ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ԿՅԱՆՔԻ ՈՒ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԲՈՎԻՑ


 Դադարել են կրակել ու պայթել մահագուշակ զենքերը, պատերազմը սեւ սարսուռի պես հավաքել է իր փեշերը` մեզ թողնելով  հաղթանակների ու կորուստների եւ ռազմի դաժան օրերի իրականության հետ: 
 Գավառի տարածաշրջանի ռազմիկների պատերազմական կենսագրության մասին իր հուշերն է ՙԳեղամա աշխարհին՚ ներկայացնում  ազատամարտիկ Վանիկ Օհանյանը:
 Վանիկը ծնվել է 1960 թվականին, ԼՂՀ Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղում: Տեղի դպրոցում միջնակարգ կրթությունը ստանալուց հետո տեղափոխվել է Աբովյան: 1979-1981 թվականներին ծառայել է խորհրդային բանակում: Այնուհետեւ սովորել է Աբովյան  քաղաքի  պրոֆտեխուսումնարանում:
Ուսումն ավարտելուց հետո երեք տարի ապրել է Մոսկվայում, ապա տեղափոխվել եւ բնակություն հաստատել Գավառում: Սովորել է Գավառի գյուղատնտեսական քոլեջում` ստանալով իրավաբան-իրավագետի դիպլոմ:
 1988-1994 թվականներին Վանիկը եղել է մարտի բովում: Մարտական գործողությունների ժամանակ 2 անգամ վիրավորվել է: Արժանացել է շուրջ 12 հուշամեդալի` ՙԳարեգին Նժդեհ՚, ՙԱնդրանիկ Օզանյան՚, ՙԾովակալ Իսակով՚, ՙՎազգեն Սարգսյան՚, ՙՄարտական  Խաչ՚, ՙՄարտական արծիվ՚ հուշամեդալներին: Նա նաեւ Գեղարքունիքի մարզի ազատամարտիկների միության նախագահն է: Այժմ զբաղվում է գինեգործությամբ:
ՙՍկսվեց Ղարաբաղյան շարժումը: Մոտենում էր բախտորոշ 1988 թվականը, մի շրջան, երբ հայ ազգի մեջ թափ առավ հայրենիքն ազատագրելու միասնական գաղափարը: Գաղափարի հետեւորդների ջանքերով ստեղծվեց ՙՂարաբաղ՚ կոմիտեն:
 Շարժման գաղափարակիցներին միացանք ես, Նորիկ Սուչյանը, Սպարտակ Դադոյանը,  Խաչիկ Մեհրաբյանը, Ավետիք Ղռեջյանը, Ստեփան Հայթյանը, Սերգեյ Ավետիսյանը, Ռազմիկ Ամիրխանյանը, Ռաֆիկ Ենգիբարյանը, Սերյոժա Նավասարդյանը, Արայիկ Գեւորգյանը, Գրիշա  Խաչատրյանը, Անուշիկ Ղազանչյանը, Ռոբերտ /Հովհաննես/ Միրիբյանը, Գրիշա Հովեյանը, Մարտիկ Ղեւոնդյանը, Արայիկ Առաքելյանը, Սամվել Զանգեզուրյանը, Զավեն Հակոբյանը:
 Նախաձեռնող խմբի այս անդամների կողմից հիմք դրվեց գաղափարական շարժմանը:
 Շարժման համար հավաքատեղի դարձավ Գավառի կերպարվեստի դպրոցը, որի պատերի ներքո էլ հնչում էին ռազմաշունչ եւ բոցավառ ելույթները: Ամեն օր կազմակերպում էինք միտինգներ` մեր հայրենակիցներին համախմբելու նպատակով: Ցանկանում էինք մեր կարեկցությունն ու ազգասեր ոգին միաձուլել դժվարության մեջ հայտնված մեր հայրենիքին:
