ՁԵՐ ԳՈՎԱԶԴՆ ԱՅՍՏԵՂ

330x100 (3000-5000 դրամ)

четверг, 19 мая 2011 г.

ՄԱՐՏԱԿԱՆ ՕՐԵՐԻ ՀՈՒՇԵՐԻՑ


 ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿԻ ԾՈՑԱՏԵՏՐԻՑ
  Դուք` մեր մարտական կյանքի ընկերներ։ 
Կանգնած ենք ահա շիրմաքարերից ընդմիշտ ժպտացող ձեր ոգեղեն հայացքների դեմ։
Կարմիրգյուղցի Սերգեյ ու Զոհրապ եւ Թալիշցի Գիքոր ու Պավլիկ, Ռոբ ու Վանիկ եւ միշտ անբաժան մեկդ մյուսից, ո՜վ ցածրահասակ եւ աշխույժ Սմբատ, ո՜վ բարձրահասակ, ժպտուն Սլավիկ, եւ քո հասակով Պյատիգորսկից էլ ավելի շատ բարձր Սլավիկ....
 Նաեւ Ձեզանով կանգուն ենք ահա ձեր շիրիմների առաջ դառնացած, եւ հոգիս է լալիս անձայն ու տխուր։
1992 թ. հունիսի 15, 
Թալիշ գյուղում

