1948 թվականի դեկտեմբերի 10-ին ՄԱԿ-ը ընդունել է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը։ Իսկ 1950 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան որոշում կայացրեց այդ նույն օրը պաշտոնապես հռչակել որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Սույն հռչակագիրը դարձավ մարդու իրավունքները կարգավորող աշխարհում առաջին փաստաթուղթը: Մարդու իրավունքները եւ հիմնարար ազատություններն ամրագրվել են նաեւ ՀՀ Սահմանադրությամբ: Իսկ ՙՄարդու իրավունքների պաշտպանության մասին՚ Հայաստանի Հանրապետությունը օրենք ընդունեց 2003 թվականի հոկտեմբերի 21-ին:
Բոլոր պետություններն ու շահագրգիռ կազմակերպությունները ընդունել են այդ օրը եւ այդ ուղղությամբ անցկացնում են համապատասխան միջոցառումներ:
Օրվա խորհրդի շրջանակներում Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնում տեղի ունեցավ ՙՄարդու իրավունքների պաշտպանությունը՚ խորագրով հանդիպում-քննարկում: Հանդիպման կազմակերպմանը իրենց աջակցությունն էին ցուցաբերել Գեղարքունիքի մարզպետարանն ու ՙԱ.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն՚ ՀԿ-ի Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղը: Ներկա էին ուսանողներ, դպրոցականներ, հասարակական կազմակերպությունների, ԶԼՄ-ների, տարբեր խորհրդատվություններ իրականացնող իրավաբանական կենտրոնների ներկայացուցիչներ եւ այլն:
- Մեր երկրում մարդու իրավունքները պաշտպանելու, նրանց անվտանգությունն ամրապնդելու եւ ապագա սերունդների մեջ մարդու իրավունքների մշակույթ ձեւավորելու համար անհրաժեշտ է ապահովել որոշակի տեղեկատվություն ու հետեւողական աշխատանք,- բացման խոսքում ասաց Գավառի ՙՕրհուս՚ բնապահպանական տեղեկատվության հասարակական կենտրոնի ղեկավար Լիանա Ասոյանը:
ՙԱ.Դ.Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոն՚ ՀԿ Գեղարքունիքի տարածաշրջանային մասնաճյուղի տնօրեն Լուսինե Թոփլաղացյանն հանդիպաման ժամանակ մանրամասնորեն անդրադարձավ ՙՄարդու իրավունքներ՚, ՙՄարդու իրավունքների պաշտպանություն՚ հասկացությանն ու Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրին, որտեղ մասնավորապես ասվում է. ՙԲոլոր մարդիկ ծնվում են ազատ ու հավասար իրենց արժանապատվությամբ ու իրավունքներով: Նրանք ունեն բանականություն ու խիղճ եւ միմյանց պետք է եղբայրաբար վերաբերվեն՚:
Հանդիպման ժամանակ առաջ քաշվեց մարդու իրավունքների ոտնահարման երկու տարբեր օրինակներ, որոնց շուրջ մասնակիցները ներկայացրեցին իրենց տեսակետները:
Հասմիկ Գրիգորյան
0 comments:
Отправить комментарий