Փետրվարի վերջին հինգ օրերի ընթացքում Գեղարքունիքի մարզում դիտվել է կայուն եղանակ, ինչի շնորհիվ ճանապարհները սպասարկող կազմակերպությունները կարողացել են դժվարանցանելի կամ անանցանելի ճանապարհների վրա ապահովել անցանելիություն: Ինչպես <<ԳԵՂԱՄԱ ԱՇԽԱՐՀ>>-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության տրանսպորտի եւ ճանապարհաշինության բաժնի պետ Գեւորգ Խաչատրյանը, փետրվարի 21-ից Մարտունի -Գետափ միջպետական ճանապարհի երթեւեկությունը տեւական ընդմիջումից հետո ապահովվել է, իսկ հետագա երկու օրերի ընթացքում այստեղ ընթացել են ճանապարհի լայնացման եւ մշակման աշխատանքներ` այն ձյան կապանքներից եւ մերկասառույցից ազատելու համար: Վերջին երեք օրերի ընթացքում լայնացման եւ մաքրման աշխատանքներ են ընթացել նաեւ Վերին-Գետաշեն-Մադինա, Մաքենիս-Ախպրաձոր եւ բարձրլեռնային այլ համայնքեր տանող ավտոճանապարհներին: Իսկ մնացած ուղղություններում ասֆալտի շերտն արդեն ազատված է ձնից ու մերկասառույցից:
0 comments:
Отправить комментарий