Ու նաեւ Ձեզ հետ մտքերս են թռչում, պարզ է՝ դեպի ուր։
Ժպտում եք էլի այն նույն ժպիտով, ինչպես միշտ ժպտում եւ արհամարհում էինք մահվանը։
Ու կռվից հետո, դադարի պահին, ասում էինք միշտ ու երգում խրոխտ, խրոխտ ձայներով.
Երբ մարտադաշտում, կռվի թեժ պահին 
Կողքիդ մարտնչող ընկերն է զոհվում, 
Եվ նա եղել է բոլորի համար 
Որդի կամ էլ հայր, կամ էլ թե եղբայր, 
Ու թեպետ ցավից արցունքն է հոսում, 
Բայց լաց չեն լինում,
Քանզի զոհվածը,
Նահատակվածն է
Խոսում բարձրաձայն ու հրամայում՝
- Խփեք տղաներ, խփեք թշնամուն, 
Մեր բոլոր ընկած տղաների տեղ, 
Անուն առ անուն,
Խփեք թշնամուն։
 Սարի գագաթներով ձգվող  մարտական մեր դիրքերում միշտ օրումեջ   փոխում էինք մենք իրարու։ Մեկ ժամ գնում արագ– արագ եւ բարձրանում, մեկ ժամ իջնում, դանդաղ–դանդաղ վերադառնում էինք։ Ու երբ իջնում էինք գյուղը, դեպի Թալիշ, ճանապարհին բնությանը մտիկ էինք տալիս ու լցվում լի հպարտությամբ, որ մենք տերն ենք այս բնության։ 
Սովորաբար սարն է պատված լինում ամպով՝ սուզված ամպում։ Բայց այս անգամ, առավոտյան արեւ օրը, ամպն է ահա սուզվել ձորը։
Լցվել, հասել մինչեւ արահետ, խտացել է, ճերմակախիտ տեսք ստացել։
 Արահետը յուրահատուկ եզրագիծ է դառել ձորում լցված ամպի եւ վեր հառնող սարի միջեւ:
 Եվ քայլում  ենք կարծես  թե  ամպե  հատակով,  լույսն  ու  մեգը  իրար  խառնած,  ամպե ճամփով: Լույսն է բեկվում մեգի եզրում, մեգն է եզրում պայծառանում։ 
Իսկ քիչ ներքեւի այս ձորում ամպն է լցվել, այնքան լցվել պռկեպռունկ, որ տեղ չի անում։ 
Ճերմակախիտ ամպի ցավից թվում է, թե ահա ձորը կարտասվի…
 Եվ թափվում են արցունքները տակի ձորը քուլա-քուլա:
 Ու փոխվում են արցունքների  քուլաները մի ջրվեժի՝ 
Վերին ձորից ներքին ձորը՝ ճերմակախիտ ամպե ջրվեժ։
 Մեծ ու հատուկենտ ծառերի եւ կայմերի կատարներն են ամպից ծնվել ու վեր ցցվել։ Իրոք, հեքիաթային մի աշխարհ։ Ափսոս, որ ես նկարիչ չեմ։ 
Իսկ մի օր էլ...  
Իջանք սարից, հասանք գյուղի հանդակներին։ Հովիվը քշում էր հոտը եւ մերթընդմերթ հետն էլ ՙհո-հո՚ էր բղավում։
 Երբ որ արդեն պիտի հասնեինք հովվին, դու, Սլավիկ Թալիշեցի, մի ոտքդ քիչ կախ գցեցիր։
Տղաները մի քսան քայլ առաջ անցան։ Ու այն պահին, երբ հովիվը բարձր ձայնով մի հերթական ՙհո՚ բղավեց, նրա ձայնին հետեւեց քո ՙՀորովելը՚ էլ ավելի բարձր ձայնով ու մեկ տողով։
Տղաները շշմած հետ նայեցին։ Դու եւ հովիվն՝ իրար կողքի։ Դո՞ւ էիր արդյոք երգողը, թե՞ հովիվը։ Քո ձայնը դեռ այդքան բարձր չէինք լսել։
Իսկ մի օր էլ...
 Երբ գյուղ իջանք, Անդոն մեզ տուն հրավիրեց։ Ով Սլավիկ եւ Սմբատ, միշտ անբաժան դուք իրարից, ասացիք, որ քիչ կուշանաք։
Լվացվեցինք եւ մինչ սեղան կնստեինք, հենց բակի մեջ, ոտքի վրա օգտվեցինք բաղից քաղած ելակներից։ Ելակները պրծնում էին, եւ դուք ահա երեւացիք։ Մի բուռ ելակ առած ափիս, որոշեցի ձեր հոգու հետ մի լավ խաղալ։
 Երբ մտաք բակ, լվացվեցիք, նկատեցիք, որ ես, ընկած պատի վրա, ելակները հարեւանի բակից քաղում, ձեռքս եմ դնում ու մեկ-մեկ էլ ինքս եմ ուտում։ Մոտենում եմ ձեզ ժպիտով, ելակներով հյուրասիրում։ Երբ որ կերար, - այս ինչ լավն են,– դու ասացիր եւ գնալով դեպի պատը եւ նույն տեղում հասակով մեկ վրա ընկար, ով Սլավիկ, որ քաղեիր։ Բայց ի՞նչ քաղել, երբ որ այնտեղ բարձրությունից նույնիսկ մարդու խելք կմաղեր։ Դու շուռ եկար շատ զարմացած, հարցրեցիր։
-Բայց, որտեղի՞ց դու քաղեցիր։ 