 Հակառակ հայության արդարացի պահանջին`  ԽՍՀՄ կառավարությունն այնպիսի իրադրություն էր ստեղծում, որ գրեթե անհնար էր դառնում որեւէ գործ կյանքի կոչելը: Այդ օրերին պետանվտանգությունն ու ոստիկանությունը միջոցներ էին ձեռնարկում` ժողովրդի մեջ ծայր առած հայրենասիրական ցասման ուժն ու ոգին խեղդելու համար: 
Այդ շրջանում  պետանվտանգության ծառայության Գավառի շրջանի պետը Վահագն Հովհաննիսյանն էր, ոստիկանապետը` Հարություն Արզաքանցյանը: Նրանք, որպես պետության ուժային կառույցների ղեկավարներ, պարտավոր էին կանգնեցնել այլեւս թափ առած  շարժումը: Այնուամենայնիվ, անարդար կլինի չհիշատակել, որ  նրանք ոչ միայն մեր կողքին էին, այլ նաեւ աջակցում էին մեզ: Աջակցությունը ապացուցվեց գործով. ոստինապետը մեզ տրամադրեց ՙԿարաբին՚ տեսակի տաս հրացան:
 Իրադրությունը Հայաստանի սահմանամերձ գոտիներում գնալով սրվում էր.  պիտի պատերազմ լիներ, պատերազմ, հայրենի հողի ազատագրումն ուժով ու արյունով կնիքելու պատերազմ: 
 1989 թվականին արդեն սկսեցինք ջոկատ կազմավորել` հավաքելով զենք-զինամթերք եւ կապի միջոցներ: 
 Զինվորագրվում էինք… Մեր փոքրիկ ջոկատով սկսեցինք մեր առաջին օժանդակ քայլերը սահմանամերձ գոտիներում:
 Դժվար էր, քանզի ոստիկանությունը, համաձայն կենտրոնի հանձնարարության, սկսեց շարժման մասնակիցներին, ովքեր զենք ունեին եւ հաշվառված էին որսորդմիությունում, կանչել ու հավաքել ունեցած զենքերը: Կառավարությունը փորձում էր այդ ճանապարհով կանխել ահագնացող հայ-ադրբեջանական բախումը:
 Մեր փոքրիկ ջոկատին զինամթերքով ապահովելու համար տղաներով մեկնեցինք Մոսկվա, Շույա, Վլադիմիր, Կավրովո:
Ջոկատի համար զենք էր պատրաստում մեր գաղափարակից ու զինակից ընկեր, զինագործ Նորիկ Սուչյանը: 
 Իրադրությունն ու հայ-ադրբեջանական հարաբերությունները գնալով թեժանում էին: Սկսեցինք ջոկատը նոր մարտիկներով համալրել: Այստեղ էր, որ բախվեցինք իրականության կարծր կողերին: Մարդկանց մեծ մասը, ովքեր շարժման առաջին օրերից մեր կողքին, մեր հետ ՙՄիացում՚ ու ՙԱրցախ՚ էին ոգեկոչում, խոսքից գործի անցնելու պահին չկային այլեւս, նրանք այնպես անհետացան ու ապահով տեղերում պատսպարվեցին, որ կարծես չէին եղել: Այնուամենայնիվ, մեզ հաջողվեց մի փոքրիկ ջոկատ հավաքագրել` շուրջ 15 զինակիրներով: Մեր ջոկատով մարտական առաջին օրերին եղանք Նոյեմբերյանի շրջանում, Շուշիի շրջանի Քարինտակինում:  Մեր ջոկատով 10-15 օրով թեժ գոտի էինք մեկնում Շահումյանի շրջանում: Օրհասական պահին շահումյանցիների կողքին էինք՝ ցուցաբերելով աջակցություն մարտիկներին եւ խուճապահար բնակչությանը: Պատերազմական օրերին մեր շարքերն համալրեցին Սարգիս Գեւորգյանը Հացառատից եւ Յուրիկ Գեւորգյանը Ծաղկաշենից: 
Միաժամանակ նաեւ շարունակվում էր Դաշքեսանի,  Խանլարի, Կուշի-Արմավիրի հայ բնակչության տեղահանումը: Քուն ու հանգիստ չունեինք:
