Արածանիի ափին |
Մուշը անդորրություն էր պարգեւել մեր հոգիներին, մենք լիովին ներդաշնակվել էինք հայրենի եզերքին… Օրը այնքա~ն պայծառ էր, մենք քաղաքի հին ու նոր թաղերում այնքա~ն ուրախ էինք ու բարի … Երջանիկ մոռացության ոլորտներում էինք… Մուշը դեռ երկար ձեռքով էր անում հեռացող միկրոավտոբուսների հետեւից ու գոգնոցի ծայրով սրբում արցունքները…
Հեռվում արծաթին էր տալիս Արածանին` սուրբ գետը… Մենք խորին ակնածանքով ու երկյուղածությամբ կանգ առանք Արածանիի ափին` Սուլուխի կամրջի մոտ… Բազմակամար ու նորոգ կամուրջը գեղեցիկ մի գոտի էր գետի մեջքին… Հայ ուխտագնացների մեկ այլ խումբ կանխել էր մեզ ու արդեն կամրջի վրա էր. մտավորականներ էին, հիմնականում` պատմաբաններ, որ մասնագիտական ջանադրությամբ զննում էին պատմական անցքերի հռչակավոր վայրերը: Երեւի կարելի է պատկերացնել, թե հոգեկան ինչ մեծ բավականություն է պարգեւում Աստված հային` հայազուրկ Հայաստանում այլ հայերի հետ հանդիպեցնելով… Մեր հրճվանքը ծավալվում էր կամրջով մեկ` իր հորձանքի մեջ առած նաեւ հայրենադարձ նշանավոր կուսակցապետին… Արածանին էլ էր հուզվել, նա էլ հորձանք էր տալիս… Ու մինչ կամրջին կանգնած՝ հայացքով հպվել էինք գետին ու ըմբոշխնում էինք հայրենի ջրերի ընթացքը, Լեւոն Ազրոյանը գետի ափից հող էր վերցնում՝ իբրեւ սուրբ մասունք… Քիչ անց մենք արդեն Արածանիի սրբազան ջրերում էինք, մեզ զգում էինք աստվածային անձեռակերտ տաճարում. սուրբ ջուրը մաքրագործում էր մեր մարմիններն ու հոգիները… Ջրից դուրս եկանք նոր ուժով ու հավատով առլեցուն… Յուրաքանչյուր հայի երազանքը մեզ համար, գոնե ինչ-որ մասով, իրականություն էր… Ու թեեւ երեկոյանում էր, բայց աշխարհը մեզ համար ավելի լուսավոր էր դարձել…Արածանին |
Մտանք Խնուս, որ փոքրիկ ու բարեշեն մի քաղաք էր: Պանդոկում վայելեցինք արեւելյան կերակուրներ ու սառը թանապուր. կերակուրների որակն ու սպասարկման մշակույթը գոհացուցիչ էին: Մթնշաղին արդեն Էրզրումում էինք… Էրզրումի բերդը մռայլ էր ու անհյուրընկալ… Թեեւ քաղաքի փողոցները հիմնականում լուսավոր էին, բայց Էրզրումը տեսնելու մենք կգանք հաջորդ անգամ…
Ուղղություն վերցրինք դեպի Կարս՝ այդպիսով փակելով Արեւմտյան Հայաստանում մեր ուխտագնացության հայրենաշղթան: Կարսի հյուրանոցում հայ ուխտագնացների մեկ այլ խմբի հանդիպեցինք… Եթե սահմանները բացվեն…
Սուլուխի կամրջին |
Առավոտյան բռնեցինք Հայաստանից Հայաստան ճամփան, որ անցնելու էր Վրաստանով… Մտանք նաեւ Արդահան, որտեղ ուշադրություն գրավեցին իր վրա հայագիր արձանագրություն պահպանած մի շինություն եւ հյուրանոցի ճակատին այլ դրոշների շարքում ծածանվող եռագույնը… Ճամփեզրի աղբյուրի մոտ հրաժեշտի բաժակ բարձրացրինք… Հայկական պարեղանակը թնդում էր, մենք ուրախ պարում էինք, երբ կանգ առած ավտոմեքենայից իջած թուրք պրոֆեսորը իր դստեր հետ մոտեցավ մեզ եւ իր հարգանքն ու համակրանքը արտահայտեց հայ ժողովրդի, հայ մշակույթի ու Հրանտ Դինքի հանդեպ…
Ահա եւ հատեցինք թուրք - վրացական սահմանը… Չէ, տխուր չէինք. տպավորություններով այնքան էինք հագեցած, որ տխրությանը տեղ չէր մնացել… Միայն մի բան էինք շատ որոշակիորեն զգում. մեր հոգու մի մասնիկ առհավետ մնաց Այնտեղ, եւ այդ մասնիկը մեզ անընդհատ կանչելու է…
Նոր էինք Վրաստանից անցել Հայաստան, երբ հնչեց գյումրեցի ընկերոջս` Արա Մաթեւոսյանի անհամբեր զանգը. արդյո՞ք ամեն ինչ կարգին է… Նույնաբովանդակ զանգեր ստացան նաեւ խմբի մյուս անդամները… Իսկ անհանգստանալու կարիք չկա. սահմանները բացելու ժամանակն է…
Վիկտոր Կատվալյան
0 comments:
Отправить комментарий