Ծիծաղում ենք եւ հրճվում, դու ավելի ես զարմանում։ 
Նստեցինք սեղան եւ դու հարցնում ես՝
 - Ու՞ր է գինին՝ հողի արյամբ
Գավերն ուր են...                                             
Խմենք կենացը մայր հողի,
Ջան Ասատուր,   
Հանուն հողի, 
Բերիր, լցրու։  
Գավ տուր, գավ առ։
Գավերն իրար խփենք, Քյավառ...
Իսկ մի օր էլ...Մատաղիսի   դիրքերում   ենք։   Մթնշաղ   է։   Հեռու -  հեռվում   հորիզոնն   է   կայծակներից փայլատակում ու թրատվում, կամաց-կամաց մոտենում մեզ։
Մյուս կողմից  ՙԳրադ՚-ներն են կրակ ժայթքում ու որոտում։ Ու մերթընդմերթ կայծակներից, ՙԳրադ՚-ներից հորիզոնն է փայլատակում ու հրդեհվում, մի պահ մթնում. հետո կրկին փայլատակում։ Մեկ էլ հեռվում, հեռու-հեռվում հորիզոնը բռնկվեց ու փայլատակեց, եւ հրդեհը գետնից մինչ երկինք բարձրացավ։
Եվ, ի պատիվ այդ հրդեհի, գյուղը պահող մեր դիրքերից, բարձունքների ողջ երկայնքով, մեկ մարդու պես հոգու կանչով անթիվ լուսածիր գնդակներ մխրճվեցին երկինքն ի վեր։
Տղաները պայթեցրել  էին Միրբաշիրի վառելիքի ամբարները մեր թշնամու: Եվ վառվեցին դրանք մինչ լուսաբաց։
 Իսկ մի օր էլ, ամիսներ անց, հոգու ցավով ես իմացա, ով Սլավիկ եւ ով Սմբատ, որ զոհվել եք Չլդրանում, ականանետի կրակից, ու ինչպես միշտ, հենց նույն պահին, միշտ միասին, քնել հավերժ պատերազմի դաշտում:
Ես ինձ մեղավոր զգացի: Չէ որ բազմաթիվ անգամ ձեր աչալրջությամբ դուք մեզ հետ էիք պահել վտանգավոր քայլերից: Եթե ձեր կողքին լինեի, գուցե եւ այդպես չլիներ։
Հոգով, սրտով ես լաց եղա ձեր անդառնալի կորստի համար։
...Այս անգամ մեր ջոկատը շատ էր բազմակազմ՝ կամավորներ ամեն տեղից` Չարենցավան, Գավառ, Հրազդան, Երեւան, Կիրովական,  նույնիսկ՝ հեռու Պյատիգորսկ...
Երեւանում, առեւտրի տեխնիկումի շենքում լցված, զինվորական հանդերձներ էինք ստանում, կատակելով ասում-խոսում եւ հագնվում։ Հենց այդ պահին մեկը եկավ, մոտեցավ ինձ եւ քոլեցու լեզվով ասաց`
-Չե՞ս հիշում ինձ, չե՞ս ճանաչում։ Հենց ձեր բակում իմ ութ տարեկան ժամանակ ինձ  նվիրեցիր շատ սիրունիկ մի նապաստակ։ Մտաբերեցի ես իսկույն մորս կողմից մեր բարեկամ Ռոմեոյի տղային՝ Սերյոժային։ Մեծացել էր, հասակ առել ու մեծ տղամարդ էր դառել։
Հագնվեցինք եւ միջանցքում ձիգ շարվեցինք։ Փոխգնդապետ Պետրոսյանցը ողջունեց մեզ՝ թե հներին, թե նորերին։ Տվեց կարեւոր խորհուրդներ եւ հատկապես  շատ խոսեց ականներից։ Լավ հիշում եմ վերջին մասը նրա խոսքի՝
-Մեկդ մեկին  լավ կնայեք։ Զգույշ եղեք, որպեսզի զուր զոհեր չտանք։ Պատերազմի դաշտում միշտ էլ գործում են դաժան օրենքներ։ Ամեն վայրկյան կյանքն ու մահը իրար երեսի են նայում եւ որսում են հարմար պահը։ Մի աննշան, թյուր վրիպում, եւ     դու կյանքով   ես հատուցում։ .
 Բարին ընդ ձեզ, արին ընդ ձեզ:
 Երեկոյան հինգն անց կեսին նստեցինք ՙԻկարուսները՚ եւ շարժվեցինք։
 Տեղ հասանք վաղ առավոտյան։ Մի օր էլ մնացինք գյուղում՝ Դրմբոնում, մեկս մեկին լավ մոտիկից ծանոթացանք։
 Բարձրահասակ Սլավիկը ընտանիքով՝ զավակների եւ կնոջ հետ, իր պապերի արյան կանչով, Պյատիգորսկից ուղեւորվել Էր Երեւան, որ պաշտպանի կյանքում դեռեւս չտեսած հայրենիքը իր պապերի։
 Խոստացանք` երբ վերադառնանք, Հայաստանով լավ պտտենք: Լավ խոսում Էր ռուսերեն, հայերենը լավ հասկանում, բայց մի կերպ էր խոսում։ Մենք Էլ նրա հայերեն նոր ասված ամեն խոսքի վրա ուրախանում, հրճվում Էինք։ Մի շատ փոքրիկ ձայնասփյուռ ուներ ձեռքին։ ՙԱմերիկայի ձայնն՚ Էր որսում ու լսում։
