1941 թվականի հունիսի 21-ի լույս 22-ի գիշերը սկսվեց Հայրենական մեծ պատերազմը՝ ավելի թեժացնելով ու երկարաձգելով  երկրորդ աշխարհամարտը եւ խլելով տասնյակ միլիոնավոր ամնեղ մարդկանց կյանքեր, հողին հավասարեցնելով շեն բնակավայրերը հսկայական տարածքների վրա, տառապանք ու մահ պատճառելով աշխարհի շատ տերությունների եւ ժողովուրդների: Այդ պատերազմի ականատեսներից ու մասնակիցներից մեկի՝ ռազմաճակատից տուն ուղարկված նամակները, թեկուզ հպանցիկ, տարիների հեռվից պատկերացում են տալիս պատերազմի հրեշավոր կերպարանքի մասին, որ ձգվեց չորս երկար ու ձիգ տարի...


 Սոս Հակոբյանը ծնվել է 1908 թվականին, Սարուխան գյուղում, հողագործի ընտանիքում:
 Սովորել է հարազատ գյուղի դպրոցում եւ Գավառի /Նոր-Բայազետի/ մանկավարժական տեխնիկումում: ԼԿԵՄ շրջկոմում աշխատել է ագիտբաժնի վարիչ, կազմբաժնի վարիչ, քարտուղար: 1933-34 թվականներին աշխատել է անասնապահական սովխոզի կուսկազմակերպության քարտուղար: 1934 թվականին գործուղվել Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտ՝ ուսումը շատունակելու: Պատմագրական ֆակուլտետում սովորելու հետ համատեղել է նաեւ նույն ինստիտուտի կուսակցական կազմակերպության քարտուղարի պաշտոնը: Ուսումն ավարտելուց հետո միջնակարգ դպրոցում աշխատել է ուսմասվար, ապա՝ տնօրեն: Ընտրվել է դեպուտատ:
 1941-43 թվականներին աշխատել է Բայազետ քաղաքի շրջանային ժողկրթության բաժնի վարիչ, որտեղից էլ մեկնել է ռազմաճակատ: 
 Զորակոչվելու առաջին  3-4 ամսվա ընթացքում սովորել է Վրաստանի եւ Ադրբեջանի օկրուգային ռազմական դասընթացներում եւ զինվորական կոչում ստանալուց հետո Ուկրաինական առաջին ռազմաճակատում ստանձնել է 15-րդ գվարդիական բանակի հրաձգային դիվիզիայի 44-րդ հրետանային զորագնդի դասակի հրամանատարությունը: Սոս Հակոբյանը, լինելով հրաձգային դասակի կապիտան եւ դասակի ավագ հրամանատար, ամենուրեք ցուցաբերել է հրամանատարի լավագույն հատկությունները:
Նա զոհվել է 1945 թվականին, երբ այնքան մոտ էր հաղթանակի ծագող արեւը:
Այսօր պահպանվում են ռազմաճակատից շուրջ 50-ի հասնող նրա նամակները, որոնք պահվել են սրբազան մասունքի պես: Այդ նամակներում արտացոլված են միշտ մահվան սարսափի աչքերին նայող մարդու ապրումներն ու հույզերը, զինվոր-մարտիկի ապրած դժվարին օրերը, բոցավառվող կարոտը հայրենի հողի ու մերձավորների հանդեպ: Հոգեբուխ, մտքից ու սրտից պոկված այդ տողերը տասնամյակների հեռվից դեռ արձագանքում են արյունոտ ու ավերիչ պատերազմի մասին, մարդկանց խորտակված ճակատագրերի մասին, հերոսական պայքարի եւ կենաց-մահու կռվի մասին: 
 Ընթերցողներին ենք ներկայացնում հատվածներ այդ նամակ-մասունքներից:
ՙՍիրելի իմ կին Թամարա, առավոտյան ժամը 5-ից մինչեւ ուշ գիշեր ես ժամանակ չունեմ: Նամակներս գրում եմ լուսնյակի լույսով: Թղթի պակաս եմ զգում, թուղթ չունեմ, որ երկար գրեմ: Ծխելու թութուն էլ չունեմ, ընկերոջիցս եմ ծխում: Իմ աշխատանքը գիշեր ու ցերեկ խրամատներում է եւ պաշտպանության հենակետերում: Սենյակս անձրեւին չդիմացող քոլիկ է գետնի տակին: Եթե հարձակում է սկսվում, տեւում է շատ շաբաթներ: Չզարմանաք, որ այս նամակը գրում եմ թանաքով, երբ հենց նոր դիրքերի ստուգումից եկա թիկունք՝ 2կմ գծից հեռու, բաղնիքում, տեսա սեղան, որի վրա թանաք էր դրված: Ինչպես ասում են՝ թամահս քաշեց՝ թանաքով նամակ գրեմ: Երկար ժամանակ մոռացել էի թանաքի գոյությունը: Այն ինձ շատ թեթեւություն պատճառեց: Այս նամակի հետ մի նամակ էլ գրում եմ Մացակ Պապյանին /այն ժամանակ ՀԽՍՀ Գերագույն սովետի նախագահության նախագահ/: Այսուհետեւ հացի քարտերի կտրոնները կստանաք ըստ շնչի: Ձեզ հասնում է: Զգույշ կացեք հացի հարցում: Այս տարի հողակտորներում հաց ցանեք: Երեխաներին  լավ պահեք, չմրսեն, չլացացնեք... իմ սպայական ծառայության գումարը՝ 901 ռուբլի, ուղարկում եմ փոստի միջոցով, կստանաք եւ կհոգաք ձեր կարիքները: Մեր ջան, դու ասում ես՝ փողը մեզ պետք չէ, բայց մոտերքում էլ կարիք ունեցողներ կան: Դուք իմ մասին անհոգ կացեք, ես պողպատի առողջություն ունեմ: Կհանդիպենք պատերազմից հետո:
 Հաջորդ տարվա մասին լավ մտածեք: Ասում ես՝ շատ եմ կարոտել, բա ես ո~նց եմ կարոտել բիձիս /հորը/, ճուտիկներիս, Էդիկիս:
 Մենակ ես չեմ կարոտում, ինձ նման միլիոններն են կարոտում իրենց հարազատներին: Հիմա իմ մեկուսի խրամատում եմ, արդեն ամուր ծածկով, լույսը լավ չի լուսավորում, լույսի պայծառ լինելու համար պակասություններ շատ կան: Ես այսօր տեղափոխվում եմ շատ հեռու, նամակներս ուշ-ուշ կհասնի՚:
ՙ1944 թվականի սեպտեմբերի կեսն է: Հետեւում մնացել են անցյալ տարվա նույն այս ժամանակի ճակատամարտերը՝ Կիեւի, Ժիտոմիրի, Դնեպրոպետրովսկի, Բերդիչեւի, Նովոմիխայլովո գյուղի մոտի դաժան մարտերը: Այս տարվա օգոստոսի 21-ին տեղի ունեցավ Տեռնոպոլի Պոգովոլչինսկայա կայարանից 8 կիլոմետր հեռու պատմական ճակատամարտը եւ ազատագրումը թշնամուց: Այս կայարան մեկնելու պահին հանդիպեցի մեր գյուղացի Եղիազարյան Արշալույսին, ով իմ աշակերտն էր եղել: Հիմա ազատագրում ենք Լեհաստանը եւ մտնելու ենք Գերմանիայի հողը: Թշնամին խուճապի մեջ է, շուտով բարձրացնելու ենք հաղթանակի դրոշը: Հայաստանից ուղարկել են բավականին ծանրոց-նվերներ՝ տաք հագուստ, սննդամթերք, շատ լավն էր, ռուսները շատ գոհ մնացին: Սեպտեմբերի վերջին օրերն են: Գրավում ենք Լեհաստանի առաջավոր գծերը: Այստեղ դեռ դաշտերը կանաչ են, անտառները երեկոյան լուսավորվում են հրետանու արձակած դեղնավուն լույսի շողերով: Ես առողջ ու անփորձանք եմ վերադառնում, շատ բան ունեմ պատմելու: Կարծում եմ այս վերջին ձմեռն է, որ առանց ինձ կանցկացնեք՚:
ՙ1945 թվականի նոր տարին, հունվարի մեկին մի խումբ հայ տղաներով նստած ենք Լեհաստանի մի համեստ սենյակում, նոր տարվա սեղանի շուրջ: Սեղանին կա միս, խորոված կարտոֆիլ եւ Հայաստանից ստացած օղի: Տղաները բոլորն են երգելու շնորհք ունեն, լավ երգում, պարում են: Հետո խմում ենք մեր ընտանիքների կենացը, ոչ մի վայրկյան չմոռանալով հայրենի եզերքը, հայրենի օջախը, որից հազարավոր կիլոմետր հեռու ենք:
 Որովհետեւ երգելը հերթով է, իմ երգը մեր գյուղացի Շինոյ Գվոյի երգն էր.
Յաման մայրիկ, էլի աղոթք  էր.
Էլին տղան կուգա, քուկինդ ուր է...
եւ Պետեյ Սաքոյի երգը. ՙիմ Սաքոյի քոլոզին մեռնեմ՚:

Խաչիկ Ենգիբարյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More