Գյուղատնտեսության զարգացման, բարձր բերք ստանալու համար մարդիկ շարունակում են օգտագործել քիմիական պարարտանյութեր եւ այլ դեղամիջոցներ, որոնք, նպասելով արտադրության բարձրացմանը, դանդաղ վնասում են մարդու առողջությանը  եւ թունավորում  հողն ու ջուրը: Թերեւս այդ է պատճառը, որ աշխարհում այժմ քիմիական երկրագործությունից անցում է կատարվում կենսաբանական երկրագործության: Եվ այսօր, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ մեր մարզում կիրառություն է գտել կենսահումուսը` Վերմիկոմպոստը, որի արտադրությամբ Գավառ քաղաքում զբաղվում է  ֆերմեր Կարապետ Դավոյանը: Այս կենսահումուսը ստացվում է կալիֆոռնիական որդի գործունեության հետեւանքով: Այսպես, Սեւանա լճի արեւմտյան հատվածը շրջապատող Գեղամա լեռների բարձրլեռնային եւ ալպիական մարգագետինների հյութալի բույսերն արածող անասուների գոմաղբով կերակրվում են Կալիֆոռնիայից բերված եւ Հայաստանում բազմացված հատուկ անձրեւաորդերը, եւ նրանց արտադրությունը դառնում է այն կենսահումուսը, որը ոչ միայն օգտակար է քիմիական, այլ նաեւ 15-20 անգամ ավելի արդյունավետ է օրգանական այլ պարարտանյութերից: 
 Ինչպես տեղեկացրեց ֆերմեր Կարապետ Դավոյանը` կալիֆոռնիական որդերը Գավառում պահվում, խնամվում, բազմացվում են գոմում` պարզագույն միջոցների  ու մեթոդների կիրառմամբ:  Ստացված կենսահումուսը  համեմատաբար  էժան է մյուս տեսակի քիմիական կամ անօրգանական պարարտանյութերից: Որդի  բազմացումը նպաստավոր է գարնան ու աշնան ամիսներին: Մեկ զույգ որդը 1 տարվա ընթացքում կարող է բազմանալ եւ դառնալ 1500 հատ: 
 ՙՇեն՚ բարեգործական-հասարակական կազմակերպության միջոցով արդեն ՀՀ տարածքում լայն կիրառություն է գտել կենսահումուսի օգտագործումը տնտեսություններում, իսկ մեր մարզում մեծ հետաքրքրություն է ցուցաբերում ՙՎորլդ Վիժն՚ ՀԿ-ն, որը գյուղատնտեսկան ծրագիր իրականացնելու նպատակով  ցանկանում է անձրեւաորդերը գնել ու բաժանել համայնքային տնտեսություններին, որոնք եւ տեղերում կարտադրեն կենսահումուս: Կարեւոր է նաեւ նշել, որ կենսահումուսի ստացման արդյունքում ոչ մի գրամ գոմաղբ չի  կորչում` 100 տոկոս գոմաղբից  ստացվում է 60 տոկոս բիոհումուս, իսկ մնացած 40 տոկոսը նույնպես օգտակար է գյուղատնտեսության մեջ օգտագործելու համար:
 Հողի ագրոքիմիական, ֆիզիկաքիմիական եւ կենսաբանական կառուցվածքի վրա այս կենսահումուսն ունի բազմակողմանի դրական ազդեցություն. նրանում կուտակված են բույսերի կողմից անմիջականորեն յուրացվող մակրո եւ միկրո տարրեր: Կենսահումուսն ունի նաեւ աճը խթանող նյութեր` վիտամիններ, հակամանրէներ, 18 ամինաթթուներ եւ ապահովում է միկրոֆլորա:
 Կենսահումուսը կարող է օգտագործվել  հատկապես խտացված սննդանյութեր պահանջող բույսերի համար: Այն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ ակտիվ նյութեր` աուկսիններ, հետերոաուկսիններ եւ այլն, որոնք զգալիորեն մեծացնում են բույսերի, հատկապես սածիլների կենսունակությունը, արագացնում սերմի աճը եւ բույսերի ընտելացումը հողին, բարձրացնում բույսերի դիմադրողականությունը հիվանդությունների նկատմամբ, ազդում նրանց աճի եւ զարգացման վրա` դրանով իսկ նպաստելով բարձր կենսաբանական որակ ունեցող արտադրանքի ստացմանը, որը կարող է երկար պահպանվել: Կիրառելի է բոլոր տեսակի հողատեսքերի, դաշտերի, մարգագետինների, տնամերձերի, ջերմոցների, տնային բույսերի համար:
 Կենսահումուսն ունի նաեւ այլ հատկություններ` խոնավությունը կուտակող եւ պահպանող, ունի մեխանիկական ամրություն: Հողին ավելացվող կենսահումուսի չափաքանակը կախված է նրա մեջ պարունակվող սննդարար բաղադրամասերի քանակից, հողի օրգանական զանգվածից եւ գյուղատնտեսական բույսերի տեսակից: Կենսահումուսը կարելի է օգտագործել նվազ բերրի հողերի վերականգնման համար: Այդ տիպի հողերին 4 տարին մեկ անգամ մեկ հեկտար տարածքին ավելացնում են 3 տոննա կենսահումուս:
 Կենսահումուսը չի պարունակում մոլախոտ եւ բույսերի աճին խանգարող նյութեր: Որոշակի տեսակի բույսերի (օրինակ` ջերմոցային) սածիլների աճեցման համար առավել նպատակահարմար է օգտագործել հեղուկ վիճակում` խառնելով ջրի հետ:
Հետաքրքիր մի հանգամանք եւս` որդը մեծ քանակությամբ սպիտակուց է պարունակում: Այն կարելի է չորացնել եւ կերի հետ խառնելով` կերակրել ինչպես մանր ու խոշոր եղջերավոր անասուններին, այնպես էլ թռչուններին ու ձկներին:
Քրիստինե Գրիգորյան













 
 
 
 
 
 
 
 
0 comments:
Отправить комментарий