Դրմբոնում, ծառի տակ, շտաբի բակում, խոսում Էինք ու կատակում։ ՙԵռանկյունի՚ կինոնկարից մի հատված պատմեցի նրան։ Ոչ տեսել Էր, ոչ Էլ լսել, թե ինչ Է պատվիրում մայրը բարձրահասակ իր տղային՝ Աշխարհաբեկին, երբ փաթաթված համբուրում Է եւ մարտադաշտ ճանապարհում.
-Կռվի պահին, սիրուն բալաս, դու կուզեկուզ պիտի ման գաս, որ գնդակը քեզ չդիպչի։ 
Դիրք ելնելուց տաս օր հետո իր անզգույշ քայլի համար Կիրովականի խմբի տղաներից մեկը զոհվեց։
 Քսան օր անց վիրավորվեց ռուսախոս Սլավիկը։ Հմուտ Սլավիկին որսաց թշնամու դիպուկահարի գնդակը, երբ նա փորձում էր դուրս գալ խրամատից: Սլավիկի խոցվելուց վրդովված թալիշեցի Գիքորը ձեռքի գնդացիրը վերցրեց եւ, չերկյուղելով ոչնչից, բացճակատ դուրս եկավ թշնամու դեմ: Նա գնդակոծում էր թշնամուն՝ առանց դադար տալու: Նա գոռում-գոչյուններն անտեսում էր եւ չէր իջնում խրամատ: Տղաները վազեցին նրա հետեւից՝ նրան խրամատ հետ բերելու համար, սակայն, ավաղ, նրանք ուշացան... Դիպուկահարի գնդակը Գիքորին էլ գտավ: Նա զոհվեց դիրքերի վրա: Գիքորը ամիսներ առաջ վիրավորվել էր, ապա՝ վիրահատվել ազդրաաճուկային մասում, սակայն վիրավորվելու եւ վիրահատության հետեւանքները շարունակում էին անհանգստացնել նրան: Չամոքված վերքերով նա դարձյալ միացավ կռվողներին: Սլավիկի թիկունքից վիրավորվելուց հետո չկարողանալով զսպել իր մեջ կուտակված  զայրույթը՝ նա բացահայտ մարտի դուրս ելավ ընդդեմ թշնամու, որը միշտ առաջինն էր խախտում կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը:
 Հոսպիտալի ճանապարհին, ներսից արյունաքամ եղած, իր պապերի հայրենիքը դեռ չտեսած, կարոտը իր ցավոտ սրտում հանգավ  նաեւ Սլավիկը: 
 Գանձակցի Մեհրաբյան Խաչիկը /տեղացիները նրան նմանության պատճառով անվանում էին փոքր Գիքոր/, լսելով Գիքորի խոցվելը, անավարտ չթողեց նրա կրակահերթը. այս անգամ խրամատում քողարկված իր դիրքից գնդակների տարափ տեղաց թշնամու դիրքերի վրա: Մի պահ լռեցին թշնամու զենքերը, հասկանալի էր, որ նրանք կորուստներ տվեցին: Քիչ անց թշնամու բոլոր կրակոցները ուղղություն վերցրեցին դեպի Խաչիկի դիրքը: Մենք շարունակում էինք կողքից կրակել՝ շեղելու համար թշնամու ուշադրությունը, սակայն թշնամին չդադարեց գնդակոծել նույն ուղղությամբ:    
 Հետագա ամիսների ընթացքում զոհվեցին նաեւ ուրիշ քաջ տղաներ՝ կարմիրգյուղցիներ Սերգեյ ու  Զոհրապ, Թալիշ ջոկատի հրամանատար Վանյա, Պավլիկ, հետախուզական ջոկի հրամանատար Շամո...Ում ասեմ, ում թողնեմ՝ ահել, ջահել ու բոլորով հայ արիներ եւ մեր հարատեւման ուխտի պայծառ ջահեր։
 Փառք տանք ՀԱՅ ՈԳՈՒՆ։ Քանի-քանի տեղ շատ քիչ ուժերով հայը կռիվ տվեց թշնամու դիմաց: Եվ նա միշտ հաղթեց, քանզի թիկունքում շարունակ կանգնած էին եւ օգնում Էին իր կողքին զոհված ընկերների ոգիները:
 Ամեն առավոտ, արեւածագին, երկինք մխրճված նրա շողերին տեսնում եմ  հստակ, լուրջ ու ժպտացող, ընդդեմ թշնամու շանթող ու ցասկոտ վառ հայացքները հայկյան հին ու նոր նահատակների, հայ արիների, որոնք լույս դարձան հանուն հայրենյաց ճամփին հավերժի։
Ամեն առավոտ ես իմ խոսքերն եմ հղում առ Արեւ, նրա շողերին՝
 –Փառք քեզ, հայ Արեւ, փառք Ձեզ, հավերժ փառք սուրբ մեծություններ, հայկյան աշխարհի զավակներ արի։
 Հ. Միրիբյան

0 comments:

Отправить комментарий

Share

Twitter Delicious Facebook Digg Stumbleupon Favorites More