ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 30 июня 2011 г.

ՖԻԴԱՅԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ /մաս 7/



 Մակարը երդվել է Գեւորգին ու ֆիդայիներին, որ Եղսոն իր նամուսն է, Վարդգեսն՝ իր որդին: Չկա Գեւորգն արդեն, նրա աճյունը հանգչում է Մուշ քաղաքի գերեզմանոցում, բայց ծերունի Մակարը չի մոռացել իր երդումը: Նա դառնում է վճռականություն ու վեհություն, երբ Փեթարա Մանուկից ստացված նամակը ծանուցում է ֆիդայիների ղեկավար Ռուբենին եւ նրա ընկերներին, որ Եղսոն ու հազիվ մեկ տարեկան Վարդգեսը վտանգված են:
Նրանց կյանքը փրկելու համար ոտքի է ելնում Ռուբենը՝ առաջնորդելու մյուս ֆիդայիներին, բայց Մակարն իր իմաստությամբ եւ ազդեցիկ խոսքերով կանխում է իր ղեկավարին: Անկրկնելի գեղեցիկ ու հուզիչ ակնթարթներ են անցնում ու հավերժանում ընթերցողների մտապատկերներում: Մեր առջեւ հառնում ու վեհանում են ոչ միայն Տավրոսի լեռները, այլ նրա ծերպերում կյանք ու մահ որոնող առասպելական մարդիկ: Ահա Մակարի անքակտելի վճիռը. ՙԱմենքդ ալ գիտեք եւ արար աշխարհ, որ Սերոբի կնիկ Սոսեին եւ Գեւորգի կնիկ Եղսոյին ես հակառակ եմ եղած. հակառակ եմ եղած, որովհետեւ ֆետային իրավունք չունի կնիկ ունենալու: Ինձ չհասկացան լուսահոգի Սերոբ, Գեւորգ: Սոսեն ու Եղսոն իմ աղջիկներս են, իմ աչքի լույսը... Գեւրոգը իմ հոգու կեսն էր, նրա նամուսը՝ իմ նամուսը, նրա զավակը՝  իմ զավակեն ավելի: Քեռի Մակարը թե Եղսոյին չգնա ազատելու, արար աշխարհը պիտի հավատա, թե պենամուս մարդ է քեռի Մակարը: Իմ ասածն է՝ դու պիտի մնաս, ես պիտի գնամ, թե որ ողջ եկա, ազգութեան նամուս փրկած կը լինի, թե որ ես մեռա, շատ բան չի կորչի, քեռի Մակարը հալեւոր է արդեն, մի խնդրանք ունի: Թաղեք իմ ջանդակ Գեւորգի կողքին՚: Մակարի խոսքերն ազդում են ոչ միայն ֆիդայապետի, այլ մյուս ֆիդայիների կարծիքի վրա. ՙԼեռնական այս մարդը հռետոր չէր եւ ոչ ալ լեզվին զոռ կու տար, բայց այնքան համոզիչ կը խոսեր, որ երկաթե շինված ֆետայիները մոմ էին դարձած եւ, յանդըգնութիւն առնելով, կըսեին երեսիս. ճիշդ է ասածը, մենք նրա հետն ենք, դու պիտի մնաս, մենք պիտի գնանք՚:

 Հոգու հուզական աշխարհը նաեւ թաքնված է ֆիդայիների ժայռացած կրծքի տակ: Ցնցող է բաժանման տեսարանը: Մարտերի ու ծանր կյանքի մեջ ընկերությունը, հալալ եղբայրությունը կռած քաջ այրերը կարոտով ու արցունքներով են ողողում բաժանումը՝ փորձելով ձգել ու ձգել այն փոքրիկ ակնթարթը, որ դեռ իրար կողքի է պահում կյանքն ազատության գաղափարի հետ փոխած այս արտասովոր մարդկանց: Ճիշտ այնպես, ինչպես Սասունցի Դավիթն էր Մսրա զորքի ու Մսրա Մելիքի դեմ կռիվ գնում՝ հուզելով Ձենով Հովանի, Քեռի Թորոսի, մյուս սասունցիների, սասնա կանանց սրտերը, այդպես էլ Քեռի Մակարն է իր փառահեղ երթից առաջ փուլ բերում ֆիդայիների կարծրացած հոգիները. ՙԾերունի Մակար զենքերը կապեց եւ ոտքի ելավ: Ոտքի ելած ենք ամենքս, մնաս բարով կընենք: Այսօրվան հրաժեշտը ուրիշ բան է, իրարու կը նայինք լուրջ ու լուռ: Բոլորս ալ համակված ենք խոր վշտով, կարծես կը վախնանք խոսք մը թռցնել մեր բերնեն: Եթե մեկը որեւէ խոսք ըսե, կասկած չկա, թե հրաժեշտի  ջերմ համբույրները պիտի փոխվին արցունքի, լացի: Իրարու ետեւէ համբույրներ կու տանք Շենիկի Ղազարին, Ախոյին, Յարոյին, կը համբուրվինք Շենիկի Մանուկի հետ, որուն կուրծքը ամենեն ավելի կելլե ու կիջնե.եւ վերջապես կը համբուրվինք Շենիկի Մանուկի հետ որուն կուրծքը ամենեն կելլե ու կիջնե. եւ վերջապես կը համբուրվինք Քեռի Մակարին հետ: Ան կը զսպե ինքզինք, չի փղձկիր, բայց այնպես կը համբուրե, որ կը զգաս, թե վերջին համբույրն է... Գացին. կը բարձրանան լերան կածանով. մենք կանգնած կը հետեւինք նայվածքով: Շենիկի Մանուկը կանգ առավ եւ կանչեց. ՙՉոլո, Չոլո, իմ ճժերուն եթիմ չթողնես՚... Չոլոն ոչ միայն Մանուկի հին զինակից ընկերն էր, այլ նաեւ հորեղբոր տղան, երկուքն ալ Շենիկի քաջ տոհմեն ծնած: Չոլոն չդիմացավ, փղձկաց  եւ լացավ, եւ փոխանակ պատասխանի ըսավ. ՙՄարաբե վկա, փորձանք պիտի գա, ես գնամ, պարոն, Մանուկին դարձուր...
 Այդ երթը, որ ձեռնարկել էր Մակարը մարտական ընկերների հետ, ավարտվում է Փեթարի հայտնի կռվով: Դա կռիվ չէ, այլ խոյանք, խենթություն, անձնազոհություն, որ նույնիսկ զարմանք է պատճառում թշնամիներին: 19 ժամ շարունակ ֆիդայիները Մակարի հրամանատարությամբ լեռ ու ձորերով գրոհում ու նահանջում են, կռվում ու կրակում թուրքական կանոնավոր զորքի դեմ, որը կալմեջ էր արել Եղսոյին ու Վարդգեսին փրկելու եկած ֆիդայիներին: Թուրքական կանոնավոր բանակին, ինչպես միշտ, կրկին աջակցում են քրդերը: Ռազմական արվեստի պատմության մեջ թերեւս ոչ մի մարտակարգ, ոչ մի կանոն չի ենթարկվում ֆիդայիների վարած կռիվների կարգերին ու օրենքներին: Փեթարի կռիվը հերոսական մեկ էջն է այդ կռիվների, բայց այնպիսի մի էջ, որ ականատեսների մոտ դարձել է առասպել, երգ ու անմահ զրույց, սարսափ ու ակնածանք:
Խոսրով Խլղաթյան
/շարունակելի/

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More