 Մեր առաջին լուրջ մարտական ներդրումն ունեցանք  Գետաշենում:
1990 թվականի հունվարի 13-ն էր… օրհասական պահ Գետաշենի համար: Այդ շրջանից մարդկանց տեղահանում էին, ուղղաթիռներով տեղափոխում Հայաստանի այլ վայրեր: Լուր առանք, որ Գետաշենի եւ Մանաշիդի շրջանում իրավիճակը լարված է: Նույն օրը տեղեկացանք, որ Երեւանից ուղղաթիռ պիտի գա Գավառ, եւ անհրաժեշտ էր օգնություն ուղարկել Գետաշեն: Ժամանեց ուղղաթիռը, որի մեջ էր Չանենցավանից Ասատուրի 11 հոգանոց ջոկատը: Նրանք գիշերեցին Գավառում: Մեր ջոկատի տղաներով համոզեցինք ուղղաթիռի հրամանատար  Արմենին, որ չհամբերենք մինչ լուսաբաց, այլ շտապենք մեր օգնությունը ժամ առաջ հասցնել  Գետաշեն: Արմենը համաձայնեց, եւ նույն օրը երեկոյան ուղղաթիռը մեզ տարավ Շահումյանի շրջան: Ասատուրի տղաներին իջեցրինք Մանաշիդում, մենք իջանք Կամո գյուղին հարակից խաղահրապարակում: 

Խաղահրապարակում անվադողեր էին վառել` մթով ճիշտ ուղղությունը ցույց տալու համար: Մեզ դիմավորեց Գետաշենի գյուղապետ, երջանկահիշատակ Շալիկոն: Մեր 11 հոգանոց խմբում էին Հովհաննես Միրիբյանը, Ռազմիկ Ամիրխանյանը, Գրիշա Խաչատրյանը, Ռաֆիկ Ենգիբարյանը, Սերյոժա Նավասարդյանը, Հովիկ Ղաջոյանը, Յուրա եւ Բենիկ Թեհմուրազյան եղբայրները եւ ես:
 Գետաշենի զինվորական շտաբում կային 3 ադրբեջանցի գերի, նրանցից մեկը ոստիկանության սերժանտ էր, մյուսը` Կապուտան լճի հանգստավայրի տնօրենը եւ Կիրովաբադի երկրորդ քարտուղարի որդին:
 Իսկ ադրբեջանցիների մոտ էին Շահումյանի գործկոմից գերեվարված 5 տղամարդ: 
Գետաշենում մեզ ուղարկեցին հյուրընկալ տներ: Մեզ հյուրընկալեց գետաշենցի Գուրգենը: Առջեւում երկար ու ձիգ ձմեռվա գիշեր էր, ես անկարող էի հանգիստ նստել ու սպասել լուսաբացին: Տղաներով համոզեցինք տանտիրոջը՝ մեզ ուղեկցել դիրքեր:
 9 հոգով, զինված մոսին հրացաններով, բարձրացանք սահման: Հայ-ադրբեջանական սահմանը տեղակայված էր Ազատի խաչմերուկում: Գիշերով բարձրացանք: Ամայություն էր մերոնց դիրքերում, դատարկ էր ու լուռ ամեն ինչ: Ազատ գյուղից աջ ու ձախ գյուղերի բոլոր տների լույսերը վառն էին: Զարմալի էր: Տանտեր Գուրգենը պատմեց, որ գյուղերն ամբողջությամբ հայաթափված են, մի քանի բնակիչ է մնացել: Նրանք լույսերը գիշերը վառում են, առավոտյան հանգցնում` հակառակորդին շփոթեցնելու եւ տպավորություն ստեղծելու համար, որ շեները դատարկ չեն: 
 Գուրգենը մեզ զգուշացրեց, որ Ազատի խաչմերուկից աջ գտնվող կամրջակն ականապատված է: 
Իմ հրամանատարությամբ ջոկատի տղաները դիրքավորվեցին, ու սկսեցինք սպասել:
Արդեն հունվարի 14-ի լուսաբացն էր: Ձյուն էր, ճերմակ ու խաղաղ էր ամեն ինչ: Հանկարծ հեռվից լսվեց զրահամեքենայի ձայն: Դեպի Ազատի խաչմերուկ էին իջնում սպիտակ ներկված երկու թրթուրավոր տանկ: Նրանք անվնաս անցան կամրջակի վրայով: Փաստորեն այն ականապատ չէր: Կեղծ լուրերը տարածել էին ժողովրդի մեջ` մոտալուտ բախումից ու գրոհից խուսափելու համար: Մենք հասցրեցինք պատսպարվել խաչմերուկի հարեւան տան բակում: 
Տանկերը հասան Ազատի խաչմերուկ ու սկսեցին կրակել չորսբոլորը: Կրակեցին երկար՝ փոշիացնելով շրջակա շինությունները…
Այնուհետեւ կրակողները նստեցին իրենց տանկերի վրա ու սկսեցին երգել հաղթական, համարելով, որ գրավել են Ազատ գյուղը:
Իսկ մենք նրանցից մի քանի մետր էինք հեռու: Ես, լինելով թալիշեցի,  թուրքերեն խոսող գրոհայիններից հասկացա, որ ցանկանում են բակ մտնել: Անմիջապես տեղափոխվեցինք լքված տան անասնագոմ, թաքնվեցինք ու շունչներս պահեցինք: Ադրբեջանցիները բացեցին հերթական կրակահերթը` փոշու վերածելով անասնագոմի հարդաշեն պատերը: Բարեբախտաբար մեզ հարեւանցի անցած գնդակները ոչ մեկիս չխոցեցին: 
Այնուհետեւ դուրս եկան շենքի բակից ու սկսեցին կրակել Գետաշենի ուղղությամբ: Ես զգուշորեն սկսեցի քայլել մեզ պատսպարող շենքի հետնամաս: Ես քարացա, երբ ինչ-որ մեկը զենքը պահեց ճակատիս: Սարսափով հայացքս վերեւ բարձրացի, մերոնցից էր:    Առավոտյան մեզ չէին գտել Գուրգենի տանը եւ բարձրացել էին դիրքեր: Հավաքվեցինք բոլորով, ցանկապատի տակ կանգնեցինք մի գծով: Ընդհանուր հաշվով ունեինք 7 հատ մոսին եւ 2 հատ տոզ տեսակի հրացան: Միաժամանակ սկսեցինք կրակել բոլորով: Թշնամին ահաբեկվեց ու սկսեց իրար խառնվել: Մենք դադար տվեցինք: Նրանք սկսեցին շփոթված հետ քաշվել ու հավաքել իրենց զոհերին: 
 Մեզ հաջողվեց  նրանց հեռացնել Ազատի սահմաններից:
Նույն օրը երեկոյան եւ հաջորդ օրերին Երեւանից ուղղաթիռներ սկսեցին ժամանել:
Հունվարի 15-ի երեկոյան սկսեցինք ամրացնել մեր դիրքերն ու ուժերը Ազատի խաչմերուկում: Մթնշաղ էր, երբ լեռնիվար մի  բենզատար իջավ մեր տարածք: Մեքենան կանգնեց: Վարորդն ու կողքի ուղեւորը անսթափ վիճակում էին` հարբած եւ թմրած: Մենք նրանց գերի տարանք` հավասարեցնելով մեր ունեցած ադրբեջանցի գերիների թիվը հակառակորդի կողմից տարած մեր հայրենակիցների թվին:
 Ազատի կյանքը փրկողներին միացավ նաեւ Թաթուլ Կրպեյանի ջոկատը:
 Մենք վերադարձանք, բայց օրեր անց տեղեկացանք, որ կատարվել է գերիների փոխանակում՚:
ՙԳետաշեն՚ գրքում գրված է Վանիկ Օհանյանի ու նրա ջոկատի առաջին լուրջ մարտական բախման մասին: Գետաշենիցները չեն մոռանում մեր հայրենակիցների ջոկատին ու ջոկատի հրամանատար Վանիկ Օհանյանին 
ՙՆրանց շնորհիվ հաջողվեց մի քանի ամսով երկարաձգել Գետաշենի կյանքը՚,- գրել է գրքի հեղինակ Բենիամին Սիսյանը: 
