Այսօր Գավառի պետական համալսարանը հյուրընկալել էր կրթօջախի բարերարներ տեր և տիկին Ժիրայր և Անահիտ Նիշանյաններին:
Օրվա պատվավոր հյուրերի շարքը լրացնում էին Հայ Առաքելական Եկեղեցու Արևելյան թեմի միջեկեղեցական հարաբերությունների պատասխանատու Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը և Ժիրայր Նիշանյան ֆոնդի խորհրդի անդամ Տեր Վրթանես ավագ քահանա Քալաջյանը, երեցկին Անահիտ Քալաջյանը:
Արդեն 10 տարի է,ինչ «Ժիրայր Նիշանյան հիմնադրամը» ֆինանսավորում է Գավառի պետական համալսարանի բարձր առաջադիմությամբ և սոցիալապես անապահով ուսանողներին` տալով հնարավորություն ինքնահաստատվելու, աշխատելու և ծառայելու մայր հայրենիքին ու ժողովրդին:
Հանդիպման ընթացքում Նիշանյանական կրթաթոշակառուներն իրենց շնորհակալական խոսքն հղեցին պատվավոր բարերարներին` կրթություն ստանալու հնարավորություն ընձեռելու համար: Գավառի պետական համալսարանի ռեկտոր Ռուզաննա Հակոբյանը հիմնադիր ռեկտոր Հրանտ Հակոբյանի, ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի և համալսարանի ողջ պրոֆեսորադասախոսական, վարչական անձնակազմի անունից շնորհակալություն հայտնեց բարերարներին, հանձնեց մագաղաթ - շնորհակալագիր և Հիսուսի վերջին խորհրդավոր ընթրիքը պատկերող լուսանկար: Գավառի պետական համալսարանի ֆակուլտետները ևս պատրաստել էին իրենց նվերները: Իսկ Ժիրայր Նիշանյանի անվան կրթաթոշակառուները ջանք չէին խնայել` պատրաստելով իրենց ձեռքի աշխատանքները, որոնք հանձնեցին տեր և տիկին Նիշանյաններին:
Հանդիպման ավարտին Վիգեն արքեպիսկոպոս Հայկազյանը հայտնեց, որ Ժ. Նիշանյանի աջակցությամբ կվերանորոգվի նաև ԳՊՀ հանրակացարանը: Ժիրայր և Անահիտ Նիշանյանների հանդիպումը 100-ից ավելի Նիշանյանական կրթաթոշակառուների հետ ջերմ էր ու սրտառուչ:
Համալսարանում բացվեց երախտագիտության ցուցատախտակ` ի նշան ԳՊՀ ուսանողների և աշխատակիցների սիրո և հարգանքի:
ԳՊՀ լրատվական ծառայություն
0 comments:
Отправить комментарий