 Վանիկ Օհանյանի ջոկատը շարունակում է հայրենիքի ազատագրման իր ուղին եւ 1991 թվականի օգոստոսին  մեկնում Վարդենիսի շրջան` ինքնապաշտպանական գործողություններին մասնակցելու նպատակով:
ՙԳնացել էինք Վարդենիսի տարածաշրջան: Այնտեղից էլ անցանք Քյալբաջարի շրջանի Զեյլիկ գյուղ: Մի բարձր սար կար: ՈՒԱԶ մակնիշի մեքենայով բարձրացանք լեռան բարձունք: Մեզ ուղեկցում էին վարդենիսցի հովիվները:
Վեց հոգով էինք՝ Ռաֆիկ Ենգիբարյանը, Նորիկ Սուչյանը, ես, հովիվներ Արթուր Անտոնյանը, Արթուր Ասատրյանը եւ 14-ամյա Գագիկ  Խաչատրյանը:
 Լեռան գագաթին էինք հասնում, երբ գնդացրի կրակոցներից շուրջներս ամեն ինչ խլացավ…
Քյալբաջարի կողմից մի ուղղաթիռ էր իջնում սարի գլխից դեպի լեռան փեշին ծվարած մեր բազան: Նորիկը, կրակոցներից սթափվելով, անմիջապես իր հետ տարավ երկու անչափահաս հովիվներին: Նստեցին ՈՒԱԶ-ն ու իջան մեր ուժերի կայանատեղի:
 Ես ու Ռաֆիկը մնացինք զառիթափի վրա` ռազմական ուղղաթիռի կրակահերթի տակ: Խուճապահար նետվեցինք ոչխարների հոտի մեջ: Ռուսական դեսանտային ուղղաթիռը, մեզ կորցնելով տեսադաշտից, ուղղություն վերցրեց մեր տղաների մեքենայի հետեւից: Ապա իջավ լեռան փեշին, որտեղ էլ վայրէջք կատարեցին տաս դեսանտային: 
Մեքենան մնաց դեսանտայինների օղակի մեջ: Ես ու Ռաֆիկը կապի բացակայության պատճառով անկարող էինք որեւէ կերպ տեղեկացնել տղաներին, օգնել կամ օգնություն ստանալ: Վերեւից տեսնում էինք կատարվածը` կարկամած ու շփոթված: Մեր տեսադաշտում դեսանտայինները ինքնաձիգ հրացանի կոթով հարվածեցին Նորիկի վզին: Նա ընկավ` հավասարակշռությունը կորցրած: Կայծակնային արագությամբ ռուսները Նորիկին քաշեցին ուղղաթիռի մեջ, նրա հետեւից ուղղաթիռ տարան մեզ ուղեկցող երեք պատանի հովիվներին: 
Ուղղաթիռը սլացավ` անհետանալով Ադրբեջանի կողմերում:
Հուզված ու ահաբեկ հասանք մեր բազա: Կարճաղբյուրում գտնվող տղաներն անմիջապես հասան մեր ուժերի կայանատեղի` կատարվածը վերլուծելու եւ լուծումներ գտնելու համար: ՀԱԲ-ի տղաներից Ճայ Մայիսը /Միրզոյան/ եւ Կարճաղբյուրից Վրիժառուների Վրեժը միացան մեզ: 
 Այդտեղ տղաները պատմեցին ռուսական դեսանտայինների կողմից կատարված մեկ այլ հակահայկական դաժան քայլի մասին: Մեր տղաների հետ կատարվածից մի օր առաջ հերթական ագրեսիայի զոհն էին դարձել Սոթքի տարածաշրջանից Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի տղաները: Գնդապետ Մալիշկինի գլխավորությամբ ռուս դեսանտայինները կրակել էին Լեոնիդ Ազգալդյանի ջոկատի տղաներից մեկին, ապա այրել ՈՒԱԶ մեքենան:
 Սկսեցինք քննարկել հնարավոր բոլոր տարբերակները` մեր բողոքը Կրեմլ հասցնելու համար:

Անի Պողոսյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More